Սևանից եկող ջրանցքը փակել են. 40-ից ավել գյուղեր 3 օր է՝ ջուր չունեն

36

«Արզնի-Շամիրամ» ջրանցքից օգտվող մոտ 40 համայնքներ 3 օր է՝ առանց ոռոգման ջրի են մնացել: ԳյուղացիներըՀայաստան 24-ի հետ զրույցում բողոքեցին, որ ոռոգման շրջանի ամենապիկ շրջանում Սևանից եկող ջուրը փակել են՝ գյուղերին թողնելով առանց ոռոգման ջրի: Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչները պատմեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու վերաբերյալ խորհրդակցությունից հետո իրենք ջրի երես չեն տեսել: Իսկ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումներին, ասել էր, որ դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա: Նա հանձնարարել էր ոռոգման ջրի հարցը լուծել առանց Սևանին ձեռք տալու:

«3 օրով ջուրը կտրել են, վաղն էլ չենք ունենալու: Վաղը չէ մյուս օրը նոր տալու են, տեսնենք՝ տալի՞ս են, թե երբ քեֆները տա, այդ ժամանակ մեզ ջուր կտան: Սևանի հետ կապված խորհրդակցություն կար, ու հիմա մեր ջուրը կտրեցին, երևի, տնտեսումներ են անում, որ Սևանից վերցվող 170 միլիոն խորանարդ ջրի սահմանը չանցնեն: Սևանից ջուրը գալիս է և այդ ջրանցքով հասնում մեր գյուղերին: Ջրի դեմը փակել են»,- բորբոքված ասացին հողագործները:

Ջրազրկված գյուղերում ողբալի վիճակ է: Առանց ջրի բույսը չորանում է: Գյուղացիները հույսները կտրել են, որ կարող են բերքահավաք անել:

«Խաղողը պետք է ջրվի, որ մի 10 օրից բերքահավաքը սկսվի: Գործարանների հետ պայմանագիր ենք կնքել, եթե չկարողանանք ջրել, բերքը վատ եղավ, խնդիր է լինելու: Դեղձ ունենք, որ առանց ջրի թոշնել է արդեն: Առվույտի ցանքատարածությունները չորանում են»,- դժգոհեցին նրանք:

Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ ցածր բերքատվություն են ունենում ոռոգման ջրի պակասի պատճառով: Սեզոնի ընթացքում պարբերաբար համայնքի ջուրը կտրում են: Այս տարիների ընթացքում թակել են բոլոր պատկան մարմինների դռները, ոռոգման ջրի լուծման հարցն այդպես էլ մնացել է օդից կախված վիճակում:

«Ջրօգտագործողների ընկերությանը դիմում ենք, ասում են՝ մեզ ինչքան ջուր են հատկացնում, այդքանն էլ բաշխում ենք»,- փոխանցեց Աբգարյանը:

Խնդրի մասին տեղյակ են պահել նաև Ջրային տնտեսության պեական կոմիտեի նորանշանակ նախագահին, բայց ինչպես երևում է, ջրի հարցը կարգավորվելու փոխարեն վիճակն ավելի է սրվել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache