Լրահոս

«Սրբերն» ու «անբարոները»

 

Պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո հրապարակից չի իջնում ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Անցած խորհրդարանի ոչնչով աչքի չընկած այս պատգամավորը հայտնի է նրանով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Արտակ Սարգսյանի թիմակից-մրցակիցը, որը պարտվեց ապրիլի 2-ին, հավաքեց ավելի քիչ ձայն քան Սարգսյանն ու Գալուստ Սահակյանի որդին:

Պարտությունից հետո նա խորը ընդհատակ էր անցել մինչեւ աղմկահարույց ձայնագրության հրապարակումը, դրանից հետո նա օրումեջ հարցազրույցներ է տալիս, բարոյականության դասեր եւս:

Նա չի հանդարտվում՝ մի քանի օր առաջ քար էր նետում Արտակ Սարգսյանի կողմը՝ դատապարտում տեղի ունեցածը, այսօր նա եւ աջ, եւ ձախ է հարվածում, մեղադրում, անբարոյական համարում կաշառք բաժանողներին, որոնք հիմնականում իր թիմակիցներն են եղել, եւ ժողովրդին, որոնք վերցրել են այդ գումարները:

«Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»,-Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հայտարարել է նա:

Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ… Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր», – իր պարտությունը փորձում է բացատրել Արթուր Գեւորգյանը, ով իր հերթին զրկված չի եղել ընտրություններին լծակների կիրառումից:

Եթե որեւէ թեկնածու ապավինել է ընտրակաշառքին, ապա Աթուր Գեւորգյանի համար աշխատել է ոստիկանության համակարգը:

Այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնց համաձայն Գասպարյանը հայտարարել է, որ իր <> պետք է հաղթի ու հաղթանակի համար Դավիթաշեն համայնքում տասնյակ մարդկանց է ժամանակավոր գրանցել, որպեսզի քվեարկեն Արթուր Գեւորգյանի օգտին:

Պատահական չէ, որ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուներից մեկը հենց Արթուր Գեւորգյանն էր, նրա հայտարարությունները արժե հիշել:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հիշում ու հիշեցնում էր Երեւանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուի մասին, որը նախորդ ընտրություններին 25 հազար ձայն է հավաքել:

Մի հիշեցում եւս, ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուն Արթուր Գեւորգյանն էր. <>,- մանրամասնում է պատգամավորը:

Մեկ ուրիշ հարցազրույցում էլ վստահեցնում, որ իր ընտրատարածքում երբեք ու ոչ մի անգամ ընտրությունները չեն կեղծվել, անցել են արդար ու թափանցիկ:

Այսքանից հետո արդյոք չարժե՞ գեթ մեկ անգամ անկեղծ հարց տալ ու պատասխանել նույնքան անկեղծ՝ ինչու մարդիկ նախընտրեցին կաշառքը, ովքեր այսքան փչացրեցին ընտրական ինստիտուտը, հանրությանը զրկեցին ընտրելու իրավունքից, սեփական քվեով փոփոխություն իրականացնելու համոզմունքից, արժեքների անկումն ու աղքատացումը մարդու մոտ ստեղծում են ձեռքբերովի անօգնականություն, որոշում կայացնելու անընդունակություն, ինչի արդյունքում էլ ունենք , այն ինչ ունենք:

Այ, եթե Արթուր Գեւորգյանը կարողանա խոսել այս իրականության ծնող պատճառների մասին, որի հետեւանքներից մեկն էլ, ի դեպ, ինքն ու ՀՀԿ-ականներն են , նոր այն ժամանակ կարելի կլիներ իրեն սրբերի շարքը դասել, մնացածներին՝ անբարոների:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

usarmenianews.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara