Շարժումը բազում համակիրներ ունի նաև բարիկադների այն կողմում

2

Մեր զրուցակիցն է Էներգետիկ ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը

Պարոն Դավթյան, Դուք մասնակցում եք «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաներին, հանրահավաքներին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված վիճակը։

Կարծում եմ, որ նախաձեռնությունն արդեն իսկ բերել է զգալի արդյունքների: Գլխավոր  արդյունքը Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայացումն է` իր ամենալավ դրսևորումներով: Իհարկե, այնպես չէ, որ այդ ինստիտուտը կայացավ մեկ օրում: Կարծում եմ՝ այդ կայացումը իր ներկայիս ձևաչափով երկու փուլերով է ընթացել: Այն սկսվեց 2008-ին՝ իր մեջ պարունակելով զուտ քաղաքական պայքարի բոլոր տարրերը, այնուհետև որոշ կուլմինացիա ապրեց  2015 թ. սոցիալ-տնտեսական բովանդակությամբ ակցիաների շրջանակներում: Այսօր այդ երկու բաղադրիչները փոխլրացնում են միմյանց: Այդ իսկ պատճառով շարժումը համաժողովրդական բնույթ է կրում և ունի բազում համակիրներ նաև բարիկադների այն կողմում: Ի դեպ, խորհրդանշական է, որ այսօրվա շարժման առանցքում հենց Նիկոլն է, ով 2008-ին լուրջ դերակատարում էր ստանձնել, իսկ այսօր արդեն քաղաքականապես հասունացել է որպես համազգային շարժման առաջնորդ:Այս կամ այն համակարգի թույլ և ուժեղ կողմերը բացահայտվում են ճգնաժամային, ֆորս-մաժորային իրավիճակներում: Այսօր մենք համոզվում ենք, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտը Հայաստանում իսկապես կայացել է, իսկ մեր քաղաքացիները մղում են իրենց պայքարը՝ քաջ գիտակցելով իրենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքները: Իհարկե, մեկ այլ արդյունք է նաև նոր քաղտեխնոլոգիական մշակույթի ձևավորումը: Կարող ենք փաստել, որ այսօր կիրառվում են մեթոդներ, որոնց դեմն առնելու համար իշխանությունը չունի որևէ «փափուկ գործիք»: Ողջունելի է նաև այն, որ չեն հնչում արտաքին քաղաքականության համատեքստում գտնվող դրույթներ: Վերջինս ստվեր կգցեր շարժման վրա, կդարձներ այն ավելի կոնյունկտուրային:

Դասախոսները ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն ուսանողների և դպրոցականների։ Միացե՞լ եք ստորագրահավաքին։

Իհարկե, միացել եմ, և պետք է ողջունեմ գործընկերոջս՝ Ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին այդ նախաձեռնության համար: Դասախոսներն այսօր պետք է պատասխանատվություն զգան փողոցում տեղի ունեցող իրադարձությունների համար: Ինքս համոզվեցի, թե ինչ ոգևորվածությամբ ուսանողներս ընդունեցին նախաձեռնությանը միանալու իմ որոշումը, ստացա մի շարք նամակներ, որոնցում երեխեքը պարզապես շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցելու համար: Ցանկացած պարագայում դասախոսը պետք է լինի ուսանողների հետ, պետք է լինի նրանցից մեկը: Դա, ի դեպ, նպաստում է նաև ուսումնական գործընթացին: Մյուս կողմից, այդ նախաձեռնությանը միացան բոլոր այն դասախոսներն ու գիտնականները, ովքեր դեմ են մի շարք պետական ուսումնական հաստատությունների  և դրանցում ընթացող ուսումնական պրոցեսի «հանրապետականացմանը»: Ինքս համոզված եմ, որ անթույլատրելի է լսարան մտնել կուսակցական նշանը դոշին, անթույլատրելի է ուսխորհուրդը վերածել ՀՀԿ-ի մասնաճյուղի, անթույլատրելի է, երբ բուհի  կառավարման խորհուրդը գլխավորում է ոլորտի հետ կապ չունեցող պետական պաշտոնյան:

Իշխանությունը, Սերժ Սարգսյանը երկխոսության տարբերակ են առաջարկում, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է երկխոսության իր տարբերակը։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։

Չեմ կարծում, որ ստեղծված իավիճակում հնարավոր է երկխոսություն: Երեկ Նիկոլ Փաշինյանը նախապայման ներկայացրեց, որը դժվար թե ընդունվի իշխանության կողմից: Առանց այդ նախապայմանի երկխոսությունը ցուցարարների և առհասարակ հանրության կողմից կընդունվի որպես նահանջ: Նիկոլը բավական փորձառու և իրավիճակին տիրապետող գործիչ է և քաջ գիտակցում է դա: Միևնույն ժամանակ, նա օրեցօր նոր թափ է հաղորդում շարժմանը, ավելացնում է լարվածության աստիճանը, և եթե այս մարտավարությունը շարունակվի, ապա իշխանությունները կսկսեն սխալներ թույլ տալ, ինչը վերջնականապես կապալեգիտիմացնի գործող համակարգը նաև միջազգային հանրության աչքերում: Կարծում եմ՝ իշխանության լռությունը պայմանավորված է հենց այս հանգամանքի գիտակցմամբ: Ի վերջո, երկխոսություն ասելով պետք չէ պատկերացնել միայն առանձին անձերի միջև ընթացող բանակցային գործընթացը: Նման դեպքերում սովորաբար երկրի ղեկավարը ուղերձ է հղում ժողովրդին, խոսում նրա հետ: Պարզապես դժվար թե նման քայլն այսօր արդիական կլինի:

Երիտասարդությունը ոտքի կանգնեց: Սրանից առաջ ոտքի էր կանգնում քաղաքացիական կամ լոկալ որևէ հարց բարձրացնելու դեպքում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է երիտասարդների, ուսանողության արթնացման պատճառը: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր կերտվում է քաղաքացին:

Ինչպես արդեն ասացի, վերջին 10 տարիները կարելի է բնութագրել որպես Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման շրջան: Եվ հենց այդ տասը տարիների ընթացքում մեր երկրում ձևավորվեց նոր սերունդ՝ ավելի համարձակ, ազատատենչ, հավակնոտ ու լավ իմաստով քաղաքականացված: Հաճախ են խոսում մեր երիտասարդների իներտ կամ անտարբեր ու անպատասխանատու լինելու մասին: Կարծում եմ, պետք է հրաժարվել նման անախրոնիստական մոտեցումներից: Արդեն քառօրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մեր երիտասարդները պատրաստ են պատասխանատվություն կրելու երկրի անվտանգության ու ապագայի համար: Նման պատասխանատվություն նրանք ստանձնել են նաև այսօր: Հիշենք այս կապակցությամբ Նժդեհին, որ ասում էր, որ երիտասարդ սերունդը պետք է վերադաստիարակի իրեն և ապա դառնա իրենց հայրերի դաստիարակիչը: Կարծում եմ՝ այսօր մենք դրա ականատեսն ենք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache