Սկսվում է. Բոլորը պետք է հիշեն ամենակարեւորը

0

Ապրիլի 13-ին Քաղաքացիական պայմանագրի քայլերթի մասնակիցները մտնելու են Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա քառօրյա հանրահավաքներ են սկսվելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Միեւնույն ժամանակ, տեղի են ունենալու ակցիաներ՝ փողոցների, Ազգային ժողովի շենքի, պատգամավորների բնակարանների շրջափակում՝ թույլ չտալու համար Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քվեարկությունը:

ՀՀԿ ԳՄ-ն որոշել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը ապրիլի 14-ին ներկայացնել խորհրդի քննարկմանը, որից հետո պաշտոնապես տեղի է ունենալու առաջադրումը: իսկ խորհրդարանում քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին:Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իր որոշման մասին կասի ամենավերջին պահին, սակայն փաստացի հայտարարեց 10 օր առաջ, Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին հավաքների ու երթերի կապակցությամբ: Ոստիկանությունը կազմակերպիչներին կոչ է արել չսահմանափակել այլոց իրավունքներն ու գործունեությունը, հիմնարկների ազատ ելումուտը: Հակառակ դեպքում դա կդիտվի որպես օրենքի խախտում եւ կունենա իրավական հետեւանքներ:Այսօր ոստիկանությունն արդեն դիմել է գործողության՝ Մաշտոցի պողոտայից հեռացրել է ճանապարհը փակած քաղաքացիներին, ինչպես նաեւ մի պահ Բաղրամյան պողոտայում կանգնեցրել ավտոերթը:Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ բոլոր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ թվում, ոստիկանական շղթայի ճեղքումը:

ՔՊ-ն հայտարարում է, որ շենքերի շրջափակումը կախված է մասնակիցների թվից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հավաքվեն տասնյակ հազարներ, եւ ինքը չիրականացնի իր ծրագիրը, հեռանալու է քաղաքականությունից:Եթե հրապարակում հավաքվում են տասնյակ հազարներ, եւ տեղի են ունենում վերը նշված գործողությունները, այդ թվում ճեղքման փորձը, խաղաղ պայքարի հաջողությունը կախված է լինելու նաեւ ոստիկանության պահվածքից: Այն իմաստով, որ ոստիկանությունը չի դիմի ուժային գործողությունների: Դրա փորձն ու նախադեպը Հայաստանում կա:

Մյուս տարբերակը ուժայինն է:Առայժմ պարզ չէ, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե քառօրյա շուրջօրյա ակցիաների արդյունքում չհավաքվեն տասնյակ հազարավոր մարդիկ:Ամեն դեպքում, ներքաղաքական պայքարի ներկայիս փուլում դիմակայության բոլոր կողմերը պետք է հիշեն ամենակարեւորը՝ քաղաքական պատասխանատվության լիարժեք ստանձնումը արդյունքի ու հետեւանքների համար, առանց արդարանալու ու մեղադրելու: Մի բան, որը չի եղել նախկինում եւ որը հանրային ներկայիս անվստահության հիմնական պատճառն է: Դա արդեն իսկ կլինի կարեւոր արդյունք:Իսկ սկզբի համար ՀՀԿ-ն պետք է դադարեցնի շեփորել այն թեզը, թե ժողովուրդը քվե ու իշխանության ձեւավորման մանդատ է տվել իրեն: Բոլորն, այդ թվում «քվե տվածները» գիտեն, թե ինչ է տեղի ունեցել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache