Լրահոս

Սփյուռքին չպետք է նայել այնպես, թե կարող են գալ, փող ծախսել, բայց ներքին կյանքին չխառնվել. Սերժ Թանկյան

 

120417_serj_tankian_288_copy-thumb

tert.am-Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության թեմայով հրավիրված քննարկմանը ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին հարցրեցին,  թե հնարավո՞ր է՝ առաջիկայում մոբիլիզացնող ևս մեկ համերգով հանդես գա, որն այս անգամ կլինի, օրինակ, «Արդարություն Հայաստանում»  կարգախոսով:

Սերժ Թանկյանը նշեց, թե ամեն ինչ կարելի է, բայց իրենց այս ամբողջ նախաձեռնությունը և խոսակցությունը համերգի մասին չէ, այլ խոսակցությունը ժողովրդի կամքի և դիրքորոշման  մասին է, որին իրենք նեցուկ են կանգնում:
Թանկյանը նշեց, որ իր առաջին համերգին եկած երիտասարդներից ներշնչվել է, և ներշնչվել է ոչ միայն համերգին, այլ տարվա ընթացում՝ ցույցերի ժամանակ: «Երբ երիտասարդությունն իր արժանապատվությունը ճանաչում է, իր երկրի փոքր կամ մեծ հարցերի մասին մտահոգվում է, ես դա հարգում եմ, դա սիրում եմ, պաշտում եմ»,- ասաց նա:

Ամերիկահայ ռոք երաժշտի  խոսքով՝ հայ ժողովրդի շրջանում շատերի մեջ նկատել է, որ սպասում են մեկին, ով կգա ու կազատի իրենց: «Միշտ ասում են՝ ով է լինելու մեր նախագահը, այս մտածողությունը սխալ է։ Մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք որոշում կայացնողները, ժողովրդի կամքը պետք է կայացվի, ոչ թե գնա ղեկավարին սպասի, կամ Սերժ Թանկյանին սպասի, որ համերգ ունենա Հայաստանում, որ մարդիկ ոգևորվեն, այդ մտայնությունը մի փոքր վախենալիք կլիներ մեզ համար»,-ասաց նա:

Սերժ Թանկյանն ասաց, թե միասնական միջոցառում կազմակերպելուն, նոր ազդակ հաղորդելուն համաձայն է: «Պետք է մի բան մտածել, որ ներշնչող լինի, պետք չէ քաղաքական լինի: Երբեմն շատ խոժոռ ենք երկրում, և խնդալը կարևոր է։ Եթե մի փոքր թեթև նայենք խոժոռ երկրում, ծանր իրադարձությունների ժամանակ, շատ ավելի կարող ենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները»,-ասաց նա:

Թե ինչպես է պատկերացնում սփյուռքի ներգրավվածությունը, պատասխանեց. «Տարբեր գաղափարներ եմ լսել տարբեր մարդկանցից ՀՀ-ի և սփյուռքի համագործակցության մասին։ Ամենակարևոր հարցն է այն է, թե ոնց անենք, որ սփյուռքի կողմից անջատման հարցը լուծենք, ինչպես անենք, որ սփյուռքի երիտասարդությունն անջատված չզգա հայրենիքից։ Դա սփյուռքի խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրն է՝ ոնց անենք, որ ՀՀ-ի ղեկավարները, մտավորականները սփյուռքին չնայեն մեկ աչքով, թե՝ կարող եք գալ, այստեղ փող ծախսել,  բայց մեր կյանքի մասին բան մի ասեք: Ժամանակը եկել է, որ սրան վերջ դրվի»,-ասաց Թանկյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing