Սկսվե՞ց. Պատրաստվել է պետք ամենավատին

0

Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:Արցախի ՊՆ-ն նաեւ զգուշացրել է, որ լինելու է անհամարժեք ու ցավոտ պատասխան, «սադրանքները շարունակվելու դեպքում»:

Արդյոք իրականությանն ավելի մոտ է դառնում փորձագիտական այն շրջանակների ենթադրությունը, ըստ որոնց՝ Ժնեւի հանդիպումը հայկական կողմի նահանջն էր Վիեննայի օրակարգից, այն է՝ բանակցությունը սկսելու համար հետաքննության մեխանիզմների տեղակայման ու անվտանգության միջոցառումների պայմաններից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կրկին վերադարձրեց «կրակելու իրավունքը»:

Ինչ նախագահները չէին հանդիպում, այսինքն՝ հայկական կողմը պնդում էր այդ պայմանները, նման հաղորդագրություններ վերջին ամիսներին կարծես թե չկային: Ժնեւից հետո ադրբեջանցիները սպանեցին հայ զինվորի եւ կրակեցին ականանետից ու Սպայկից: Ադրբեջանի Պաշտպանության նախարարը օրերս հրահանգել է «վճռականորեն կասեցնել հակառակորդի սադրանքները»:Ադրբեջանի նախագահը կանգնած էր լուրջ խնդրի առջեւ: Նա իր հանրությանը, որին խոստումներ էր տվել, կամ պետք է բացատրեր, թե ինչու չի ուժով լուծում հարցը, կամ էլ ասեր, որ հայերը նահանջել են իրենց պայմաններից, նստել են բանակցության, եւ իր դիվանագիտությունը հաղթել է: Այս վերջինն էլ նրանք անում են դեռեւս Ժնեւից առաջ:

Բայց քանի որ լուծում չկա, պետք է «հաղթական դիվանագիտությունը» ամրապնդվի սահմանին նորից լարվածության մեծացմամբ, ինչը կներկայացվի որպես հայերին զիջումների հարկադրելու ձեւ:

Դա առավել եւս կարեւոր է իշխող ռեժիմի համար՝ Ադրբեջանում կայանալիք նախագահի ընտրությանը նախորդող ժամանակաշրջանում:Ադրբեջանի իշխող ռեժիմին հույժ անհրաժեշտ էր իրավիճակը վերադարձնել նախաապրիլյան տրամաբանությանը, չեղարկել Վիեննայի աննպաստ օրակարգը եւ գոնե Ղարաբաղի խնդրում դուրս գալ աննախադեպ մեկուսացումից, որին ենթարկվել էր Ադրբեջանը մի քանի ուղղություններով:Ադրբեջանն այս հարցում միայնակ չէ եւ ունի շահընկեր՝ Ռուսաստանը, որը նույնպես շահագրգռված չէ խնդրի լուծմամբ, քանի որ դա իր ներկայության վերջն է տարածաշրջանում:

Մյուս կողմից, «կարգավորման» հարցում գերիշխող դիրք պահպանելու համար Ռուսաստանին ձեռնտու չէ կայունությունը շփման գծում, այդ դիրքը Մոսկվան կարող է պահպանել միայն լարվածության պայմաններում:Ակնհայտ է այս հարցերում Բաքվի ու Մոսկվայի շահերի համընկնումը:Արդյոք իրադարձությունները կընթանան այս սցենարով: Այդ պարագայում հայկական զինուժը պետք է պատրաստվի երկարատեւ լարվածության ու դիմակայության:Հետաքրքիր է, ի՞նչ են պայմանավորվել Ժնեւում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache