Սպասելի հարված. Փաշինյանը պատրա՞ստ էր դրան

188

1in.m — Երևանի խոշոր առևտրային ցանցերում տեղի է ունեցել գնաճ, ինչը ուղղակիորեն պայմանավորվում է նրանով, որ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել նրանց գործունեության մասով և հայտնաբերել անօրինական սխեմաներ, որոնք ձևավորվել են նախկին քաղաքական իշխանության համաձայնությամբ:

Խոշոր առևտրային ցանցերը ոչ միայն թանկացրել են մսամթերքի և գյուղմթերքի գինը, այլ նաև նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, հանդիպման համար, ասելով, որ վտանգի տակ է իրենց գործունեությունն ու մոտ 10 հազար աշխատողի աշխատանք: Ասել, թե սա անսպասելի քայլ է, երևի թե այդքան էլ ճիշտ չի լինի: Խոսքը խոշոր ցանցերի մասին է, որոնք շրջանառում են միլիարդավոր դրամներ և, ըստ այդմ, ներկայումս ունեն շահերի լրջագույն խնդիր, հետևաբար անսպասելի չէ, որ նրանք փորձում են պաշտպանել իրենց շահերը:

Մյուս կողմից, այդ պաշտպանությունը, այսպես ասած, օրինական և տրամաբանակա՞ն դաշտում է, թե՞ շանտաժի կամ սաբոտաժի: Սա գնահատելու համար անհրաժեշտ է իհարկե իրավիճակի մանրամասն տիրապետում, լիարժեք պատկերացում: Այդ խնդիրը, անշուշտ, ԱԱԾ դաշտում է, որը գործում է վարչապետ Փաշինյանի ենթակայության ներքո: Ըստ այդմ, ԱԱԾ-ն ու Նիկոլ Փաշինյանը պատկերացնո՞ւմ են, ինչ են անում, թե՞ ոչ:

Դա կարևոր հարց է, որովհետև նաև դրանից է կախված լինելու ոչ միայն բուն խնդրի հետագան, այլ նաև՝ ընդհանրապես կառավարության գործունեության և թավշյա հեղափոխության: Որովհետև, եթե այսպես ասած առաջին խոշոր հակակոռուպցիոն գործողության խոփը, այսպես ասած, քարին դեմ առնի, դա կլինի լուրջ հարված թավշյա հեղափոխության քաղաքական վարկին:

Մյուս կողմից թերևս կասկածից վեր է, որ Փաշինյանն ու թիմը գիտակցում են դա, գիտակցել են, թե ինչ դաշտ են մտնում, հետևաբար, խոշոր առևտրային ցանցերի արձագանքը և, ըստ էության, պատասխան քայլը՝ գնաճի տեսքով, նրանց համար առավել ևս չպետք է լինի անսպասելի: Եվ ի վերջո անսպասելի չպետք է լինի ընդհանրապես այն, որ Հայաստանի տնտեսության համակարգային, հիմնարար վերափոխումը ունենալու է այդօրինակ մարտահրավերներ և, այստեղ, անշուշտ, խնդիրը լուծելի չէ միայն իրավական-վարչական, հարկ եղած դեպքում ուժային լծակների կիրառումով:

Բանն այն է, որ ի վերջո տնտեսական անցման կամ վերափոխման կայունությունը շատ կարևոր է մի շարք առումներով, ըստ այդմ շատ կարևոր է, որ վերափոխման սկզբունքային քաղաքականությունն ուղեկցվի նաև այսպես ասած հավելյալ ռեսուրսների առկայությամբ, որոնք թույլ կտան չեզոքացնել հնարավոր տնտեսական «հակահարվածները»: Ի վերջո, Հայաստանում գործ ունենք խոշոր սեփականատերերի մի դասի հետ, որոնք լրջագույն խնդիր ունեն տարրականից մինչև քաղաքական գրագիտություն, խնդիր ունեն տնտեսա-քաղաքական երևույթների խորքային վերլուծության մասով:

Նրանք գիտեն միայն հաշվել սեփական փողը, որը նրանց ճնշող մեծամասնության համար կյանքի միակ իմաստ է, արժեք: Ընդ որում, այդ մարդկանց մի մասը գուցե ինքն էլ առանձնապես մեղավոր չէ, այդքան են բնությունից տրված մտավոր կարողությունները: Առավել ևս ավելորդ է խոսել պետականության զգացումի մասին, հատկապես նկատի ունենալով հայաստանյան իրողություններն ու մարտահրավերները:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ, կամա թե ակամա, այդ մարդիկ ունակ են դեստրուկտիվ գործողությունների, հատկապես երբ քայլերը կարող են չշոշափել դիմադրության, այսպես ասած՝ պատ: Մյուս կողմից, այստեղ իհարկե այդ պատը կառուցելուն զուգահեռ, անհրաժեշտ է նաև բացատրությունների որոշակի սխեմա, որն էլ պետք է ներառի նաև տնտեսական այլընտրանքների որոշակի ռեսուրսային բազայի ձևավորում: Այլ կերպ ասած՝ բավականին հասունացել է թավշյա հեղափոխության տնտեսական, ֆինանսատնտեսական բազայի հարցը, որպես քաղաքական գործիքակազմի կարևոր տարր: Դա թե՛ կայունության, թե՛ արդյունավետության գրավական:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache