Լրահոս

Սեյրան Օհանյանի խորհրդավոր ակնարկը ղեկավարության մասին

 

arm147351338765

lragir.am – Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվությանը, նախ առաջարկել է սպասել նոր կառավարության ձեւավորմանը:
Հետո, Կարեն Կարապետյանի վարչապետական հեռանկարի հարցին պատասխանելիս, Օհանյանն ասել է, թե «կառավարության ձեւավորումն իրականացվում է համապատասխան անձանց կողմից, հանրապետության ղեկավարության կողմից, եւ նրանք լավ գիտեն, թե ով ինչի է ընդունակ»:
Պաշտպանության նախարարը, որ ունի քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ըստ էության քաղաքագիտական գործընթացը բնորոշում է չափազանց ընդհանրական ձեւակերպումով՝ «հանրապետության ղեկավարություն»:
Ու՞մ նկատի ունի պաշտպանության նախարարի ներկայում ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, խոսելով «հանրապետության ղեկավարության» մասին: Եթե խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, ապա ինչու՞ հոգնակի, ինչու՞ «նրանք ավելի լավ գիտեն»: Ովքե՞ր են նրանք:
Եթե նրանք ՀՀԿ խորհուրդն է, որտեղ որոշվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ապա այդ խորհուրդը հանրապետության ղեկավարություն չէ, քանի որ Հայաստանի հանրապետության ղեկավար կառույցը ՀՀԿ-ն չէ: Հետեւաբար, եթե ղեկավարություն ասելով պաշտպանության նախարարը նկատի ունի ՀՀԿ-ն, ապա նա փաստացի հայտարարում է, որ Հայաստանը կուսակցապետություն է, այսինքն հայտարարում է Հայաստանում հակասահմանադրական կառավարման մասին:
Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանը դա անում է նաեւ գիտակցված, ի պատասխան իրեն նախարարի պաշտոնից հեռացնելու մասին «ղեկավարության» որոշման կամ մտադրության:
Եթե ղեկավարություն ասելով Օհանյանը նկատի չունի ՀՀԿ-ին, ապա Սերժ Սարգսյանից բացի էլ ու՞մ նկատի ունի:
Կառավարության ճակատագիրն իհարկե որոշվելու է վարչապետի ներկայացմամբ՝ դե յուրե նա ներկայացնում է նախարարների թեկնածուին, իսկ նախագահը նշանակում է: Հետո կառավարության ծրագիրը վստահության քվե է ստանում կամ մերժվում խորհրդարանում:
Այդ իմաստով, վերջնական ճակատագիրն իհարկե որոշում են Սերժ Սարգսյանը, նոր վարչապետը եւ խորհրդարանը: Սակայն, Սեյրան Օհանյանը «հանրապետության ղեկավարությունն ավելի լավ գիտե» ասելով, պատասխանում էր մասնավորապես Կարեն Կարապետյանի վերաբերյալ հարցին, հետեւաբար նկատի ուներ մինչ այժմ կայացված որոշումները, ոչ թե նրանք, որ պետք է կայացվեն կամ վավերացվեն ապագայում:
Դրանից բացի, հանրապետության ղեկավարություն է նաեւ պաշտպանության նախարարը, առավել եւս կառավարման նոր մոդելի պարագայում, երբ խաղաղ պայմաններում նա է հանդիսանում բանակի անմիջական ղեկավարը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայության պարագայում: ԳԳՀ լինում է վարչապետը, բայց միայն պատերազմի ժամանակ:
Պաշտպանության նախարարը եւս հանրապետության ղեկավարություն է, անվտանգության խորհրդի անդամ, առավել եւս պատերազմող երկրում ղեկավարում է բանակը: Արդյոք Սեյրան Օհանյանն այլեւս իրեն դուրս է դնում ղեկավարության կազմից, այդպիսով հավաստելով, որ իր հեռանալու հարցն արդեն վճռված է:
Բայց, ղեկավարության հոգնակի սահմանումն այդուհանդերձ ուշագրավ է, հատկապես առայժմ ֆորմալ մեկ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի պարագայում: Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ըստ երեւույթին ակնարկում է կառավարության փոփոխության եւ նաեւ պաշտպանության նախարարի վերաբերյալ որոշման կայացման ոչ ֆորմալ լայն շրջանակի մասին:
Խոշոր հաշվով, Հայաստանի պարագայում դա իհարկե նորություն չէ, որ կարեւոր որոշումների կայացման գործընթացում պետական ինստիտուտներն առավելապես արարողակարգա-ցուցանակային դերակատարում ունեն, եւ իշխանության իրական «պոլիտբյուրոն» այլ է: Սակայն հետաքրքիր է, թե հատկապես ինչպիսի կազմի մասին է ակնարկում Սեյրան Օհանյանը:
Օրինակ, նա ակնարկում է հանրապետության նախկին ու ներկա նախագահների՞ն, թե՞ Սեյրան Օհանյանն ակնարկում է, որ որոշումների կայացման շրջանակը ներառում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Արցախի իշխանական շրջանակները, եթե նկատի առնենք այն, որ օրինակ ՊՆ նախարարի հավանական նոր թեկնածու է դիտվում Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Ընդ որում, զուտ տրամաբանության առումով թերեւս տարօրինակ չի լինի, որ օրինակ պաշտպանության նախարարի հարցում գործի որոշումների կայացման կամ գոնե քննարկման հենց Հայաստան-Արցախ շրջանակ, նկատի ունենալով այն, որ Արցախը դե ֆակտո Հայաստանի պաշտպանական գերատեսչության անմիջական ընդգրկման շրջանակն է եւ պաշտպանական ոլորտն այն ոլորտն է, որտեղ Արցախի ձայնը եւ տեսակետն ունի առանցքային նշանակություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am