Շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան Մարտի 1-ի գործով. ՀՔԾ պետ

38

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ պահանջին: Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս, և եթե այս ամբողջը գաղտնազերծվի, անհասկանալի է, թե ինչ կլինի:

Հարցին, որ Քոչարյանի պահանջը վերաբերում է Պաշտպանության նախարարի 0038 հրամանի գաղտնազերծմանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ դա գաղտնազերծվել է այն չափով, որքանով փաստաթուղթը տրամադրող Պաշտպանության նախարարությունը հարմար է գտել գաղտնազերծել: «Բոլոր հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, դրանք բոլորը հանրությանը հայտնի են դարձել»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանը նաև հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն այս դեպքում նույնացնում է պետության ու սահմանադրական կարգի հետ, ինչը ճիշտ չէ: Հարցին, թե ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունենո՞ւմ է նախաքննության վրա, ՀՔԾ պետը պատասխանեց, որ չի ցանկանում պարզաբանել այդ հարցը:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը, ով ևս պետք է կանչվեր հացաքննության, երկրում չէ, նա պատասխանեց, որ ինքը չի ասել, թե Մարտի 1-ի քրեական գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանը: «Ես ասել եմ, որ Մարտի 1-ի հարցով հարցաքննվելու են բոլորը, ովքեր քրեական գործով կարող են որոշակի տեղեկատվություն տալ: Հետևաբար, այն անձանց մասով, որոնք այս պահին քրեական գործով կարգավիճակ չունեն, Հատուկ քննչական ծառայությունը որևէ պարտականություն չունի այդ մարդկանց տեղաշարժին հետևելու»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանը նաև հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելու մասին քրեական գործը միացվել է նաև 10 սպանությունների փաստով հարուցված քրեական գործին, վարույթը մեկ միասնական վարույթ է: ՀՔԾ պետը նաև նշեց, որ բացի 0038 հրամանից այլ փաստաթղթեր կան ՀՔԾ տրամադրության տակ: «Շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեն գաղտնազերծվում»,- նշեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache