Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն

297

aravot.am — Այսօր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ առաջին աշխատանքային օրվանից ուսումնասիրել է նախարարության ծրագրերի ֆինանսական հատվածը. «Ունեմ մտավախություններ, տեսել եմ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Եթե մենք կարողանանք ձերբազատվել կոռուպցիոն ռիսկերից եւ առավել արդյունավետ բյուջեն օգտագործենք, ծրագրերը ոչ կտեղափոխվեն, ոչ էլ կկասեցվեն»:

Նախարարը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի՝ կոռուպցիոն ռիսկեր ասելով. «Եթե 10 տարի շարունակ նույն կազմակերպությունները շահել են տենդերները եւ ընթացիկ ծրագրերը պետք է այդ նույն կազմակերպությունները անեն, ես միանշանակ, որպես սփյուռքի նոր նախարար, խնդիրներ եմ տեսնում»:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերստին մրցույթներ եթե հայտարարեն՝ բաց, թափանցիկ, բոլորին հասանելի պայմաններով,, միանշանակ կշարունակեն այդ ծրագրերն իրականացնել՝ բնականոն հունով: Մենք փորձեցինք ճշտել՝ որտե՞ղ է տեսել կոնկրետ կոռուպցիոն ռիսկը՝ նախարարը պատասխանեց. «Որպեսզի հիմնավոր խոսեմ, ինձ մի քանի օր ժամանակ հարկավոր կլինի, որովհետեւ մենք հիմա հավաքագրում ենք, աշխատում ենք աուդիտի հետ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, այն կազմակերպությունները, որոնք տենդերը շահել են պարբերաբար, մոտ են նախկին նախարարի՞ն՝ Հրանուշ Հակոբյանի՞ն՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ միայն: Ես միանշանակ հայտարարությամբ հանդես կգամ՝ շատ կոնկրետ ոլորտներում շատ կոնկրետ պայմանագրերով շատ կոնկրետ անուններով: Այս իմաստով ես բացարձակ որեւէ կաշկանդվածություն չունեմ: Ոչ թե հիմա խուսափում եմ ասել, որովհետեւ վախենում եմ կամ կաշկանդված եմ, այլ ես ուզում եմ շատ ավելի հիմնավոր ու հստակ համապարփակ ու խորը հարկատուին ասել, որի վճարած հարկերից ձեւավորվել է մեր շուրջ 1 միլիարդի հասնող բյուջեն: Ես պիտի ցույց տամ, որ այդ հարկերը մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու»:

Նա ասաց, որ նախարարության ներսում բազում կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն, որ թույլ տան արդյունավետ աշխատել:

Առաջիկա 3-4 օրերի ընթացքում նախարարը ասուլիս կհրավիրի եւ այդ ամենի մասին ավելի կոնկրետ հայտարարություններ կանի: Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache