Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը

3

Ժամանակ առաջ Ադրբեջանում անցկացված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ժամանակ ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ:

NEWSPRESS.am-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր զորավարժություններին՝ հաղորդելով, որ զորավարժությունների ընթացքում օգտագործվել է նաև Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգ:

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը Հայաստանում հայտարարեց.

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»:

Վերջերս NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ Միլան Շտեխի հավաստիացումները, մեղմ ասած, ճիշտ չեն, ավելին՝ Չեխիայում արտադրվող զինատեսակներն Ադրբեջան են հասել Իսրայելի միջոցով. երկիր, որի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Չեխիայի արտգործնախարարը հիանալի տեղյակ է, որ զենքի արտահանման գործընթացների մեջ կարևորագույն եզր է՝ վերջնական օգտագործողի (enduser) գաղափարը: Չեխիայի արտգործնախարարությունը և զենք արտահանող կազմակերպությունը համաշխարհային ռազմական, փորձագիտական վերահսկողությանը խաբելու համար enduser-ը (վերջնական օգտագործող) Ադրբեջանի փոխարեն գրել են Իսրայել՝ նախապես պայմանավորվելով իսրայելցի գործընկերների հետ, որ զենքը գնալու է Ադրբեջան:

Բնական է, որ Ադրբեջանն առատորեն վարձատրել է իր խաբեբա գործընկերներին: Ավելին ասենք՝ ուշադրությունը Չեխիայի վրայից շեղելու համար այս սկանդալային գործընթացն իրականացնողները դեպի Իսրայել արտահանման լիցենզիան ձևակերպել են Սլովակիայի արտգործնախարար Միլան Լայչակի միջոցով: Սլովակիան, որը Հայաստանի հետ կապված է բացառիկ լավ կապերով, բացարձակորեն դեմ է այս խայտառակ գործարքին, որին խառնվել է իր երկրի բարձրագույն ներկայացուցիչը:

Այս օրերին տվյալ սկանդալը Չեխիայից տեղափոխվել է նաև ԱՄՆ, քանզի ինչպես բոլորս գիտենք, ԱՄՆ-ն որոշակի խիստ բացասական վերաբերմունք է սկսել դրսևորել Ադրբեջանի նկատմամբ:

Նշենք, որ Իսրայելի միջոցով զենքի տեղափոխումն Ադրբեջան մեծ աղմուկ է բարձրացրել տարբեր երկրներում, և չի բացառվում, որ դա կապված է մեր հրապարակման հետ:

Բացի այդ, չեխական մամուլը նույնպես արձագանքել է Չեխիայի կողմից զենքի վաճառքին, և նյութը վերատպվել է մի շարք պարբերականներում: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի նկատմամբ վերջին կոշտացումները հենց կապված են նաև զենքի վաճառքի հետ:

Կրկին հարց է ծագում, թե ինչո՞վ է զբաղված ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը, երբ Չեխիայի և Սլովակիայի դեսպան (նստավայրը՝ Պրահա) Տիգրան Սեյրանյանի և հենց նրա՝ ԱԳ նախարար Նալբանդյանի աչքի առաջ, Չեխիայում բացառիկ ակտիվությամբ աչքի ընկնող նրանց գործընկերը՝ Ադրբեջանի դեսպանը, կարողանում է Հայաստանի դեմ նման դեմարշ կազմակերպել մեր լավ գործընկեր երկրում:

Ըստ մեր աղբյուրների՝ այդ զենքերը, որոնք Չեխիան վաճառել է Ադրբեջանին, ներկայացնում են այսօրվա բարձրագույն տեխնոլոգիաները և անասելի վնաս կարող են հասցնել Հայաստանին՝ պատերազմը սանձազերծելու դեպքում:

Իրավիճակը բոլորովին այլ կարող էր լինել, եթե Հայաստանը Չեխիայում և Սլովակիայում ունենար իսկապես փորձառու դիվանագետ և ոչ հայկական օլիգարխիայի և կոռումպացված իշխանության շահերը Պրահայում և Կառլովի Վարիում ներկայացնող միջնորդ-առևտրական:

Սպասենք զարգացումներին՝ նշելով, որ NEWSPRESS.am-ը շարունակելու է հետևողական լինել Չեխիայի կողմից Ադրբեջանին զնեքի վաճառքի վերաբերյալ մանրամասներին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache