ՍՐԲ. ԶԱՏԻԿ, ԾԵՍԵՐ ՈՒ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՁՈՒՆ ՆԵՐԿՈՒՄ ԵՆ ՇԱԲԱԹ ՕՐԸ ԵՐԵԿՈՅԱՆ` ՄԻԱՅՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆՈՎ

138

«Սուրբ Զատիկը Նոր տարուց ավելի մեծ տոն է, ցավոք, որ մենք այս տոնը մեծ շուքով նշելու ավանդույթը չենք պահպանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Նրա խոսքով, Սրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները`ակլատիզը և ուտիստատը, ունի նաև ծիսական մշակութային խաղեր: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ:

Նկարչուհին նշեց, որ այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա ակլատիզ տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացվել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը:

«Այսօր եթե յուրաքանչյուր կին ակլատիզ պատրաստեր իր տան համար և իր երեխային հաղորդակից դարձներ մեր ավանդույթներին, ապա մեր ծեսերի նշելու ավանդական ձևերը կպահպանվեին»,- հավելեց նա:

Իսկ ուտիստատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի: Յուրաքանչյուր գավառ պահպանելով Քրիստոսի հարության տոնը իր ժողովրդական ծիսակատարությունները նշել է իր գավառի ավանդույթներին համապատասխան, իր գավառային տաղերով և երգերով:

Սրբ. Զատիկ տոնը նշվում է շաբաթ օրը ժամը 5-ից հետո: Այդ օրը առավոտյան, երբ մարդիկ պետք է զոհաբերություն անեն, օրվա խորհուրդը ոչխարն է, այն նախկինում զոհաբերել են կամ անհատական կամ թաղի բնակիչներով: Յուրաքանչյուրը փոքր ինչ լումա է ներդրել և այդ գումարով ոչխար են գնել: Ոչխարը համարվել է օրվա ամենաթանկ մատաղը: Մատաղից հետո մարդիկ գնացել են եկեղեցի և մասնակցել պատարագի: Պատարագից հետո տուն գալիս խաղացել են զատկական խաղերը` ձվախաղերը:

Լ. Ագուլեցու խոսքով, Սրբ. Զատիկին տոնը պատրաստել են նվիկ կերակրատեսակը, որը գավառներում ասում են սպիտակ բանջար: Նվիկը նաև ունի իր իմաստը, Մայրամ Աստվածածինը Քրիստոսին նվիկով է բարուրել: Այդ օրը պատրաստում են նաև ուտապը կերակրատեսակը, որը ձվից ու մածունից պատրաստված խմոր է, որի մեջ լցնում են կանաչի կամ սոխով լոբի: Օրվա խորհուրդն է նաև գաթան, ինչպես նաև ձուկը, տարբեր տեսակների կանաչիները, բրնձով և չամիչով կամ ծիրանի չրով փլավը: Փլավն ունի իր խորհրդանիշը. փլավը` ժողովուրդն է, իսկ փլավի մեջի չամիչը կամ չիրը մեր հավատքն է:

Սրբ. Զատիկի տոնին ձուն ներկում են շաբաթ օրը երեկոյան, այն պետք է ներկել միայն կարմիր գույնով: «Պետք չէ հավկիթը ներկել գունավոր, գունավոր ներկում են Պարսկաստանում, որը խորհրդանշում է գարնան սկիզբը»: «Մեր ժողովրդական տոները շատ հետաքրքիր են իրենց գաղափարախոսությամբ, ուղղակի դրանք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանվեն»,- հավելեց Լուսիկ Ագուլեցին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache