Սիմվոլիկ որոշում Սէֆիլյանի գործով. ինչ տարավ վարչապետը Մոսկվա

242

lragir.am — Վերաքննիչ դատարանը հունիսի 13-ին որոշում է կայացրել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա գործով անցնող մյուս ազատազրկվածներին ազատ արձակելու վերաբերյալ ՝ նվազեցնելով նրանց պատժաչափերը եւ փոխելով խափանման միջոցը: Սէֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանն ու մյուսները դատարանից ազատ են արձակվել:

Այդ որոշումը մի կողմից սպասելի էր, մեկ այլ տեսանկյունից ունի բավական ուշագրավ տողատակ: Գրեթե աներկբա էր, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության, թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր իշխանության պարագայում Ժիրայր Սէֆիլյանն ու նախորդ իշխանության շրջանում ձերբակալված մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ կազատվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ ազատումը սակայն պետք է լինի արդարադատության, ոչ թե Բաղրամյան 26-ից զանգի միջոցով:

Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի օդանավը կամ մոտենում է Մոսկվային, կամ արդեն վայրէջք կատարում այնտեղ: Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 14-ին: Սակայն մինչ այդ նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ: Այն կլինի երկրորդը՝ առաջինը Սոչիում էր մայիսի 14-ին: Հայտնի է նաեւ, որ Մոսկվա մեկնում է նաեւ Ալիեւը, նույն արարողությանը մասնակցելու նպատակով: Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք միաժամանակ գտնվելու են Մոսկվայում եւ հնարավոր է միջոցառումների համատեղ մասնակցություն:

Ինչն է այստեղ հետաքրքիր: Ժիրայր Սէֆիլյանը հայտնի կասկածներով ձերբակալվեց 2016 թվականի հունիսի 20-ին: Նրա ձերբակալության մասին հայտնի դարձավ գրեթե միաժամանակ, երբ Սերժ Սարգսյանի օդանավն ուղղություն էր վերցրել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ տեղի էր ունենալու Պուտինի նախաձեռնությամբ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը: Այն երկրորդն էր լինելու ապրիլյան քառօրյայից հետո: Առաջին հանդիպումը եղել էր ԱՄՆ նախաձեռնությամբ՝ մայիսի 19-ին, Վիեննայում:

Վիեննայի հանդիպմանը օրակարգ էր բերվել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման հարցը, որն այլ բան չէր, քան արցախյան հակամարտության ռազմա-քաղաքական կառավարման գործում ՌԴ մենաշնորհի ապամոնտաժման ինստիտուցիոնալ նախաձեռնություն: Սանկտ-Պետերբուրգի հանդիպման նպատակն էր որոշակիորեն լղոզել Վիեննան, ինչը պարզ դարձավ հանդիպման ամփոփիչ հայտարարությունից հետո, երբ դրանում որեւէ խոսք չկար Վիեննայի մասին:

Ավելին, դրանից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ թեեւ խոսք չկա հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման մասին, սակայն իրենց համար դա է մնում օրակարգի առաջնային հարց:

Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, որն իրականացրած Սասնա ծռերն իրենց քայլի տարաբնույթ բացատրությունների շարքում նշում էին եւ այն, որ այդպիսով ցանկացել են կանխել նաեւ տարածքային զիջման իշխանության քայլը, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն իբրեւ թե համաձայնություն էր տվել Սանկտ-Պետերբուրգում: Պետերբուրգի հանդիպումից հետո այդ «համաձայնության» մասին հաճախ էին խոսում ռուսական եւ ադրբեջանական որոշ ռեսուրսներ, հավանաբար փորձելով Հայաստանում առաջացնել որոշակի խուճապ եւ սրացումներ:

Այդպիսով, Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպման շեմին ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանը ազատ է արձակվում երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի շեմին: Արդյոք դա խորհրդանշում է որոշակի ցիկլի ավարտ, թե՞ ավելի շատ նոր ցիկլի մեկնարկ:

Բանն այն է, որ Մոսկվայում չի սպասվում Փաշինյան-Ալիեւ հանդիպում, սակայն պետք չէ բացառել նաեւ Պուտինի նախաձեռնությամբ որոշակի ոչ հրապարակային շփումների կազմակերպումը, առնվազն ծանոթության եւ հոգեբանական «հետախուզության» նպատակով: Այդ իմաստով, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը կարող է լինել շոշափելի հոգեբանական պաշար Հայաստանի համար, առնվազն այս պահին, քանի որ հեռանկարում իհարկե Նիկոլ Փաշինյանն ի դեմս Սէֆիլյանի ամենայն հավանականությամբ ձեռք է բերելու քաղաքական մրցակից: Բայց, եթե մրցակցությունը քաղաքական է, դա եւս ամրություն է պետության համար: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մրցակցություն չկա, կամ այն արդեն քաղաքական չէ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache