Լրահոս

Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից

 

dc13a16070cc2176996fe0663a1cad8d

ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է, վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի, այս ՊՈԱԿ-ը պարտավոր է հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում անել համառոտ տեղեկանքում:

Կառավարություն-հասարակություն կապի ամրապնդման նպատակով հեռուստահաղորդումների, կայքերի, հանրապետական թերթերի մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում համառոտ տեղեկանքում եւ ռիսկերի կառավարում է իրականացվում, ինչպես նաեւ օտարալեզու լրատվամիջոցների մշտադիտարկում եւ համապատասխան տեղեկանքներ են պատրաստվում: Աշխատանքային օգտագործման տեղեկանքները տրամադրվում են վարչապետին եւ կառավարության աշխատակազմին:

Տարվա 12 ամսվա ընթացքում, 2 300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ: Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ:

ՊՈԱԿ-ը նաեւ իրակացնում է ՀՀ կառավարության գործունեության լուսաբանում էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ներում հոդվածների, տեղեկատվական նյութերի հրապարակման տեսքով, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվական եւ վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելով:

Տարվա 12 ամսվա ընթացքում նախատեսված է նման բովանդակությամբ 5480 նյութ հրապարակել, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը կազմում է 15 հազար 100 դրամ: Այս աշխատանքների համար էլ մեկ տարվա ընթացքում նախատեսված է ծախսել 82 միլիոն 748 հազար դրամ:

Մեր ճշտող հարցին՝ տեղեկատվական եւ վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելը դա նույնն է, ինչ սոցցանցերում ստատուս գրե՞լը, ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը միանգամից ասաց, որ հարցը գրավոր ներկայացնենք: Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, գրավոր հարցում կանենք, բայց պայմանագրում այնքան պարզ է գրված այդ ամենը, որ այն հրապարակում ենք մինչ Աբրահամյանի պատասխանը ստանալը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing