Լրահոս

Սերժ Սարգսյանն ու էլիտար բոմժերը

 

Երբ տարիներ առաջ օլիգարխներին զգուշացնում էին, որ «մեկ օլիգարխի պետություն» ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանն իրենց բոլորին բոմժ է դարձնելու, որոնք երևի մտքում ծիծաղում էին ու հիմա էլ երևի շարունակում են ծիծաղել, որովհետև, իրենց կարծիքով, այդ կանխատեսումները սխալ դուրս եկան. իրենք լավ էլ շարունակում են «տժժալ»:

Որովհետև, իրենց կարծիքով, մարդու բոմժ լինել կամ չլինելը որոշվում է սեղանի ճոխությամբ, բանկային հաշվի մեծությամբ, թիկնազորի քանակով, ջակուզիի չափերով և այլն: Իսկ որ իրենք իրենց «ճշտով աբրած կյանքը» մի կողմ թողած՝ ստիպված են չորստակ ծալվել կոմսոմոլի նախկին ակտիվիստի կամ ժելեած մազերով որևէ դուրսպրծուկի առջև՝ դա հեչ: Դա բոմժություն չի, դա իրենց նորմալ վիճակն է: Հետո՞ ինչ, որ նույնիսկ ամենամոտիկներով, մի սարի վրա, մի կորած-մոլորված ծառի տակ մի կտոր հաց ուտելիս էլ են վախից մի քանի անգամ խմում «նախագա ջան»-ի կենացը (մարդ ես, ժուչոկ-բան կլինի, կամ էլ մոտիկներից մեկը խաբար կտա):

Ի դեպ՝ բոմժ բառը ռուսերեն հապավում է (бомж – без определенного места жительства) և առավելագույնս ճշգրիտ է բնորոշում այսօրվա օլիգարխներին ու կիսակրիմինալ մուլտիմիլիոնատեր «լավ տղերքին»: Սրանք իսկապես բնակության որոշակ վայր չունեն, որովհետև շեֆի կամքից է կախված, թե որտեղ կապրեն վաղը՝ իրենց դղյակներո՞ւմ, մոտակա քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ որևէ բարեկեցիկ երկրում (որտեղ վաղուց բիզնեսներ են հիմնել, որ եթե հանկարծ սիրասուն հայրենիքի գլխին մի փորձանք գա՝ նախօրոք թռնեն):

Սերժ Սարգսյանն էլ է ճիշտ նույն վիճակում, որովհետև ինքն էլ վստահ չէ, թե որտեղ է ապրելու, ասենք, մեկ-երկու կամ հինգ տարի հետո: Համենայն դեպս՝ հաստատ Ստեփանակերտ չի վերադառնա (ինչքան Քոչարյանը վերադարձավ՝ այնքան էլ ինքը կվերադառնա): Դրա համար ազգուտակի մեջ մեկը չկա, որ արտասահմաններում լուրջ բիզնեսներ չունենա: Ու եթե սիրասուն հայրենիքի գլխին մի փորձանք պատահի՝ որևէ երկրում կտեղավորվի ու հուշեր կգրի կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Հոկտեմբերի 27-ի մասն էլ Ալիկին կտա, որ մասնագիտորեն խմբագրի: Բա հո Քոչարյանի նման Աֆրիկաներով չի՞ թափառելու: Նախասիրություններն են տարբեր: Մոնտե-Կարլո կա, Լաս-Վեգաս կա, Բադեն-Բադեն կա…

Սերժ Սարգսյանն, ի դեպ, ասում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց եթե ծաղրածուներին ֆրակներ հագցնես ու տոմսերն էլ եռակի թանկացնես, դրանից կրկեսը բարձրաշխարհիկ օպերա չի դառնա:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing