Լրահոս

Սկանդալ Գյումրիում՝ ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում

 

Այսօր վաղ առավոտից ՀՀԿ-ն քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում: Վերջին կանգառը մարզկենտրոն Գյումրին էր, որտեղ քարոզարշավն այնքան էլ հարթ չընթացավ: Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթի ընթացքում ամբոխը ճեղքելով առաջ եկավ Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, ով հայտնի առավել է «ՍՈՍ» հաղորդաշարից:

Վերջինս բռունցք պարզելով վարչապետին բղավում էր. «Սպանել եք Հաց բերողին, ինչ թասիբով եք էստեղ եկել»: Քաղաքացիական հագուստներով ոստիկանները նրան անմիջապես հեռացրին ամբոխի միջից: Մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ուր տեղափոխեցին նրան: Ներկաներից մի քանիսը միայն նկատել էին, որ ինքնակամ հեռացել էր:

Նկատենք, որ նրա հայտնվելուն պես վարչապետը մի քանի վայրկյան անակնկալի եկավ, ապա հավաքելով իրեն շարունակեց ելույթը: ՀՀԿ-ն Շիրակի մարզում 2000 աշխատատեղ ստեղծելու խոստում տվեց: Վարչապետը խոսեց մարզում 41մլն ներդրում կատարելու ծրագրից: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ շտապեց ավետել, թե հնարավոր է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխվի, մի գաղափար, որի շուրջ տարիներ շարունակ խոսվում է, սակայն չի իրագործվում:

Այն ըստ նախարարի հատկապես իրատեսական կլինի հյուսիս-հարավ մայրուղին կառուցելուց հետո: Երբ Երևանից Գյումրի հասնելը ոչ թե ժամերի, այլ րոպեների հարց կլինի:Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ փորձեց գյումրեցիների սրտերը շահել՝ հիշելով Պոլոզ Մուկուչին, Ֆայտոն Ալեքին, նրանց թևավոր խոսքերից՝ Աշխարհի կենտրոնը Գյումրին է: Ուշագրավ էր, որ ՀՀԿ հանդիպմանը Գյումրու թատերական հրապարակը լեփ-լեցուն էր:

Արդյոք քաղաքացիներն ինքնակամ էին եկել, հարցվածներից մի քանիսը հաստատեցին, որ վարչապետին տեսնել էին ուզում: «Հբը ինչխ, էս արև եղանակին, մարդիկ եկել են, մեր երկրի վարչապետն է, կսազեր որ չգայինք»,-փոքր-ինչ բարկանալով նկատեց մի տիկին, ով ի դեպ պարզվեց, ավագ դպրոցի աշխատակցուհի էր: Նշենք, որ վարչապետին ամբողջ ընթացքում սատար կանգնեցին եւ կողքից չհեռացան Շիրակի մարզում ՀՀԿ ցուցակով առաջադրված բոլոր կին եւ տղամարդ պատգամավորները:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara