Շատ մեղմ ու անարդար դատավճիռ էր. ծառայակցին սպանելու մեջ մեղադրվողը 10 տարով ազատազրկվեց

1

news.am — Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով մեղադրյալ Միքայել Զաքարյանը դատապարտվել է 10 տարի, 3 ամիս ազատազրկման: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի մայրը Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը որակեց անարդար, իսկ իր որդուն սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ կիրառված պատիժը՝ խիստ մեղմ:

«Դատարանը շատ անարդար դատավճիռ կայացրեց, մեղադրողը նրա համար 15 տարի էր պահանջել, իսկ դատարանն ընդամնեը 10 տարի տվեց: Թե ինչ հիմքով նրան արդարացրեց 104-ի 2-րդ մասով, ոչ մեկս չհասկացանք»,-ասաց տիկին Լյուդան: Նա նշեց, որ դիմելու է Վերաքննիչ դատարան եւ Միքայել Զաքարյանի համար ավելի խիստ պատիժ է պահանջելու:

Դատարանը նաեւ մերժել է Հարությունյանների՝ Երեւան-Ստեփանակերտ հասնելու ճանապարհածախսը փոխհատուցելու վերաբերյալ ներկայացված քաղհայցը:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համածառայակից Հովհաննես Հարությունյանի վրա: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2017թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache