Շրջադարձային պահը. Նիկոլը դեռ շատերին է մերժելու

69

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը նաեւ իրենց հաղթանակն է եւ ճիշտ է խորհրդարանի արտահերթ ընտրությանը միասնական ցուցակով գնալը:

Հովհանննիսյանը դա է փաստացի առաջարկում Նիկոլ Փաշինյանին:

Ապրիլի 22-ին, երբ առավոտյան Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանին իրավապահները ձերբակալեցին կամ առեւանգեցին Էրեբունի փողոցից, ուժ կիրառելով նաեւ ցուցարարների հանդեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը կուզենա հանրահավաքում մի քանի խոսք ասել:

Առանց Նիկոլ Փաշինյանի եւ մյուս առաջնորդների, շարժման համակարգող ՔՊ անդամներն ու Աննա Հակոբյանը սակայն ապրիլի 22-ին պահեցին ամբիոնի միատարրությունը, թույլ չտալով, որ այնտեղ հայտնվեն այլ քաղաքական գործիչներ, այլ ուժերի ներկայացուցիչներ: Տպավորիչ էր Զարուհի Փոստանջյանի փորձն ու դրա կանխումը:

Այդ հանգամանքը՝ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ ամբիոնի միատարրությունը պահելը, շրջադարձային եղավ, որովհետեւ թույլ չտրվեց, որպեսզի որեւէ մեկը թեկուզ անկեղծ մղումով աղավաղի Իմ Քայլը շարժման տրամաբանությունն ու այն վերադարձնի նախորդ մի շարք անհաջող ու անարդյունավետ փորձերի եւ շարժումների տրամաբանություն:

Դա հանգեցրեց նրան, որ առանց Նիկոլ Փաշինյանի թվում է թե «գլխատված» շարժումը, երբ շատերն էին եզրակացնում, որ բավական է Փաշինյանին մեկուսացնեն, ու ամեն ինչ կքանդվի ու կմարի, իրականում ստացավ ավելի մեծ թափ ու դարձավ անկասելի, արդեն հաջորդ օրը բերելով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» մոգական արտահայտության, որը թերեւս արդեն հետագա բոլոր զարգացումների «բանալի» արտահայտությունն էր:

Իսկ Նիկոլը ճիշտ էր արտահայտությունը խորքային առումով առնչվում էր նաեւ հենց ամբիոնի կամ շարժման «միատարրությանը», երբ թույլ չտրվեց, որպեսզի շարժում որեւէ կերպ ներգրավվեն իշխանության «փորձած թաները», գործիչներ կամ ուղղություններ, որոնք իշխող համակարգի համար լիովին կանխատեսելի էին, եւ ըստ այդմ նրանց ներգրավումը լիովին կանխատեսելի ու կառավարելի հուն կարող էր տեղափոխել շարժումը:

Ընդ որում, խնդիրն այն չէ, որ այդ ուժերը կամ մարդիկ անկեղծ ընդդիմադիր չեն կամ չէին: Խնդիրն այն է, որ նրանք անարդյունավետ ընդդիմադիր էին, նրանք որպես «նախնական ելակետ» կամ «կապիտալ» իրենց տրամադրության տակ իրենց շանսերի ժամանակ ունեցել են շատ ավելի մեծ ռեսուրս, սակայն չեն կարողացել այդ ռեսուրսը վերածել իշխող համակարգի դեմ պայքարի արդյունավետ շարժման:

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների հարաբերակցությունը, այդ թվում ուժի, բռնության հանդիպելու տեսանկյունից, հնարավոր է քննարկել, սակայն թերեւս աներկբա է այն, որ այդ անհաջողությունները հանրության մոտ առաջացրել են հուսահատություն, իշխանության դեմ խաղ չլինելու զգացում: Դա այն իմաստով, որ շատերը Փաշինյանի թավշյա հեղափոխության հաղթանակից հետո սկսեցին դրանում «մատնանշել» իրենց բաժնեմասը, թե այդ հեղափոխությունը հաղթեց այս կամ այն տարում իրենց պայքարի շնորհիվ էլ: Իրականում իրենց անարդյունավետ պայքարները բերել էին հանրության մոտ հուսահատության եւ ինքնավստահության մարման, թե հնարավոր է որեւէ կերպ կոտրել իշխող համակագի դիմադրությունը:

Ավելին, 2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի գործողությունը հասցրեց հանրության կամքին թերեւս վերջին հարվածը, երբ տապալվեց անգամ «զինված փորձի» հնարավորությունը եւ պարզվեց, որ նույնիսկ «զենքով» հնարավոր չէ, նույնիսկ «զենքով» խաղ չկա համակարգի դեմ:

Փաշինյանի Իմ քայլը շարժումը հենց այդ պատճառով էր գործնականում բոլորի համար թվում անհույս ու անհեռանկար: Բայց եղավ այլ առաջարկ հանրությանը, եւ այն աշխատեց, բերելով անարյուն, ոչ բռնի, բայց անկասելի փոփոխության, երբ ամեն ինչ սկսվեց ամենեւին ոչ մարդաշատ հանրահավաքից, եւ չշարունակվեց հանրահավաքով, այլ կոնկրետ քաղաքացաիական մասնակցային ռազմավարությամբ: Դա Փաշինյանի եւ քաղաքացիների հաղթանակն էր, եւ այդ հաղթանակի սեփական բաժնեմաս փնտրելու քաղաքական այլ ուժերի որեւէ ջանք խնդիր ունի ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ նաեւ քաղաքական բարոյականության հետ:

Թավշյա հեղափոխության հաղթանակը անշուշտ բոլորինն է, սակայն բոլորինն է այն օրինական, ազատ եւ իրավական հնարավորությունների տեսքով, որ ստանում են բոլորը հետագա քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի գործունեության համար:

Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական դաշտի ահռելի մասը կանգնում է խնդրի առաջ, որովհետեւ, օրինակ, խորհրդարանում չհայտնվելու դեպքում շատ բարդ, անհնար կլինի դրա համար մեղադրել անօրինական վարչակարգին: Ըստ այդմ մնում է թավշյա շանտաժի տարբերակը՝ Նիկոլ Փաշինյանի ցուցակին կցվելու եւ այդպիսով խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ստանալու համար:

Անկասկած է, որ այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա առաջնորդած ուժը չի լինելու միակը: Դեռ շատերը կլինեն, եւ Նիկոլ Փաշինյանը թերեւս դեռ պետք է մերժի շատերին:

Որովհետեւ միասնական ցուցակ հասկացությունն այլ բան չի լինելու, քան «շուկայական ցուցակը»: Իսկ Հայաստանում թավշյա հեղափոխության առանցքային խնդիրներից ու նպատակներից մեկը, եթե ոչ խորքային առումով ամենաառանցքայինը, Հայաստանում շուկայականը իրական քաղաքականությամբ փոխարինելն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache