Սերժի ու Նիկոլի վերջին գիշերը. Անսպասելի հայտնություն

0

lragir.am — Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների պլանը, որը մեկնարկելու է վաղն առավոտյան ժամը 8.15-ին: Ըստ այդ պլանի՝ քաղաքացիներին առաջարկվում է խցանումներ առաջացնել փողոցներում, գործադուլ եւ դասադուլ անել, ոտքով շարժվել Բաղրամյան փողոց եւ պաշարել Ազգային ժողովի շենքը, որտեղ ապրիլի 17-ին պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության քվեարկությունը: Շարժման նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է:

Խցանումների իմաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որպեսզի ոստիկանության ուժերը ցրվեն եւ չհասցնեն կուտակվել ԱԺ մոտ:

Ընդդիմադիր ներկայիս պայքարի այս փուլն արդեն որոշակի առանձնահատկություններ ունի: Այն հանրահավաքային մաս ըստ էության չի ունեցել, եւ որդեգրվել է անմիջապես գործողությունների անցնելու սկզբունքը: Բացի այդ, վերջին երկու տասնամյակում թերեւս առաջին անգամ շարժման ղեկավարները հրապարակել են գործողությունների կոնկրետ ծրագիր եւ կոնկրետ նպատակ:

Տեսակետները տարբեր են թե արդյունքի հասնելու, թե դրված խնդրի նպատակահարմարության առումով: Օրինակ, հնչում են հարցեր, թե ինչ տարբերություն ով է լինելու վարչապետ, եթե համակարգը մնում է: Որպես հակափաստարկ ընդդիմադիրները նշում են, թե Սերժ Սարգսյանի վարչապետության խափանումը կթուլացնի նաեւ համակարգը:

Բացի այդ, եթե երկու անգամ հաջողվի խափանել քվեարկությունը, պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Սերժ Սարգսյանին թիրախավորելով, թերեւս նաեւ հաշվարկ է արվում իշխող համակարգում հնարավոր ճաքերի վրա:

Իշխանությունն այս ընթացքում լուռ էր, ՀՀԿ խորհրդի նիստն էլ անցկացրին Երեւանից դուրս՝ Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ուշադրություն է գրավում ոստիկանության բացակայությունը բողոքի ցույցերի ու երթերի ժամանակ, ինչը նույնպես նախկինում չէր լինում: Եվ եթե ընդդիմության գործողությունների ծրագիրը հրապարակվեց, պարզ չէ, թե ինչ մարտավարություն է ընտրելու իշխանությունը՝ շարունակելու է չտեսնելո՞ւ տալ ընդդիմությանը, թե անցնելու է ավանդական մեթոդներին:

Ինչպե՞ս է իրեն պահելու ոստիկանությունը: Նոր սահմանադրությամբ այն վարչապետին ենթակա կառույց է, բայց այս պահին փաստացի վարչապետ չկա: Կա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հեռացող է եւ դժվար թե իր վրա վերցնի հրաման տվողի պատասխանատվությունը:

Այս տեսակետից, Վովա Գասպարյանը մնացել է առանց «հրամանատարի» եւ ինքն էլ լինելու միակ պատասխանատուն: Չի բացառվում, որ ոստիկանության բացվակայությունն այս օրերին պայմանավորված է այդ հանգամանքով:

Սա Նիկոլի վերջին գիշերն է գործողությունից առաջ, հաջողելու դեպքում նա կմնա քաղաքականության մեջ ահռելի վարկով, չհաջողվելու դեպքում կհեռանա, ինչպես ինքն է ասել: Ճիշտ է, նա վերապահում է արել տասնյակ հազարավոր մարդկանց ներկայության մասով, սակայն դա նշանակություն չունի քաղաքականության տեսակետից:

Սա Սերժ Սարգսյանի վերջին գիշերն է «ազատության» մեջ, եւ վարչապետ դառնալու դեպքում նա կանգնելու է չափազանց բարդ խնդիրների առաջ: Ընդ որում, հենց իշխող համակարգում: Եթե նախագահի պաշտոնում նա անձեռնմխելի էր, ամենալայն լիազորություններով վարչապետի պաշտոնում նա «կախվելու է» պատգամավորների ցանկությունից, ովքեր ցանկացած պահի կարող են վարչապետ փոխել: Այդ մասին արդեն ակնարկել են իշխող մեծամասնության ներկայացուցիչները: Այս շարժումն անկասկած ազդելու է համակարգի ներքին տրամադրությունների վրա:Միով բանիվ, վաղը սկսում է դիմակայությունը, գուցե անսպասելի դրսեւորումներով ու «հայտնություններով»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache