Լրահոս

Սոցիալապես անապահով խավի մասին խոսելիս հիշեք, որ երկրի 70%-ն աղքատ է, այդ թվում՝ ուսուցիչներն ու մյուս մտավորականները

 

timthumb

Անկախության 25-րդ տարեդարձի օրը վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը՝ նշելով, որ առաջարկվել է սակագնի հաշվարկի մեթոդաբանությունը փոխել, ինչպես նաև տարանջատել սոցիալապես անապահով խավերին սոցիալապես ապահով խավերից:

Այն, որ սակագների հաշվարկման մեթոդաբանությունը մտացածին մի բանաձև է, որի շնորհիվ հնարավոր է ցանկացած ցանկալի սակագին «ստանալ», վաղուց գաղտնիք չէ: Ի դեպ, այս հարցին Orer.am-ը նախկինում անդրադարձել է՝ ներկայացնելով, որ գազի սակագնի հաշվարկում կան կամայականություններ, որոնք այնքան էլ դժվար չէ ապացուցել:

Ու հիմա հարգարժան վարչապետի կողմից արված սակագնի հաշվարկման մեթոդաբանությունը փոխելու առաջարկը մի տեսակ զարմանք է հարուցում: Ստացվում է, որ ինչպես գազի ոլորտը երկար տարիներ ղեկավարած Կ. Կարապետյանը, այնպես էլ մյուսներն այդ մասին գիտեն, բայց այն երկար տարիներ շատ սիրահոժար թաքցրել են հասարակությունից: Ստացվում է՝ երկար տարիներ ձեռք ձեռքի տված սակագնի հաշվարկի բանաձևի մեջ կորուստների ու անհասկանալի այլ գործակիցների ավելացման շնորհիվ տարիներ շարունակ ժողովրդից քամել են վերջին կոպեկները:

Իսկ հիմա, երբ արդեն եկել է բարիանալու ժամանակը, նույն այդ խմբին օդ ու ջրի պես պետք է այդ վայ-մեթոդաբանությունը փոքր-ինչ վերանայել, այսինքն՝ հավանաբար «կորուստներ» կոչվող տողի թիվը մի քիչ փոքրացնել:

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ու ապահով խավերին տարանջատելուն, ապա մեր վարչապետին տեղեկացնենք, որ երկրի մոտ 40%-ը ծայրաստիճան աղքատ է, իսկ 30%-ը աղքատ, ու եթե անգամ մարդիկ աշխատանք ունեն, ապա ստացած աշխատավարձն այնքան է, որ կարողանում են ընդամենը աշխատանքի գնալ ու վերադառնալ, կենցաղային հարցերի մի մասը լուծել և, որ ամենակարևորն է, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի վարձավճարները մուծել: Այնպես որ, սոցիալական խմբերի հարցերը քննարկելու ժամանակ ավելի հեշտ կլինի ողջ ազգաբնակչության ցանկից հանել միայն ապահովված ընտանիքներին ու բոլոր որոշումները մնացած 1,5 մլն ժողովրդի համար կայացնել:

Հ.Գ. «Անապահով բնակիչներ» արտահայտությունն արտաբերելուց առաջ հիշեք, որ անապահով խավի ներկայացուցիչներ են նաև ուսուցիչները, պոլիկլինիկաներում աշխատող բուժանձնակազմը, գիտաշխատողները, գրողները, նկարիչները և շատ այլ ոլորտների ներկայացուցիչներ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing