Լրահոս

Սիրո փուլերը, կամ որ հորմոններն են ամուսնանալու ցանկություն առաջացնում

 

Յուրաքանչյուր սիրային հարաբերության ընթացքում բոլորիս մտքով, կարծում եմ, անցնում են հետեւյալ մտքերը՝ «ինչո՞ւ են թիթեռնիկներ թեւածում որովայնի հատվածում», «ինչո՞ւ է կարոտի զգացումը կանգնում կոկորդին», «ինչո՞ւ 3 ամիս առաջ սիրուց խելագարվում էի, այսօր արդեն սեղանի շուրջ ուտելիս նրա ճպճպոցն եմ նկատում», «իսկ ինչո՞ւ եմ ձանձրանում նրա հետ հիմա, եթե կարող էի երդվել, որ սիրում եմ մեկ տարի առաջ»: Այս ամենը վայրիվերո առեղծված չէ: Ըստ կենսաքիմիկոս Ա. Պեսկովայի հետազոտությունների՝ կարելի է դուրս բերել սիրային ամեն մի փուլի հորմոնալ բանաձեւն ու վերահսկողության տակ վերցնել այն: Բայց նախ ծանոթանանք կարեւոր մի շարք հորմոնների հետ: Ընդունենք, որ դրանցից յուրաքանչյուրն առավելագույնը կարող է 6 բալ գնահատվել:

Ֆենիլէթիլամին՝ սիրահարվածության հորմոն, որից թրթռում են թիթեռները, ոչ թե քայլում, այլ սավառնում ենք փողոցում եւ կորցնում հավասարակշռված մտածելու ունակությունը:

Դոպամին՝ նպատակասլացության հորմոն, որը մոտիվացնում է մեզ:

Ադրենալին՝ տալիս է հզոր ուժեր ցանկալիին հասնելու համար, «զրկում» է դատողականությունից, շնչակտուր է անում:

Սերոտոնին՝ ուրախության հորմոն. եթե այս հորմոնի մակարդակն իջնում է, մարմինը ցավի նկատմամբ առավել զգայուն է դառնում:

Օքսիտոցին՝ կապվածության հորմոն, որն արտադրվում է օրգազմի ժամանակ, անսահման երջանկության ու սիրելիի նկատմամբ վստահության զգացում է առաջացնում:

Վազոպրեսին՝ արտադրվում է սեքսի ընթացքում, պատասխանատու է էրեկցիայի ու զուգընկերների հավատարմության զգացումի համար:

Էնդորֆին՝ երջանկության հորմոն, որը թուլացնում, հանգստացնում է նյարդերը՝ մորֆինի էֆեկտ ստեղծելով:

Մելատոնին՝ պատասխանատու է քնի ու արթուն փուլերի կարգավորման համար, չափավորության զգացում է ստեղծում:

1-ին փուլ. Խելակորույս վիճակ: Դու սիրահարված ես, բայց դեռ չես խոստովանում ինքդ քեզ: Մինչդեռ օրգանիզմդ արդեն ցուցադրում է իր ողջ տաղանդը: Տեսնելով գայթակղության օբյեկտին՝ ծնկներդ ցնցվում են, մեկ դողում ես, մեկ քրտնում, մեկ թուլանում: Ախորժակդ իսպառ կորել է գրողի ծոցը՝ հալեցնելով կիլոգրամներդ: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնն ամենաբարձրն է՝ իր հետ որոշակիորեն բարձրացնելով նպատակասլացության հորմոնը՝ ուզածին հասնելու, եւ ադրենալինը՝ ուժ տալու համար: Ուրախության հորմոնն այս փուլում ավելի ցածր է, որովհետեւ որոշ պահերի դու քեզ դժբախտ ես զգում: Եվ այսպես, բանաձեւենք առաջին փուլը. ֆենիլէթիլամին` 6 բալ, դոպամին՝ 4 բալ, ադրենալին՝ 4 բալ, սերոտոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. սեւ շոկոլադը, որը կխրախուսի ֆենիլէթիլամինի ու օքսիտոցինի արտադրությունը: Շատ չնեղվելու համար կարելի է դիմել բանանին, թզին ու փափուկ պանրեղենին: Դրանք ամինաթթու տրիպտոֆան են պարունակում, որոնք սերոտոնին են ստեղծում օրգանիզմում:

2-րդ փուլ. Թռչել երկինք: Այս փուլում ամեն ինչ պարզ է. դու սիրահարված ես անբեկանելիորեն: Հիվանդագին ձգտում ես դեպի գայթակղության օբյեկտը, անընդհատ ուզում ես ինքնակամ շղթայվել նրան: Տեղդ չես գտնում, չես կարողանում կենտրոնանալ գործերի վրա: Հաղորդագրությունների ծլնգոցն ավելի շատ է հետաքրքրում, քան աշխատանքային հաշվետվությունների վերջնաժամկետը: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնը շատ բարձր է, դոպամինն ու ադրենալինը` նույնպես: Հենց ադրենալինն է մեզ անհանգիստ աժիոտաժի, առիթմիկ սրտխփոցների ու հուզական ջղաձգումների մեջ գցում: Իսկ, այ, սերոտոնինն անկում է ապրում՝ նվիրելով սիրային տվայտանքների ողջ գունապնակը: Բանաձեւենք 2-րդ փուլը. ֆենիլէթիլամին՝ 6 բալ, դոպամին՝ 6 բալ, ադրենալին՝ 6 բալ, սերոտոնին՝ 1 բալ:

Ի՞նչը կօգնի. ցեյտնոտը պակասեցնելու համար ցանկալի է ուշադրությունը ցանկալի օբյեկտից տեղափոխել մեկ այլ՝ ոգեշնչող զբաղմունքի վրա՝ ընթերցանություն, դասական համերգ կամ գոնե ֆլիրտ: Կփրկի նաեւ սերոտոնինը:

3-րդ փուլ. Եկա, տեսա, տիրեցի: Մտածմունքներն ու սպասումի տառապանքները տեղը զիջում են ունենալու երջանկությանը: Իհարկե, տիրել կարելի է նաեւ ուղղահայաց վիճակում, բայց հորիզոնականում ավելի հարմարավետ է: Վառվռուն, խիտ սեքսն աստիճանաբար կազատի կուտակված սթրեսից ու անորոշության զգացումից, հարաբերությանը նոր երանգներ կտա: Այս ամենը երկուսիդ մեկ ամբողջություն կդարձնի: Ի՞նչ է կատարվում. բնականաբար, նվազել են դոպամինն ու օքսիտոցինը. նրանք իրենց դերը կատարել են: Սերոտոնինը բարձրանում է: Դրան ավելանում են օքսիտոցինն ու վազոպրեսինը` իրենց անսահման երջանկության ու հավատարմության էֆեկտներով: Բանաձեւենք. ֆենիլէթիլամին՝ 4 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 5 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. զբաղվել սեքսով՝ շատ, բազմապիսի եւ նրբաճաշակ: Հորմոնների խթանման կամ զսպման լրացուցիչ կոկտեյլներ պետք չեն: Պարզապես վայելեք էրեկցիա առաջացնող վազոպրեսինն ու երջանկաբեր օքսիտոցինը:

4-րդ փուլ. Բարեւ իրականություն: Դու ավելի հանգիստ ես վերաբերվում սիրո օբյեկտին: Սա տխրեցնող փաստ է, բայց դրական կողմեր էլ ունի: Հարաբերությունները մտերիմ են, վստահության դաշտում: Կրքերը հանդարտվել են, ու դու վերջապես ընտրյալի մեջ կարողանում ես տեսնել անձնավորություն կամ հակառակը՝ ի վիճակի ես տեսնելու, որ չկա անձնավորություն, ու կարելի է ցտեսություն ասել նրան: Ի՞նչ է կատարվում. դոպամինն ու ադրենալինը հետ են քաշվում, հետեւաբար վարդագույն ակնոցը փոխարինվում է խոշորացույցով: Եթե այն, ինչ խոշորացույցով երեւում է, գոհացուցիչ է քեզ համար, կտրուկ աճում է էնդորֆինը: Վերջինս խաղաղեցնում ու բարձրացնում է տրամադրությունը: Ձեր սեքսն այժմ ավելի հոգեւոր ու վեհ է, չնայած՝ դեռ կրքոտ, քանզի օքսիտոցինն ու վազոպրեսինը դեռ շատ բարձր են: Եվ այսպես, ֆենիլէթիլամին՝ 3 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 5 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. որքան հնարավոր է երկար մնալ այս փուլում: Հոգեբանները պնդում են, որ ամենաամուրը հենց այս փուլի ալիքներում նավարկող զույգերն են, նրանք, ովքեր կարողանում են հումորով վերաբերվել հարաբերություններին, կյանքն ընկալում են թեթեւ հեգնանքով ու ավելորդ ոչինչ չեն դրամատիկացնում:

5-րդ փուլ. Սովորական եւ սպասելի: Արեւի վրա սկսում են բծեր երեւալ, այն այլեւս չի կուրացնում: Դեռ մտերիմ եք, բայց էլ չեք գրգռվում մեկ հպումից: Բոլոր սիրային գործողությունները մեխանիկորեն են ու սովորաբար: Սեքսը կազմակերպվում ու պլանավորվում է՝ ինքնաբուխ պատահելու փոխարեն: Շնորհավորում եմ. բարի գալուստ հարաբերությունների վրա աշխատելու շրջան: Բայց ո՞վ ասաց, որ աշխատանքը չի կարող երջանկացնել: Ի՞նչ է կատարվում. ֆենիլէթիլամին՝ 1 բալ, դոպամին՝ 1 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 3 բալ, վազոպրեսին՝ 3 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. ակնհայտորեն ադրենալին է պետք, որի արդյունքում օրգազմատիկ ու էրեկցիաստեղծ հորմոններ օքսիտոցինն ու վազոպրեսինը կաճեն: Այս դեպքում ձեր օգտին կլինեն կենցաղից դուրս կազմակերպված զբաղմունքները: Հոլանդիա՝ իր էկզոտիկ էքսպերիմենտներով, արշավ վրաններով, ծովափ՝ կիսամերկ տեսարաններով, սեքս-շոփ՝ իր զարմանահրաշ աքսեսուարներով. ընտրությունն անհատական է: Կարեւորը` երկուսով անել:

6-րդ փուլ. Տխրամած ձանձրույթ: Դու քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ դու… ձանձրանում ես, գրողը տանի: Քեզ ոչինչ չի զարմացնում, չի շարժում: Նրա սովորությունները, թուլություններն ու տարօրինակություններն էլ չեն հրճվեցնում, նույնիսկ նյարդայնացնում են: Այստեղ ընտրությունը մեծ չէ. եթե դու պատրաստ ես համակերպվել թերությունների հետ, ապա ձանձրալի, բայց հանդարտ ու հավասարաչափ հարաբերություններն ապահովված են: Իսկ եթե քեզ ավելին է պետք, քան այս ամենը, ապա ուրիշ հորմոնալ փոթորիկներ դեռ կհասցնես վայելել. պետք չէ տհաճությամբ պահպանել ձանձրույթը: Ի՞նչ է կատարվում. սերոտոնինն ու մելատոնինը նվազում են, օքսիտոցինն ու վազոպրեսինն՝ առավել եւս: Բանաձեւենք. սերոտոնին՝ 3 բալ, օքսիտոցին՝ 1 բալ, վազոպրեսին՝ 1 բալ, էնդորֆին՝ 1 բալ, մելատոնին՝ 2 բալ: Հորմոնալ պատկերն ընդհանուր առմամբ խունանում է, որի արդյունքում գլուխ են բարձրացնում դյուրագրգիռությունն ու ագրեսիան: Եթե միությունն այս փուլում չի քանդվում, ապա զուգընկերները հորմոնալ պայթյուն են փնտրում ուրիշների հետ կամ կենտրոնանում կյանքի այլ ոլորտների վրա՝ միմյանց հետ ջերմ շփում պահպանելով:

Ամենագլխավորի մասին. ամուսնանալու ցանկությունն առաջանում է դոպամինի, ֆենիլէթիլամինի եւ օքսիտոցինի միաժամանակյա աճի դեպքում: Դա, որպես կանոն, տեղի է ունենում ծանոթությունից 1-1,5 տարի անց: Հորմոնալ ու գիտակից արկածներ եմ մաղթում բոլորին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing