Լրահոս

Սկսվել է ետհաշվարկը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի ոսկեդարը կարծես թե ավարտվում է, և սկսվում է նրա  բարձր վարկանիշի ետհաշվարկը: Կառավարության նիստի օրերին կառավարության շենքի դիմաց բոողքի ակցիաների ավանդույթները վերականգնվում են՝ մի օր այստեղ տաքսիստներն են հավաքվում, մեկ այլ օր՝ <<Առինջ մոլ>>,  <<Փեթակ>> տոնավաճառների առևտրականները, ովքեր պահանջում են բարելավել հարկային միջավայրը և իրենց նորմալ վաստակելու հնարավորություն տալ: Կոնկրետ  պատասխաններ այս պահին Կարեն Կարապետյանը չունի ոչ միայն տաքսիստների և առևտրականների, այլ նաև ներկրողների հարցերին: Բանն այն է, որ պաշտոնն ստանձնելու առաջին օրերին Կարեն Կարապետյանն արեց խրոխտ հայտարարություններ, որոնց տակից դուրս գալը մեղմ ասած հեշտ չէ: Ավելին՝ այս ասածներին հավատարիմ մնալը իրատեսական չէ, որովհետև դրա համար առնվազն  ներքին հեղափոխության անհրաժեշտություն կա:

Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այսուհետ ցանկացած մարդ կարող է օրենքի շրջանակում ցանկացած ապրանք ներկրել Հայաստան և որևէ խոչընդոտի չի հանդիպի: Իսկ հանդիպելու դեպքում կստանա անձամբ վարչապետի աջակցությունը: Հեռուսոտաելույթներից մեկի ժամանակ վարչապետն անգամ խորհուրդ տվեց զանգել իրեն:

Դրանից հետո հանրային լայն արձագանք ստացավ բանանի դարակազմիկ պատմությունը, երբ հանկարծ պարզվեց, որ բացի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից՝ կա ևս մեկ ներմուծող, ով պատրաստվում է բանան ներմուծել: Բանան ներմուծողի անունը այդպես էլ հայտնի չդարձավ, փոխարենը հանրությանը ներկայացվեց շոու ծրագիր, թե բանան ներմուծողները հանդիպել են խոչընդոտի, իսկ ՊԵԿ-ը հերոսաբար լուծել է այդ անհայտ ներկրողի բոլոր հարցերը: Իսկ թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր. այդ ներկրողն այդպես էլ երկրորդ անգամ բանան չներմուծեց,  քանի որ նրա առաջին անգամվա ներմուծած բանանը՝ ամբողջը, գնել էր ոչ այլ ոք, քան բանանի հիմնական ներկրող և միակ մոնոպոլիստ Միհրան Պողոսյանը: Այո՛, նա գնել էր մի քանի բեռնատար բանանը և խորհուրդ տվել ներկրողին՝ էլ դրանով չզբաղվել: Բանանի պատմությունից առավել հուզիչ է կերոսինի պատմությունը:

Վարչապետի հայտնի հայտարարությունից հետո, թե յուրաքանչյուր ոք կարող է հանգիստ Հայաստան ներմուծել իր ուզած ապրանքը, «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ն՝ Իրանից որոշում է կերոսին ներկրել Հայաստան: Պատկերացրեք, որ դա նրան հաջողվել է. առաջին անգամվա խմբաքանակը նա հաջողությամբ ներկրել և իրացրել է:

Սակայն երկրորդ անգամ շուրջ 460 տոննա կերոսիննը՝ մոտ 19 բեռնատար, երեք շաբաթ մնացել է մաքստանը, և տնտեսվարողին թույլ չեն տվել այն մտցնել Հայաստան՝ պատճառաբանությամբ, թե չի համապատասխանում տեխստանդարտի պահանջին:

Ապրանքը Ագարակի մաքսային գոտում երեք շաբաթ պահելուց հետո ընկերությունը այն կրկին ետ է ուղարկել  Իրան՝ բնականաբար կրելով տնտեսական վնասներ: Նախ կերոսինի համար Հայաստանում և ընդհանրապես ԵԱՏՄ տարածքում տեխնիկական կանոնակարգ սահմանված չէ, և այս մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ, եթե անգամ կա նման ստանդարտ, ապա ինչպե՞ս է առաջին անգամ այս ապրանքի ներկրումը թույլատրվել: Եթե մի անգամ թույատրվել է, ապա ինչո՞ւ հաջորդ անգամ չի թույալտրվել: Գուցե այն պատճառով, որ ներկրումը ՌԴ-ից չի կատարվում, կամ էլ այն պատճառով, որ ներկրողը իշխանությունների սիրելի Ֆլե՞շը չէ:

Մոտ երկու ամիս առաջ վարչապետը հայտարարեց, թե բենզինի և դիզվառելիքի անվան տակ Հայաստան է ներմուծվում կերոսին, և ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխինկայի մեջ վառելիքի փոխարեն այլ բան է եղել: Հարց՝ որտե՞ղ էր այդ նույն ստանդարտն այն ժամանակ:

Այսինքն ՝կան բոլոր հիմքերը հասկանալու, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը, ինչպես և նրա նախորդները, պաշտպանում է միայն օլիգարխների շահերը:

Հայկ  Դավթյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing