Լրահոս

Սպանություն սպանության հետևից. Իրավապահ համակարգի քաղաքական խեղման հանրային հետևանքները

 

1435578837-6781-1

1in.am —  Երեկ Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երևանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաև քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են գրեթե առօրյա երևույթ, լինեն դրանք սառը զենքի, թե հրազենի գործադրմամբ։ Երեկ տեղեկություն էր ստացվել նաև Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության մասին, նա դարձել էր դանակահարության զոհ։

Ակնհայտ է, որ այս ամենը հասարակության մեջ առկա մի շարք խորքային երևույթների վտանգավոր միահյուսման վկայությունն է, և միաժամանակ նաև այս ամենին Հայաստանում իշխանական համակարգի անհաղորդ լինելու, ոչ ադեկվատ գնահատականի և վերաբերմունքի վկայությունը։ Սա հետևանքն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այժմ շարունակում է իր գլխավոր խնդիրը համարել ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանությանը սպառնացող վտանգներին օպերատիվ և լիարժեք արձագանքելը։

Եվ սա արդեն երկու տասնամյակ շարունակվող մի իրականություն է, որը ըստ էության վերածվել է արդեն մտածողության, հոգեբանության, այսպես ասած ինքնահոսի։ Այսինքն, այստեղ այլևս չեն գործում հատուկ հանձնարարությունների մեխանիզմները, իրավապահ համակարգերն այլևս երկու տասնամյակի գործունեության արդյունքում ինքնածրագրավորվել են այդ թեքումով։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր վտանգներին, ապա այստեղ այդ համակարգերը միշտ օպերատիվ են, միշտ գործում են բարձր արդյունավետությամբ։

Եվ ի դեպ, սա նաև հուշում է, որ հարկ եղած դեպքում, կապված ըստ խնդիրների, առաջնահերթությունների սահմանման, այդ համակարգերը ունեն բավարար պրոֆեսիոնալ ներուժ, ասնագիտական կոմպետենտություն մարտահրավերներին արձագանքելու և դրանց լուծում տալու համար։

Ամբողջ հարցը այն է, թե ուր է ուղղվում այդ ներուժը, այն ծառայեցվում է հասարակության և պետության շահերին, թե ընդամենը իշխանական վերնախավի, որն ունի մեկ խնդիր` վերարտադրել և անվտանգ պահել սեփական իշխանությունը, դրանից բխող տնտեսական առավելություններն ու շահերը։ Իսկ քանի որ այդ ամենն էլ ձեռք է բերվում հանրային ռեսուրսների հաշվին, թե նյութական, թե հոգեբանական, իշխանության անվտանգության ապահովումը տեղի է ունենում հասարակական անվտանգության թերապահովման հաշվին։ Դա գրեթե աքսիոմատիկ իրավիճակ է, որի հետևանքներն էլ զգացվում են հասարակական օրգանիզմում տեղի ունեցող տարաբնույթ արատավոր երևույթների տեսքով։ Դրանք տարբեր ժամանակահատվածներում կարող են դսևորվել տարբեր ձևերով, արտահայտվել տարբեր երևույթների բռնկման տեսքով, սակայն այդ ամենն ունի մի ընդհանուր հատկություն` քայքայվում է հանրային օրգանիզմի անվտանգության համակարգը։

Ամենախնդրահարույցն այն է, որ Հայաստանում իրավապահ կառույցները ընդհանուր առմամբ անկասկած ունեն այն պրոֆեսիոնալ իսկապես կարևոր և կարող շերտը, որն ունակ է ապահովել հանրային օրգանիզմի անվտանգությունը բարձր մակարդակով, բայց որը իբրև երևույթ երկու տասնամյակի ընթացքում հարմարեցվել է իշխանության սուբյեկտիվ պահանջներին, օբյեկտիվորեն բերելով հանրային օրգանիզմում ավելի ու ավելի վտանգավոր դարձող մետաստազների։

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing