Սերժի ֆենոմենը

0

Stepan Danielyan — Ինչու՞ Հայաստանում ոչնչացավ քաղաքական դիսկուրսը: Պատճառները կարելի է երկար թվարկել, սակայն հիմնական խթանը, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանի անձն է, կամ, ավելի ճիշտ, նրա անհատական առանձնահատկությունները:

Լինելով ապաքաղաքական անձնավորություն կամ ավելի ճիշտ մարդ, որը բացարձակապես զուրկ է քաղաքական, աշխարհայացքային սկզբունքներից ու պատկերացումներից, նրա համար ամեն ինչ առևտրի առարկա է:

Պատահական չէ, որ հանրապետական ֆրակցիայում հայտնված ամբոխին անհնար է որևէ քաղաքական կատեգորիայով բնութագրելը: Այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ` ցանկացած տեսակի և բնույթի «կողմնորոշումների» և մարդկային ստորագույն արատների կրողների, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ունի, սակայն չունի արժեք: Պատահական չէ, որ մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին ճանաչում են մոտիկից, միաբերան պնդում են, որ նրա համար միայն մեկ սրբություն է մնացել` փողը: Խոսքն իհարկե այն փողի մասին է, որը նա կարող է յուրացնել:

Պետական և քաղաքական համակարգի մնացորդները ղեկավարվում են մեկ հիմնական սկզբունքով` ոչ ոք ոչ մեկին չպետք է վստահի, ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, բոլորը բոլորի թշնամիներն են: Ցանկացած տեսակի համերաշխության զգացում մահացու վտանգ է ոհմակի համար: Սկզբունքը պարզ է. եթե ցանկանում եք վերահսկել իրավիճակը, ապա պետք է բարոյալքեք չորս բոլորը, ոչնչացնեք վերջին արժեքները, արմատախիլ անեք մարդկային համերաշխության վերջին նշույլները և դուք կարող եք հանգիստ տիրել:

Եկեղեցի, մամուլ, հասարակություն, պետական հիմնարկներ, գործարար միջավայր… բոլորը պետք է միմյանց թշնամի լինեն, բոլորը պետք է լարվածության մեջ լինեն ու չունենան վստահություն վաղվա օրվա հանդեպ: Բաժանարար գծերը պետք է անցնեն հենց այդ հաստատությունների միջով: Ոչ մի միավոր չպետք է լինի ամբողջական: Ծայրահեղ սթրեսային իրավիճակը, փոխադարձ ատելությունը, որոնք սրում են մարդկային ստորագույն ինքնափրկության բնազդներն, այս հանրության կառավարման կարևորագույն նախապայմանն են: Եվ այս ամենի կվինտեսենցիան Սերժ Սարգսյանն է, անձ, որն իր մեջ խտացրել և կատարելության է հասցրել հայ հանրությանը հատուկ բացասական հատկությունները:

Մարդկային ամենացածրագույն բնազդների կառավարման ֆենոմենալ ջիղը նրան առանձնացրեց հայկական քրեական նոմենկլատուրայից: Նրա նախագահությունն այդ նոմենկլատուրայի բնական զարգացման և տրանսֆորմացիաների հետևանքն էր:

Մինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի ոչ մի նախագահ չի կարողացել այսպիսի օրգանական միասնություն և ներդաշնակություն կազմել քրեաօլիգարխիայի հետ: Սակայն բնության մեջ ցանկացած երևույթ իր կատարելության բարձրակետին հասնելուց հետո սկսում է քայքայվել և գահավիժել: Ահա այս պատմական իրավիճակում ենք գտնվում: Քայքայումը պետք է կառավարելի դարձնել, և կարծես թե բոլորը պատրաստ են դրան, անգամ Սերժ Սարգսյանի զինակիցները, որոնք զգում են մոտալուտ կատաստրոֆան։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache