Շանտաժ Մոսկվայից առաջ. ինչպես զսպել պատերազմը

100

  lragir.am — Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել եւ ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.

«Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը», նշված է վարչապետի նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ դա կարեւոր հաղորդագրություն է: Մոսկվայում չի բացառվում Ալիեւի հետ շփումը «վարագույրի հետեւում»:

Կրեմլում հյուրընկալելով Իլհամ Ալիեւին, ՌԴ նախագահ Պուտինը ակնարկել էր իր այդ ցանկության մասին, որ Ալիեւը ծանոթանա «ոմանց հետ»: Պուտինն ասել էր, թե հույս ունի, որ Ալիեւը հաճելիից բացի՝ ֆուտբոլը, նաեւ օգտակար այց կունենա, քանի որ Մոսկվա են ժամանել իրենց շատ գործընկերներ եւ կա հնարավորություն նրանց հետ հանդիպել, խոսել, ծանոթանալ:

Մեծ հաշվով զարմանալի չէ, որ Ռուսաստանի նախագահը փորձում է օգտագործել առիթը Հայաստանի նոր ղեկավարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ շփում եւ հաղորդակցություն առաջացնելու համար: Ավելին, դա կարող է նաեւ օգտակար լինել, կայունության պահպանման տեսակետից:

Այդ տեսանկյունից կարեւոր է, որ Մոսկվա այցից առաջ Նիկոլ Փաշինյանը համանախագահների հետ երեւանյան հանդիպմանը նրանց հետ միասին հաստատում են Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որպես քաղաքական կարգավորման իմաստավորման հիմք:

Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է չեղարկել այդ օրակարգը: Դրանից շեղումը հայկական կողմի համար կլինի ծուղակ, որին կհաջորդի ռազմական նոր արկածախնդրություն Ադրբեջանից, որովհետեւ իրավիճակը ներկայում ծուղակային է Բաքվի համար: Բաքուն չի գնա որեւէ ռազմական արկածախնդրության, եթե չունի դրա միջազգային լեգիտիմության, մասնավորապես Ռուսաստանում լեգիտիմության համոզվածություն:

Մոսկվայում անշուշտ լինելու է հոգեբանական դիմակայություն, եւ աներկբա է նաեւ, որ Ալիեւը այդ «գրոհը» սկսել է թե Արցախի, թե Նախիջեւանի սահմանի ուղղությամբ ռազմական շարժերով: Հայկական կողմը չի տրվել այդ շանտաժին եւ շեշտադրել է նշաձողը, որը նվազագույնն է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդրի հիմնարար սպասարկման տեսանկյունից:

Հակառակ պարագայում, բանակցություն կոչվող գործընթացը վերածվելու է հայկական կողմի համար ծուղակի, ինչպես նախորդ երկու տասնամյակում, երբ այդ ծուղակում Բաքուն հետեւողականորեն հասունացնելու եւ լեգիտիմացնելու է «պատերազմի իրավունքը», իսկ Հայաստանը մնալու է անելանելի վիճակում, սպասելով, թե Ադրբեջանը երբ կօգտագործի այդ իրավունքը, որը հնարավոր կլինի չեղարկել արդեն միայն համազգային պաշտպանությամբ, ինչպես 2016-ի ապրիլին:

Դրանից հետո անթույլատրելի է Բաքվին եւս մեկ անգամ դրա հնարավորություն տալը: Եվ անթույլատրելի է այստեղ իրավիճակը դիտարկել իբրեւ թե բանակցությունը մերժելու համատեքստում, որովհետեւ առանց հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման այդ բանակցությունը ծառայելու է Ադրբեջանի ռազմատենչությանը, հետեւաբար բացարձակապես անհամարժեք է այդ դեպքում խոսել պատերազմ կանխելու տրամաբանության մասին: Հայկական կողմի նոր ծուղակը, ինչպես մինչեւ 2016-ի ապրիլն էր, պատերազմը կհասունացնի, ոչ թե կկանխի:

Ընդհանրապես, տեսանելի ապագայում խոսք կարող է լինել պատերազմը զսպելու մասին, որովհետեւ կանխելու, այսինքն վտանգը առավել երկարաժամկետ հեռանկարում չեզոքացնելու հնարավորություն Հայաստանը դեռ նոր պետք է ստեղծի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache