Լրահոս

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանն ամեն ինչ գցեցին տեղը

 

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարեւոր խնդրի կատարման գործում: ՌԴ-ն շատ մեծ ավանդ է ներդնում այդ պայքարում, եւ մենք պետք է կրենք թե՛ այդ պատասխանատվության, թե՛ այդ ջանքերի ինչ-որ մասը», Միր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը, խոսելով ահաբեկության, մասնավորապես ԻԼԻՊ դեմ պայքարի մասին:Ի՞նչ է նշանակում Սարգսյանի հայտարարությունը Ռուսաստանի ջանքին ավելի աշխույժ աջակցելու մասով: Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը:

Այն, որ Հայաստանը Մերձավոր Արեւելքի իրադարձությունների հարցում ունի անմիջական շահագրգռություն այնտեղ ապրող հայության կյանքի եւ անվտանգության մասով, աներկբա է: Եվ ցանկացած գործողություն, որ կատարվում է Մերձավոր Արեւելքում եւ նպաստում հայության անվտանգությանը, թերեւս պետք է արժանանա Հայաստանի դրական արձագանքին ու աջակցությանը:Սակայն տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը խոսում է Ռուսաստանի գործողությունների պատասխանատվությունն ու ջանքը կիսելու մասին, ըստ այդմ առաջացնելով հարց՝ ինչպե՞ս, հատկապես ինչի՞ պատասխանատվությունը եւ ջանքը ի՞նչ տեսքով:Ռուսաստանի գործողությունները ԻԼԻՊ դեմ պայքարում ամենեւին թելադրված չեն հայությանը փրկելու մղումով, թեեւ իհարկե դրանք կարող են ի վերջո նպաստել նաեւ Սիրիայի հայության անվտանգությանը:

Եթե Հայաստանն այդ իմաստով ստանձնում է պատասխանատվություն մարդասիրական օժանդակության հարցում, ապա ամեն ինչ հասկանալի է: Հասկանալի է նաեւ, եթե խոսք կա այդ մասնակցությունն ու ջանքը ավելացնելու մասին:Բայց, արդյոք Սերժ Սարգսյանը խոսում է ավելիի, մասնավորապես ռազմական ջանքի եւ ռազմա-քաղաքական պատասխանատվության մասին: Դա հստակ չէ եւ անկասկած ունի պարզաբանման անհրաժեշտություն, որովհետեւ, եթե խոսքն այդ մասին է, ապա այստեղ առաջանում են բավականաչափ ռիսկեր Հայաստանի համար: Արդյո՞ք «խաղն արժե» այնքան, որ Հայաստանը հայտնվի ԻԼԻՊ թիրախի դերում:Իհարկե «ԻԼԻՊ թիրախ» հասկացությունն ընդհանրապես հարաբերական է եւ շատ դժվար է ասել, թե ինչեր են կատարվում այդ «բրենդի» ներքո, թե ԻԼԻՊ կոչվող կառույցը աշխարհքաղաքական շահերի ինչպիսի կաթսա է հանդիսանում եւ ով որտեղ ինչ է նախաձեռնում այդ խողովակն օգտագործելով:

Այդ իմաստով իհարկե ամեն ինչ հարաբերական է, եւ անկասկած թիրախների ընտրությունը խոշոր հաշվով անմիջական կամ վճռորոշ կախվածության մեջ չէ անմիջականորեն Սիրիայում գործողություններին մասնակցության ձեւից կամ աստիճանից:Այդուհանդերձ, արդյոք Ռուսաստանի իշխանությունը որեւէ պահանջ կամ ակնկալիք ունի Հայաստանի իշխանությունից: Արդյոք այստեղ դեր ունի թուրքական գործոնը, նկատի ունենալով Սիրիայի հարցում ռուս-թուրքական հարաբերության խութերը:Թե՞ Մոսկվան կարող է փորձել Երեւանի միջոցով հարցը դնել ՀԱՊԿ օրակարգում եւ փաստորեն ՀԱՊԿ մյուս անդամներին ներգրավել՝ առնվազն քաղաքական առումով փաստացի ներգրավել եւ հակադրել Թուրքիային:

Կարո՞ղ է այդ հարցում Երեւանից ջանքի եւ պատասխանատվության «ակնկալիքը» լինել այն գինը, որ պահանջում է Մոսկվան խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանին տված «քարտ-բլանշի» դիմաց:Թե՞ Երեւանն է փորձում առնվազն քաղաքական հայտարարության մակարդակում ՀԱՊԿ օրակարգին մոտեցնել մի հարց, որտեղ այդ կազմակերպության անդամների առաջ կարող է կանգնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրություն կատարելու խնդիրը կամ դրա հետ կապված առնվազն առաջացնել սպասումների մասով դիսկոմֆորտ, այդպիսով փորձելով ինչ որ կերպ «ստիպել» նրանց հատուցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Բաքվի օգտին կատարվող ընտրության համար:Բոլոր դեպքերում, բաց է մնում կարեւորագույն հարցը՝ եթե ավելանում է Հայաստանի ջանքն ու պատասխանատվությունը Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հարցում, ապա բացի Հայաստանի համար վտանգների կամ ռիսկերի մակարդակից, ի՞նչն է ավելանում Հայաստանի շահի եւ անվտանգության տեսանկյունից: Եթե իհարկե Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում է հենց այդպիսի՝ ռազմա-քաղաքական պատասխանատվության ու ջանքի ավելացմանը, ոչ թե միայն մարդասիրական աջակցության:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing