Լրահոս

Սոչիից առաջ Սերժ Սարգսյանի ապտակն Ալիեւին

 

Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով բավականին կոշտ եւ կտրուկ է արձագանքել Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե ղարաբաղյան խնդրում «բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի»: Ալիեւն այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի կառավարության նիստում:Սերժ Սարգսյանը դրան արձագանքում է բավական կտրուկ եւ չոր, իր խոսնակի միջոցով հայտարարելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ:

Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել», news.am-ին հայտնել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, հայտարարելով, որ բանակցության գնալը ամենեւին չի նշանակում հայկական կողմի հետքայլ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից:Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը ուշագրավ է ինքնին, սակայն առավել հետաքրքիր է հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ ու ԵՏՄ նախագահների հավաքների ֆոնին:

Բանն այն է, որ Ալիեւը նախկինում էլ արել է բանակցային գործընթացի ու ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարություններ, բայց Սերժ Սարգսյանը ոչ միշտ է նպատակահարմար գտել դրանց պատասխանելն ընդհանրապես, եւ առավել եւս` կոշտ պատասխանելը:Ըստ այդմ հարց է, թե արդյոք ներկայիս պատասխանը պայմանավորված է Սոչիի հավաքով եւ այդ հավաքի շրջանակում կապված որեւէ սպասումով, հաշվի առնելով այն, որ Սոչիում է լինելու նաեւ Ալիեւը:Այդ հանգամանքը առաջացրել է հարց, թե արդյոք հնարավոր է Սարգսյան-Ալիեւ հանդիպում՝ Պուտինի հովանու ներքո: Պաշտոնապես այդպիսի հանդիպման հնարավորության մասին չի ասվել ոչինչ, թեեւ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին, որ Սարգսյանն ու Ալիեւը պատրաստ են հանդիպման:Սակայն նրանք չեն հայտնել, թե որտեղ եւ երբ է հնարավոր այդ հանդիպումը:

Հանգամանքը, որ Սարգսյանն ու Ալիեւը հոկտեմբերի 11-ին միաժամանակ կլինեն Սոչիում, հիմք է տվել շատերին առնվազն հարց տալ հանդիպման հնարավորության մասին:Մյուս կողմից, չի բացառվում, որ ֆորմալ առումով չլինի ոչինչ, սակայն Պուտինը փորձի կազմակերպել այսպես ասած ոչ ֆորմալ, տեղեկատվական աչք ու ականջից հեռու հանդիպում կամ զրույց, Սարգսյանի ու Ալիեւի միջեւ:Կա՞ այդպիսի մտադրություն, եւ արդյոք Սարգսյանն Ալիեւի հայտարարությանը կոշտ արձագանքով գործնականում հենց Երեւանից է սկսում այդ զրույցը, նախապես դնելով բավական բարձր նշաձող:

Թե՞ Սարգսյանն այդպիսով արձագանքում է ոչ թե եռակողմ, այլ Պուտին-Ալիեւ ֆորմատով որեւէ զրույցի կամ հանդիպման հավանականության, ըստ այդմ բավական կոշտ արձագանքով փորձելով ցույց տալ, որ Հայաստանի համար ցանկալի չի լինի Ալիեւի հետ Պուտինի որեւէ զրույց:Գուցե նույնիսկ հենց այդ նպատակն ունի Սարգսյանի գրական ձեւակերպված, սակայն տողատակում բավական թափանցիկ ֆոլկլորային իմաստ պարունակող արտահայտությունը այն մասին, թե ինչ են ասում խոստումից եւ պայմանավորվածությունից հրաժարված մարդկանց:Առավել եւս, որ Պուտինն էլ գործնականում իրեն ընդգծված կերպով պահում է այդ մտածողության մեջ, եւ ըստ այդմ Սարգսյանը կարծես թե փորձում է Պուտինին ակնարկել, որ չի կարելի գործ ունենալ խոսքից հետ կանգնողի հետ:

Մյուս կողմից, բացառված չէ, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման համաձայնություն տրվել է պայմանով, որ կողմերից որեւէ մեկը չի անում հայտարարություն, որով կփորձի ցույց տալ, թե զիջել է մյուսը, սակայն Ալիեւը խախտել է այդ պայմանը:Բանն այն է, որ Սարգսյանի արձագանքը ընդհանուր առմամբ նվազագույնը հարց է առաջացնում, թե արդյոք նա կասկածի տակ է դնում Ալիեւի հետ հանդիպելու նախնական համաձայնությունը, թե՞ փորձում է որսալ պահն ու բարձրացնել այդ հանդիպմանն օրակարգային նշաձողը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing