Շենգավիթի դատարանում 3 ժամից ավելի է՝ շարունակվում է Քոչարյանին կալանավորելու մասին հարցի քննությունը

53

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավելի քան 3 ժամ է՝ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Նիստին ներկա է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս ընթացքում պաշտպաններից եւ ոչ մեկը նիստերի դահլիճից դուրս չի եկել:

Քննիչն ու դատախազը միջնորդությունը դատարան էին ներկայացրել նախօրեին երեկոյան, սակայն, Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել էր մինչեւ այսօր ժամը 11:00-ն: Ըստ պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել, այդ պատճառով նիստին չի ներկայացել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache