Լրահոս

Շարմազանովի հրաժարականը

 

Ազգային ժողովում Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք կամ այս, կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»:
Այս «հիմնավորումից» հետո Ազգային ժողովը, քաղաքական դասը պետք է պահանջեն Շարմազանովի հրաժարականը, եթե իհարկե ունեն պետական, անձնական արժանապատվություն:
Նախ, Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներից մեկը խոստովանում է, որ իշխանությունը չի կարողացել ապահովել ՀՀ պաշտպանությունը, ինչը նրա սահմանադրական պարտականությունն է:
Երկրորդ, Շարմազանովը գիտակցված խեղաթյուրում է իրավիճակը, ասելով, թե ՀԱՊԿ այլընտրանքը Թուրքիան է: ՀԱՊԿ-ը ռազմական բլոկ է, որին այլընտրանք կարող է լինել ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան:
Այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնց մասին արժե խոսել: Ռուսաստանը Հայաստանում իր ներկայիս ագրեսիվ քաղաքականությունը կառուցում է թուրքական վախերի վրա, մասնավորապես՝ թե Թուրքիան կարող է հարձակվել Հայաստանի վրա: Այս մասով, Շարմազանովը փաստացի միանում է ռուսական շանտաժին՝ ընդդեմ այն պետության, որի ԱԺ փոխնախագահն է:
Հայաստանում աշխատում են լռության մատնել այն հանգամանքը, թե իրականում ինչն է զսպում Թուրքիային Հայաստանի ուղղությամբ: Ընդունված է համարել, որ միայն Ռուսաստանն է, սակայն դա պրիմիտիվ վախերի ու պատկերացումների, նաեւ քարոզչական մանիպուլյացիայի արդյունք է: Թուրքիային Հայաստանի ուղղությամբ զսպում է միջազգային խնդիրների ու պարտավորությունների մի ահռելի կծիկ, այդ թվում Ռուսաստանը, այդ թվում անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Ռուսաստանն, իր հերթին, Թուրքիայի հետ փոխադարձ համաձայնությամբ Հայաստանին սպառնում է Թուրքիայով (1921 թ. ռուսները թուրքական բանակին հրավիրեցին Հայաստան՝ ոչնչացնելու արեւմտահայ գաղթականների մնացորդներին. Երկու տարի թուրքական բանակը արյունոտ խրախճանքի մեջ էր արդեն սովետա-ռուսական Հայաստանում):
Ռուսաստանի ու Թուրքիայի շահերից է բխում Հայաստանի ներկայությունը պրո-ռուսական բլոկներում, ինչն էլ նրանք մեծ հաջողությամբ իրականացնում են, ադրբեջանական օգնությամբ: Ռուսաստանն այդպիսով ապահովում է իր ներկայությունը Կովկասում, իսկ Թուրքիան ստանում է Ռուսաստանի երաշխիքները հայկական պահանջների չեզոքացման հարցում:
Շարմազանովը գիտակցաբար լռության է մատնում նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը ռազմական մատակարարումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, ամենաժամանակակից սպառազինություն:
Այսպիսով, պրոռուսական բլոկներին այլընտրանքի բացակայության հավաստիացում տվողները ակամա ծառայում են նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Հայաստանին պետք է իշխանություն, որը վարում է արժանապատիվ պետական քաղաքականություն, նույնիսկ պրո-ռուսական բլոկներում, նույնիսկ եթե դրանց այլընտրանք չկա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing