Լրահոս

Սերժ Սարգսյանն օգտագործում է առավելությունը

 

5581f5df5880d857b4a79a5c01983cf4

1in.am —  Ազգային համաձայնության կառավարության գաղափարը, որ օգոստոսի 1-ի իր ելույթում հրապարակ բերեց Սերժ Սարգսյանը, ըստ էության գիծ է քաշելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացում: Ամենայն հավանականությամբ, այդ կառավարության մոտավոր կազմը կուրվագծվի արդեն իսկ նախընտրական շրջանում, և ըստ այդմ պարզ կլինի, թե որ ուժերն են հավակնում լինել այդ կառավարության մաս, իսկ որոնք են մնում դուրս:

Եթե մնա օգոստոսի 1-ին սահմանված չափանիշը կամ չափորոշիչը, ապա արդեն իսկ հնարավոր է ասել, որ ազգային համաձայնության կառավարության մաս են կազմելու այն ուժերը, որոնք «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունից հետո հանդես եկան այն դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով վայր դնել զենքը: Այդպիսով՝ հնարավոր է ուսումնասիրել հայտարարությունները և ըստ այդմ եզրակացնել, թե ովքեր են ազգային համաձայնության կառավարությունում ընդգրկվող առաջնային հավակնորդները:

Տրամագծորեն հակառակ, այսինքն՝ «Սասնա ծռերի» քայլն ուղղակիորեն ողջունող ուժեր կարծես թե չեղան, բայց եղան ուժեր, որոնք հանդես չեկան զենքը վայր դնելու միարժեք կոչով: Այստեղ, սակայն, այդ ուժերին պետք է բաժանել երկու մասի: Քաղաքական ուժեր, որոնք փորձեցին կառավարել ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջացող հանրային ալիքն ու այն պահել, այսպես ասած, ցնցումներ չենթադրող տրամաբանության մեջ, և եղան քաղաքական ուժեր, որոնք ստեղծված իրավիճակում փորձեցին քննադատության հիմնական մեխն ուղղել իշխանությանը՝ այս կամ այն կերպ փորձելով օգտագործել հանրությանը:

Այդպիսով, ըստ էության, առաջանում է քաղաքական ուժերի երեք կատեգորիա՝ իշխանությանը սատարածներ, կատարվածն իշխանության դեմ օգտագործողներ և ուժեր, որոնց վարքն ընդհանուր առմամբ, պայմանականորեն, տեղավորվում է այդ երկու տարբերակների միջև: Եվ այստեղ հետաքրքրական է դառնում, թե ինչ դիրքորոշում են ունենալու այդ ուժերը ազգային համաձայնության կառավարության հարցում, և իշխանությունն ինչ դիրքորոշում է ունենալու այդ հարցում հենց տվյալ կատեգորիայի ուժերի դեմ:

Առաջիկայում հավանաբար հնարավոր կլինի իրավիճակը շոշափել արդեն առավել անվանական՝ քաղաքական զարգացումների ծավալմանը զուգահեռ: Նկատելի է, որ քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ չի շտապել արձագանքել Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրին: Իհարկե, դեռ պետք է հասկանալ՝ դա ուղղակի օրակարգային ծուղա՞կ է, թե՞ լուրջ առաջարկ՝ որոշակի հեռանկարով:

Նախ՝ բոլորին հետաքրքրում է, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում: Եվ առաջիկա ժամանակահատվածում, իհարկե, բոլորը ձգտելու են հասկանալ հենց այդ մտքինը: Իսկ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ: Ոչ այն պատճառով, որ Սարգսյանը գաղտնապահ է: Խնդիրը առավել ընդգրկուն է:

Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մեծ շարժերի կիզակետում: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մտքինը կախված է ոչ այնքան Սերժ Սարգսյանից, ինչքան աշխարհաքաղաքական շարժերից: Դրանց հետևանքով կարող են ստեղծվել անկանխատեսելի վիճակներ, և Սերժ Սարգսյանն ինքը կարող է մի քանի օր, շաբաթ կամ ամիս անց հայտնվել բոլորովին նոր իրավիճակում, որը նրանից կպահանջի բոլորովին նոր սցենարներ բերել ներքաղաքական դաշտ, խաղարկել բոլորովին նոր տարբերակներ: Հետևաբար, հասկանալով այդ ամենը, ներքաղաքական դաշտում Սարգսյանի որևէ առաջարկի հանդեպ վստահությունն օբյեկտիվորեն չի կարող լինել քիչ թե շատ շոշափելի:

Դրան զուգահեռ՝ քաղաքական դաշտի համար խնդիրն այն է, որ արտաքին քաղաքական խաղացողները գործնականում հրաժարվում են Սերժ Սարգսյանից բացի՝ Հայաստանում որևէ այլ սուբյեկտի հետ ունենալ խորքային քաղաքական հարաբերություն: Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունն, իհարկե, պայմանավորված է նրա իշխանական կարգավիճակով և ըստ էության չունի խորը քաղաքական բնույթ: Բայց մյուս ուժերը, չունենալով ինքնին հարաբերություն ենթադրող կարգավիճակ, չեն կարողացել նաև իրենց գործունեությանը հաղորդել այնպիսի քաղաքական բնույթ, որը գործընկերային պոտենցիալ կներկայացնի աշխարհաքաղաքական դիմակայության կա՛մ մի բևեռի համար, կա՛մ մյուսի, այսինքն՝ կա՛մ Արևմուտքի, կա՛մ ՌԴ-ի համար: Կա՛մ որևէ առանձին աշխարհաքաղաքական քիչ թե շատ նշանակալից կենտրոնի համար՝ լինի դա որևէ եվրոպական մայրաքաղաք թե, օրինակ, Թեհրանը:

Հայաստանի քաղաքական ուժերը լիովին հրաժարվել են արտաքին քաղաքականությանը առնչվող, տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական խնդիրներին առնչվող կոնկրետ գաղափարներ, մտադրություններ, նախաձեռնություններ ենթադրող գործունեությունից և դիրքորոշումից՝ այդպիսով զրոյացնելով սեփական հետաքրքրության պոտենցիալը:

Պատահական չէ, որ այդ առումով Հայաստանի ներքաղաքական դաշտում կա որոշակի կոնսենսուս արտաքին քաղաքականության առնվազն հիմնաքարային խնդիրների վերաբերյալ: Իսկ քանի որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որը հանդիսանում է աշխարհաքաղաքական մրցակցության հիմնական հանգույցներից մեկը, առավել ևս Հայաստանին անմիջականորեն առնչվող խնդիրներով, ապա այդ մրցակցության գերակտիվ փուլերում անհնար է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ՝ առանց պատասխանատու և առարկայական կերպով շոշափելով արտաքին նշանակության խնդիրներ:

Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերը զրկված են անգամ կարճաժամկետ խոշոր օրակարգեր ձևավորելու հնարավորությունից՝ ի տարբերություն իշխանության կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանի:

Սարգսյանն օգտագործում է այդ առավելությունը հմտորեն՝ արագորեն փոխելով օրակարգերը և ստիպելով քաղաքական դաշտին քայլել իր հետևից, ընդ որում, անկախ այն բանից՝ ընդունո՞ւմ են օրակարգը, թե՞ ոչ: Դա էլ բերում է Հայաստանի հավաքական քաղաքական ամլության՝ օգնելով իշխանությանը լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակում պահպանել սեփական դիրքերը և չգնալ անգամ էական փոխզիջումների:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...