Սերժ Սարգսյանն իրեն ավելի անվստահ է զգում, դրա համար էլ գնաց այդ քայլին

0

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, օրերս Սերժ Սարգսյանն ասաց, որ հնարավոր է՝ ինքն առաջադրվի վարչապետի թեկնածու՝ հավելումով, որ այս տարիներին նոր լիդերներ կպատրաստի։ Արդյոք այս մեկնաբանությունն անսպասելի էր։ Ի՞նչ եք կարծում՝ նրա առաջադրումը կարո՞ղ է ռեզոնանս առաջացնել հասարակության մոտ։

Այն, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունն իր ձեռքում պահեր, ինձ համար կասկած չէր հարուցում ի սկզբանե։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունը նախատեսված էր հենց նրա համար, որ նա շարունակի մնալ իշխանության գլուխ, նայած, թե ինչ անվանումով դա կլիներ։ Մի պահ ես մտածում էի, որ նա կարող է բրեժնևյան տարբերակին գնալ, այսինքն՝ լինի միայն կուսակցության նախագահը և այդպես ղեկավարի, որի դեպքում եթե հաջողի, դրանք իրեն վերագրի, իսկ եթե չհաջողի՝ վարչապետ փոխի և մեղադրի վարչապետին։ Սա բրեժնևյան կամ ստալինյան տարբերակն է։ Չմոռանանք, որ Ստալինն իր կառավարման 29 տարիներին միայն 4 տարի է պաշտոն ունեցել։ Մնացած 25 տարիներին նա զուտ կուսակցության ղեկավար է եղել, բայց դա չի խանգարել նրան մարշալների գնդակահարել, նախարարների փոխել և այլն։ Ես հավանական էի համարում, որ Սերժ Սարգսյանն այս տարբերակին կարող է գնալ։ Չմոռանանք, որ երբեմն հնչեցնում էին առաջնորդ անունը։Հիմա ինչու նա հստակ հայտարարեց, որ գնում է վարչապետի պաշտոնին։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ինքն իրեն ավելի անվստահ է զգում։ Նա հասկանում է, որ Հայաստանում վստահելի մարդ չունի, ում էլ նշանակի վարչապետ, ով երկրի տեր ու տնօրենն է լինելու և ավելի շատ լիազորություններ է ունենալու, քան նախկին նախագահը, հնարավոր է, որ այդ նոր մարդն ամբողջ իշխանությունն իրենով անի և մի կողմ մղի Սերժ Սարգսյանին։ Թեև, ի վերջո, ՀՀԿ-ն Խորհրդային կոմկուսը չի, դա պաշտոնյաների արհմիություն է։

Ի՞նչ կհաջորդի Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն։ Ընդդիմադիր ուժերը փորձում են համախմբվել ու ժողովրդին ոտքի հանել՝ թույլ չտալու համար Սերժ Սարգսյանի վարչապետացումը։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս օրակարգով համախմբումը, թե՞ սա հերթական հիասթափության ալիքն է բերելու։

Համախմբումը ես չեմ բացառում, բայց արդյունքի վրա փոփոխություն ես չեմ տեսնում։ Անգամ համախմբված ընդդիմությունը շատ թույլ է, և դա ընդդիմության մեղքը չէ։ Նման տոտալիտար երկրում, որտեղ մի անձ ամբողջությամբ տիրում է ամեն ինչին, բոլոր ռեսուրսներին՝ նյութական, տեղեկատվական, իր համար օրենք է գրում, ընդդիմությունը ոչինչ չի կարող անել։ Դու չես կարող մի երկրում, որտեղ օրենքը պատվերով է գրվում և պատվերով է իրականացվում, այդ միջոցներով հասնել հաջողության։ Այո, կարող է ընդդիմությունը միավորվի, ցույցեր անի։ Ասենք 5 հազար մարդ հանեց փողոց, Սերժ Սարգսյանն էլ 5 հազար ոստիկան կհանի։ Ընդդիմությունը 50 հազար մարդ կհանի փողոց, Սերժ Սարգսյանն էլ կկրակի, մենք դա տեսել ենք։ Չկասկածեք, որ հենց այդպես կլինի։ Ցավոք սրտի, մենք հասել ենք մի վիճակի, որտեղ իշխանությունը չի թաքցնում, որ հայտնի բառերով ասած՝ համ մուրճն է մեր ձեռքը, համ մեխը, ինչ ուզենք կանենք։ Ու դա ցույց է տալիս պարբերաբար, տարբեր դրսևորումներով, տարբեր դատավարություններով, տարբեր անարժան մարդկանց կոչումներ ու շքանշաններ տալով, արժանավորներին պատժելով։ Սա ցույց է տալիս, որ նա բացարձակ տնօրինում է ամեն ինչ։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մերկ ձեռքերով գնալ պայքարի։ Ասում է, որ դա իրենց համար կարմիր գիծ է, բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։ Մյուս կողմից նշվում է, որ իշխանությունը սպառել է «մարտի 1» կազմակերպելու, ժողովրդի վրա կրակելու ռեսուրսը։

Իսկ ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանը։ Հենց որ նա ասեր՝ զենք վերցրեք, եկեք զենքով տապալենք այս իշխանությունը, նրան կբռնեին, քրեական հոդված կա դրա համար։ Բնականաբար, դա պետք է ասեր։ Ես կարծում եմ՝ կապ չունի ձեռքերը վերև, թե ներքև։ Այս ռեժիմն արդեն հասարակական կարծիքի կարիքը չունի, որ մտածի՝ վայ, բա ինչ կմտածեն իմ մասին։ Ու այս ամբողջատիրությունն ավելի է խորանալու։ Սերժ Սարգսյանը ձեռքի հետ փորձում է Արևմուտքին սիրաշահել փող պոկելու համար, դա էլ չի ստացվում։ Մյուս կողմից, տեսնում ենք, որ պուտինյան Ռուսաստանում ավելի է ուժգնանում ավտորիտարիզմը, նույնի գավառական կատարմամբ իրավիճակ կունենանք Հայաստանում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, Հայաստանում պաշտոնական տվյալներով մեկ մլն աղքատ կա, եթե այդ  մեկ մլն-ը դուրս չի գալիս փողոց, ոչինչ անել հնարավոր չէ։ Մի խումբ նվիրյալներ ոչինչ չեն կարող անել, մյուս կողմից բարոյական չէ, ինչո՞ւ ես պետք է այդ աղքատի համար դուրս գամ փողոց, իմ կյանքը, առողջությունը, բարեկեցությունը վտանգեմ, իսկ ինքը տանը նստի սպասի, թե ոնց պիտի ես իր համար բարեկեցիկ կյանք ստեղծեմ։ Անընդհատ բողոքում են, որ կյանքը վատ է, թալանում են, էս են անում, էն են անում, դե թող դուրս գան փողոց։

Իսկ ի՞նչն է պատճառը, որ հանրությունը դուրս չի գալիս փողոց։ Անգամ թանկացումները չունեցան նման ազդեցություն։ Համակերպվե՞լ է իրավիճակին, թե՞ անվստահություն կա նաև ընդդիմադիր ուժերի նկատմամբ։

Կարծում եմ՝ առաջնային գործոնն այն է, որ հանրությունն իր հույսն այլևս Հայաստանի հետ չի կապում։ Հանրությունը որպես պայքարի առաջնային զենք ընտրել է արտագաղթը։ Այսինքն՝ անհատական բռնության ճանապարհն են բռնել։ Իրենք չեն հավատում, որ անգամ իշխանափոխությունից հետո լավ կլինի, չեն հավատում, որ դժվարությունները միայն սուբյեկտիվ են, միայն անհատներից են կախված։ Կան օբյեկտիվ դժվարություններ՝ շուկայի փոքրություն, պատերազմական վիճակ և այլն։ Արտագաղթը այդ ամենի ամենալավ ցուցանիշն է։ Ծերերը մտածում են՝ դե քիչ է մնացել, ապրենք գնանք, երիտասարդներն էլ մտածում են երկրից հեռանալու մասին։ Այստեղ պատասխանատվությունն իշխանության վրա է։ Իշխանությունը որքան էլ կաշառակեր է, որքան էլ մտածում է սեփական իշխանության մասին, գոնե պետք է բարոյական պատասխանատվություն ունենա երկրի ապագայի համար։ Պատերազմը շատ սպասելի է, ու եթե ժողովուրդը չի կարողանում իր ու իր ընտանիքի շահերը պաշտպանել, ինչպե՞ս է կարողանալու պետության շահերը պաշտպանել։ Դա չի անելու։Ժողովրդին ես չեմ մեղադրում, նա անում է առավելագույնը։ Եթե տեսնեք, տարբեր երկրներում այս վիճակում, երբ մի քիչ իշխանություններին դեմ խոսելու դեպքում աշխատանքից են հեռացնում, ընդհուպ մինչև դատում են, իրավիճակը սա է լինում։ Օրինակ, երբ նայում ենք ցարական Ռուսաստանի պատմությունը, երբ փորձեցին նարոդնիկները ժողովրդին ոտքի հանել, չստացվեց, գնացին անհատական տեռորի տարբերակին։ Ցավոք, ես կանխատեսում եմ, որ մեծ մասը պայքարելու է դասական ձևով՝ արտագաղթով, իսկ փոքր մասը դիմելու է ծայրահեղ միջոցների։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետի արժանի թեկնածու չգտավ, դրա համա՞ր է որոշել ինքնաառաջադրվել։ Եթե գտներ իրեն հավատարիմ մեկին, կզիջե՞ր այդ պաշտոնը։

Ես չէի ասում, որ անպայման այդպես կլինի, ես հավանական էի համարում, քանի որ դա նրան ձեռնտու տարբերակ էր, երբ կարելի կլիներ պատասխանատվությունը դնել մեկ ուրիշի վրա։ Քանի որ իրավիճակը ցույց է տալիս, որ չկան վստահելի մարդիկ, ինքը գնաց այս ճանապարհով։ Ինչ վերաբերում է նրան, որ ինքն ասում է՝ ժառանգորդ պետք է պատրաստեմ, այստեղ ուրիշ խնդիր կա։ Ժառանգորդ պատրաստելու համար կա ժառանգավորաց վարժարան, դիմում են վարժարան և պատրաստում են։ Ժառանգորդ պատրաստելու համար ինքը 10-15 տարի ժամանակ ուներ։ Հետո նա ի՞նչ իրավունքով է ժառանգորդ պատրաստում։ Ժողովուրդը պետք է որոշի, պետք է ժողովրդին տալ իր սահմանադրական իրավունքը, և նա էլ պետք է իր ազատ կամարտահայտությամբ ընտրի Պողոսին, Պետրոսին կամ մյուսին։ Եթե կսխալվի, 4 տարին մեկ կփոխի իր առաջնորդներին։ Իսկ հիմա աղճատված է ամեն բան։ Մենք այսօր անգամ նախագահ ընտրելու իրավունքից ենք զրկված։Ըստ էության, մենք  գնացել ենք կատարյալ կուսակցապետության, որտեղ ընտրություններն իրականացվում են առերես համամասնական, բայց էության մեջ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգով, որովհետև անձի է տրվում ձայնը։ Այն էլ աղճատված վարկանիշային տարբերակ է մտցված, որ այդ դեպքում կարող է հաղթել միայն այն ուժը, որն ունի ամենաշատ ռեսուրսը՝ փող, վարչական լծակներ, մեդիա ռեսուրս և այլն։ Այս համակարգը շատ ավելի հետադիմական վարչաձև է, քան Խորհրդային Միության տարիներին։ Այն ժամանակ գոնե սահմանադրորեն և օրենքով երկրի վիճակն ավելի լավ էր։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache