Լրահոս

Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է դատարան

 

arm146358634230

lragir.am-ը գրում է. Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատը նշանակված է հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին։ Այս գործով դատավոր է նշանակվել Գայանե Մազմանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:
Մասնավորապես նա պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ և 88-րդ հոդվածներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի1087.1 հոդվածի 7-րդ մասի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել,
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
Նշենք, որ լրագրողը 2 օր առաջ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Այս առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ և լրագրողները, և ոստիկանությունը, և քաղաքական գործիչները, և մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաև մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Սամվել Ֆարմանյանը և այլք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից և այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing