Սպասվում է շարժման ու իշխանական համակարգի բախումը. սահմանադրական ծուղակ

0

lragir.am — Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Պարոն Մարգարյան, կարծիք կա, որ ամենաբարդ փուլը սկսվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո՝ մինչև արտահերթ ընտրություններ։

Կարող ենք ասել, որ ամենաբարդ թվացող թիրախը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, կարծես թե ամենահեշտ թիրախն էր։ Առջևում սպասվում է շարժման ու իշխանական համակարգի բախումը, և որ ամենակարևորն է, նոր քաղաքական իրողությունների ու գործող սահմանադրության բախումը։ Արդեն հիմա կարող ենք ասել, որ խորհրդարանական համակարգ նախատեսող սահմանադրությունը չի լուծում Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի հարցը։ Այդ սահմանադրությունն ի սկզբանե նախատեսվել էր բացառապես ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման համար՝ անտեսելով թե հավանական ռիսկերը, թե հասարակության քաղաքական մասնակցությունը երկրի կյանքին, թե ընդհանրապես հայաստանյան քաղաքական մշակույթի էությունը։ Արդյունքում ունենք իրավիճակ, երբ փողոցում կանգնած հասարակությունը հասել է երկրի առաջին դեմքի հրաժարականին, իր իշխանության իրացումը տեսնում է Փաշինյանի դեմքով, բայց Փաշինյանի, այս դեպքում հասարակության իշխանության իրացման համար սահմանադրությունը երաշխիքներ չի ներկայացնում։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է ՀՀԿ 50-ից ավել պատգամավորների վարքից։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուց հետո մենք չունենք երաշխիք՝ արդյոք հանրապետականները ըստ ենթադրվող պլանի կտապալեն կառավարության ծրագիրը՝ այդպիսով համաձայնվելով արտահերթ ընտրություններին, թե ոչ։ Չի բացառվում, որ Փաշինյանին ընտրեն վարչապետ ու պահեն պառլամենտի ներկա կոնֆիգուրացիան՝ փաստացի Փաշինյանին զրկելով իշխանությունից։ Հիմա շարժումն ու Փաշինյանը հերթով անցնում են սահմանադրության ստեղծած ծուղակներով, ինչը նշանակում է, որ փողոցի պայքարն ընդդեմ գործող համակարգի չի ավարտվելու նույնիսկ Փաշինյանի վարչապետությամբ։

Ըստ էության՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն դուրս թողեց այս գործընթացից՝ այսպիսով մերժելով նաև Մոսկվայի՞ն։

Կարեն Կարապետյանը լրիվ այլ թեմա է։ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը՝ ի դեմս շարժման ու Նիկոլի, Ծառուկյանի, ՀՀԿ-ի, յուրատեսակ կոնսենսուս ցուցաբերեց ու խաղից դուրս թողեց Կարապետյանին։ Կարապետյանի և նրա շրջապատի կողմից ապրիլի 24-25-ին աննախադեպ սաբոտաժ նախաձեռնվեց Հայաստանում իշխանությունը վերցնելու նպատակով։ Ընդհուպ հանդգնեցին դիմել դրսից տղա բերելու մարտավարությանը՝ կեղծելով ԱՄՆ դեսպանի ու ԵՄ դեսպանի հետ հանդիպման տեքստերը, զանգեր մուրալով Ռուսաստանից։ Կարելի է ասել, որ անկախ ներքաղաքական առկա վիճակից, հայաստանյան քաղաքական ընտրանին հստակ միասնություն դրսևորեց՝ խաղից հանելով արտաքին կառավարման ակնհայտ հակումներ ցույց տվող Կարապետյանին։ Սա իհարկե չի նշանակում, թե իրավիճակը հանդարտվել է։ Պարզապես արտաքին խոտաններից ժամանակավորապես ձերբազատվել ենք, բայց ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին նաև նախորդ հարցի պատասխանում խոսեցի, դեռևս առջևում են։

Ի վերջո, արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանում ի՞նչ պատկեր կունենանք, արդյոք կլինի կոալիցիոն կառավարություն։

Կարծում եմ՝ հիմա արտահերթ ընտրությունների մասին խոսելը վաղ է։ Արդեն նշեցի՝ բազմաթիվ սահմանադրական ծուղակներ կան, որոնք պետք է հերթով անցնել։ Չկա որևէ երաշխիք, որ Փաշինյանին քվեարկելուց հետո հանրապետականները, օրինակ, կպահպանեն պառլամենտը իր ներկայիս տեսքով։ Ընդ որում՝ ոչ միայն ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ն նույնպես, որոնք ահռելի կապիտալ են ծախսել նախորդ տարվա ապրիլին։

Որքանո՞վ է հնարավոր, որ ամսի 1-ին ՀՀԿ-ն կբոյկոտի, և արտահերթ ընտրություններ տեղի կունենան ՀՀԿ իշխանության պայմաններում։

Որպեսզի չընկնենք հավանականության տեսությունների հետևից, ավելին, որպեսզի կառչած չմնանք այս կամ այն կուսակցության վարքից, պետք է ունենանք հասարակական տրամադրություններին ու քաղաքական մշակույթին հարիր համակարգ։ Սա նաև ապագայի համար պետք է ֆիքսել։ Մենք քաղաքականապես բավական ակտիվ հասարակություն ենք, ու որևէ իշխանություն, նույնիսկ ամենահաջողակը, ապահովագրված չէ հետընտրական, նախընտրական հասարակական տրամադրությունների պոռթկումներից։ Կիսանախագահական համակարգն այս առումով լիակատար արտահայտում էր հասարակության քաղաքական մասնակցության պատկերացումները։ Պառլամենտական ներկայիս համակարգում, ներկայիս սահմանադրությամբ այս ճգնաժամը չի լուծվում, ու մենք ստիպված ենք ամեն հաջորդ փուլից առաջ ենթադրել, թե այս անգամ իրեն ինչպես կպահի ՀՀԿ-ն, ինչ կորոշի Ծառուկյանը, ինչ քայլ կանի ՀՅԴ-ն և այլն։ Այսինքն՝ անվերջանալի թվացող ու ինքնակարգավորման երաշխիքներ չունեցող մի շրջապտույտ։

Վերադառնալով ձեր հարցին՝ ՀՀԿ-ն որպես պառլամենտական մեծամասնություն այժմ կարող է գնալ ցանկացած դիմադրության՝ փորձելով մինչև վերջ պահել իշխանությունը, դրա մի մասը և այլն։ Սա խորացնելու է երկրում առկա քաղաքական ճգնաժամը, երկարաձգելու է այն: Որքան շուտ ՀՀԿ-ն բացի դեպի արտահերթ ընտրություններ տանող ճանապարհը, այնքան շուտ մենք կփակենք քաղաքական փոփոխությունների այս էջը ու նորից սկսելու շանս կունենանք։ Բայց փորձը ցույց է տալիս, որ հանրապետականները նախ մտածում են իրենց անձնական ու կորպորատիվ կապիտալի, հետո նոր պետականության մասին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache