Սերժի Վաչոն ազատ կարձակվի մեկ միլիարդ դրամ գրավի դիմաց

39

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Մխիթար Պապոյան) հրապարակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) գործով դատական ակտը:

Aravot.am-ի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Իսկ իրենց դիրքորոշման հետ կապված մանրամասներ կներկայացնեն քիչ ուշ:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: Հայաստանի երրորդ նախագահի մերձավորներից Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վաչագան Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Մինչև ձերբակալումը իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի մայրաքաղաքի բնակարանը և հայտնաբերել առանձնապես խոշոր չափերի գումար։ Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի, բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 դոլարն ու 213 հազար դրամը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache