good-banner
Լրահոս

Սկանդալ՝ Մոսկվայի ու Բաքվի միջև…

 

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հետզհետե թևակոխում են առավել լարված փուլ. երկու երկրների միջև նոր ու բավական մասշտաբային սկանդալ է հասունանում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը։

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը, որը Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ հիմնադրվել էր 2001թ-ին, Ռուսաստանում մեղադրվում է այդ երկրում վերջին ժամանակներս ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը խախտելու մեջ։ Ադրբեջանցի գործիչներն իրենց հերթին հանդես են եկել Մոսկվայի հասցեին համապատասխան սպառնալիքներով՝ բացահայտորեն սպառնալով լուծարել «Ադրբեջանի ռուսական համայնք» կազմակերպությունը՝ որպես պատասխան քայլ՝ ընդդեմ Մոսկվայի: Մի խոսքով՝ կողմերը հանդես են եկել միմյանց հասցեին անթաքույց սպառնալիքներով:

Այն, որ հատկապես վերջին շրջանում ռուս-արդբեջանական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չէ, որ ապրում են, փաստում են միանգամից մի քանի իրողություններ, որոնք հիմնականում պայմանավորված են Արցախյան հիմնահարցով. հարաբերությունների սառեցումը սկսվեց ճիշտ այն պահից, երբ Ալիևի համար պարզ դարձավ, որ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը արցախյան ճակատում ու հուսախաբ եղավ:

Ճիշտ է՝ Մոսկվան իր այդ մտադրությունը առնվազը սկզբնական շրջանում ամեն կերպ ջանում էր Բաքվին հայտնի դարձնել առավելապես միջնորդավորված ձևով՝ ասենք իր դաշնակիցների միջոցով, բայց հետզհետե ՌԴ-ին էլ պարզ դարձավ, որ հանձին Ալիևի գործ ունի ոչ թե՝ ասենք նրբանկատ դիվանագետի, այլ սովորական ավանակի հետ, որին պետք է բոլոր հնարավոր միջոցներով սանձել: Ի դեպ՝ Նազարբաևի այցը Բաքու ու դրա ընթացքում Ղազախստանի նախագահի խաղաղասիրական հայտարարությունը պատվիրված էր հենց Կրեմլից. Մոսկվան գործի է դրել ԵՏՄ-ում իր ծանր հրետանուն ու փորձում է Բաքվին ամեն գնով հետ պահել արկածախնդիր պատերազմ սանձազերծելուց:

Ակնհայտ է, սակայն, որ Բաքուն չի ցանկանում խոնարհ հարսի կեցվածքով հանդես գալ Պուտինի առաջ, ինչն, իր հերթին, հունից հանում է Կրեմլին, ու վերջինս ստիպված գործի է դնում ձեռքի տակ եղած մտրակներից մեկը՝ հասկացնելու իր համառ գործընկերոջը, որ այժմ Ռուսաստանի թիկունքում արյունոտ խաղեր տալու ժամանակը չէ. «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի դեմ Կրեմլի քայլերը հարկավոր է դիտարկել հենց այս կոնտեքստում:

Բանն այն է, որ Ալիևը, ցուցաբերելով կամակոր վարք, կամա-ակամա, իսկ առավել հավանական է՝ դիտավորյալ կերպով հարցականի տակ է դնում Ռուսաստանի հեղինակությունն Անդրկովկասում: Չմոռանանք, որ Պուտինի թիվ մեկ գերխնդիրն Անդրկովկասում իր գերիշխող ու անվիճելի դիրքը աշխարհին փաստելն է: Իսկ նմանատիպ կեցվածքով Բաքուն սասանում է Մոսկվայի հեղինակությունը թե՛ Անդրկովկասում, թե՛, որ առավել կարևոր է, աշխարհում (իհարկե, ոչ առանց Արևմուտքի կողմից թաքուն աջակցություն ստանալու), ու հիմա Մոսկվան հայտնվել է «երկու քարի արանքում». մի կողմից՝ սեղանին դրված է Կրեմլի հեղինակությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ այդքան կարևոր հարաբերություները. դատելով ամենայնից՝ Մոսկվայում որոշել են Բաքվի հետ խոսել ուժի դիրքերից:

Իսկ ի՞նչ կարող է այս ամեը նշանակել մեզ՝ հայերիս համար: Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մտադիր չէ գոնե տեսանելի ապագայում արցախյան հակամարտության սրացում թույլ տալ, քանի որ դա չի բխում իր կենսական շահերից: Հետևաբար՝ գոնե այս փուլում Հայաստանն, ունենալով շահերի ընդհանրություն Մոսկվայի հետ, կարող է վստահ լինել՝ եթե անգամ Ալիևը գնա նոր արկածախնդրության, որի հավանականությունը գրեթե զրոյական է, Կրեմլը դրա վրա աչք չի փակի ու կանի ամեն ինչ՝ Բաքվին իր տեղը ցույց տալու համար. պատերազմի վտանգն է՛լ ավելի է հեռանում մեզանից:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara