Լրահոս

Սպասում երկնքից ․․․որպեսզի կտրի հերթական «հրեշտակի թևերը»

 

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հիացմունքով պատմել է նախօրեին Սերժ Սարգսյանի մի արտահայտության մասին, որը նախագահը արել է Արա Աբրահամյանի և մի շարք գործարարների հետ հանդիպման ժամանակ: «Մեր համար ներդրողները ոնց որ վերևից գան»,-Սերժ Սարգսյանի խոսքերը բառացի փոխանցել է Աբրահամյանը: Իհարկե, ռուսաստանաբնակ գործարարի ոգևորության և հիացմունքի պատճառն այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե Սերժ Սարգսյանի ասածի խորքը թափանցենք, ստացվում է` Հայաստանում այնքան դժոխային վիճակ է, որ անգամ շարքային ու սովորական ներդրողը կարող է ասոցացվել վերևից իջած հրեշտակի կամ թափված մանանայի հետ:

Զուտ տնտեսության, ներդրումային միջավայրի հետ կապված` նախագահը միանգամայն օբյեկտիվ էպիկրիզ է տվել: Սակայն տարակուսելի է երկրի առաջնորդից նման արտահայտություն լսելը, որովհետև նա պետք է ոչ թե գեղեցիկ խոսքեր ասի, սրտակեղեքիչ արտահայտություններով տպավորի Արա Աբրահամյանին և նրա գործարար ներդրողներին, այլ իր կառավարության պրակտիկ քաղաքականությամբ ներդրումային գրավչություն ապահովի, գործնականում ստեղծի այնպիսի միջավայր, որպեսզի Հայաստանում փող ներդնելը, բիզնես հիմնելը շահավետ համարվի:

Օտարերկրյա ներդրողի ականջը չի շոյվում, երբ իրեն բարձրացնում են հրեշտակի մակարդակի, նա ուզում է, որ իր աչքերը տեսնեն այն տնտեսությունը, որը կարող է եկամտաբեր լինել: Ինչքան էլ տպավորիչ լինեն Սերժ Սարգսյանի խոսքերը` դրանք անզոր են քողարկել այն ստվերը, որտեղ երևում են մեզանում գոյություն ունեցող չափազանց անտաղանդ և ապաշնորհ կառավարումը, իշխանության կոռումպացվածությունն ու թալանը, օլիգոպոլ, հետամնաց տնտեսությունը:

Եղել են Սերժ Սարգսյանի ասած` «վերևից եկած» մարդիկ` ազգությամբ հայ և այլազգի ներդրողներ, որոնց` գուցե նույն խոսքերով, Սերժ Սարգսյանը գայթակղել է` ներդրումներ ապահովելով Հայաստանում: Այդ մարդիկ շատ շուտով հայտնվել են գիշատիչ համակարգի ճիրաններում` բառի իսկական իմաստով թալանվելով իշխանության առաջին դեմքերի, նրանց մերձավորների կողմից: Այդպիսի օրինակները երկուսը, երեքը չեն, տասնյակներով ու նույնիսկ` հարյուրավոր են:

Հայաստանի տնտեսությունը իշխանության ագահության, քաղաքական, մարդկային քինախնդրության պատանդն է: Քանիսի՞ց բիզնես խլեց Ռոբերտ Քոչարյանն, որովհետև իր իշխանության ընդդիմախոսներն են: Դարձյալ հիշենք ընդամենը մեկ օրինակ` Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանի ունեզրկման պատմությունը: Նույն հոռի ավանդույթները շարունակեց Սերժ Սարգսյանը` պատժիչ գործընթացում շատ հաճախ օգտագործելով իր մերձավորներին:

Հիմա Սերժ Սարգսյանը երկնքից թափվող մանանայի պես ապարդյուն սպասելու է ներդրումների: Սակայն ո՞վ է այն հիմարը, ով իր փողը կգցի գազանի երախը, մանավանդ, եթե տեղեկանա, օրինակ, թե ինչպես Խաչատուր Սուքիասյանից խլեցին «Բջնին»: Այդ գործընթացը կազմակերպվել էր անմիջականորեն Սերժ Սարգսյանի մակարդակով, որովհետև Սուքիասյսնը 2008-ի նախագահական ընտրություններում հանդգնել էր կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Կամ ի՞նչ ներդրումային ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանը, երբ մի հասարակ բանանի մենաշնորհ չեն կարողանում վերացնել և Միհրան Պողոսյանին վերջնականապես տեղը նստեցնել: Կամ` բազմաթիվ իրանցիներ նաև մեր լրատվամիջոցին հավաստիացնում են, որ ցանկանում եմ Իրանից բենզին ներկել ու նրանց ճանապարհը դևի պես փակում են այս անգամ ներկա և նախկին վարչապետների մերձավորները:

Առհասարակ` կա՞ Հայաստանում գեթ մեկ պաշտոնյա կամ օլիգարխ, ով իր ահռելի ունեցվածքը չի դիզել թալանի ճանապարհով: Չգիտի՞ այս մասին Սերժ Սարգսյանը, թե՞ Հայաստան առաջին անգամ ոտք դրած գործարարների «խամ ականջ» է գտել, որպեսզի կտրի հերթական «հրեշտակի թևերը»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am