Սրիկայի հրաժեշտը

220

hayeli.am — Հետհեղափոխական փուլի դիտարժան դրվագներից մեկը հեռացող պաշտոնյաների հրաժեշտի խոսքերն են, հատկապես որ դրանցից որոշների մեջ իսկական անկեղծության, իսկ երբեմն էլ արդարացման շեշտեր կան: Արդարացման, բայց ոչ ներողության: Հեռացողներից և ոչ մեկը հայ ժողովրդին ու ՀՀ քաղաքացուն դիմելիս այդպել էլ չօգտագործեց «կներեք» և «ներողություն» բառերը: Անգամ Լևոն Երանոսյանը, որ թվում է` իր խոսքը հենց այս բառերից որևէ մեկով պիտի սկսեր, գերադասել է ռազմահայրենասիրական ճառ արտասանել: «Փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու մեր բոլորի երազած հզոր ու անվտանգ Հայաստանը: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության առաջին օրվանից ես ներդրել եմ ամեն ջանք ու եռանդ, գիտելիք ու հմտություն, որ մեր գործը հաջողի: Ունեցել ենք բազում դժվարին օրեր ու անքուն գիշերներ, մեկը մյուսին հաջորդող դժվարին պահեր ու վայրկյաններ: Բայց ի պատիվ բոլորիս, մենք այդ բոլոր փորձությունները պատվով ու արժանապատվորեն ենք հաղթահարել. հաղթահարել ենք հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների ու ծնողների, հանուն հայ ժողովրդի: Որպեսզի նրանք վաղվա օրն արթնանան ավելի անվտանգ ու կայուն Հայաստանում»,- ասում է Լևոն Երանոսյանը:

Անկեղծություն կարծես թե կա. Երանոսյանն իսկապես արել է անհնարինը՝ այլանդակելու մեր հայրենիքի օրենքի պաշտպանի անունն ու ոստիկանության սպայի բարձր պատիվը: «Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. ներքին անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, հատուկ և կարևոր օբյեկտների պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելը»,- կարծես թե փորձում է արդարանալ արդեն նախկին փոխոստիկանապետը: Սա իսկական սրիկայություն է, երբ պետության և ժողովրդի բարձր արժեքներից խոսում է մի մարդ, ով իր գործունեության ընթացքում իրեն թույլ է տվել լպիրշաբար ծեծի ենթարկել ոչ միայն իրենց իրավունքի համար պայքարող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, այլ անգամ ազատամարտի ներկայացուցիչների: Թե Լևոն Երանոսյանին թվում է, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ իր վերջին պահվածքը մարդիկ մոռացել են: Մի քանի տարի առաջ էլ այս լկտին հպարտորեն հայտարարել էր, թե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ու մի քանի այլ ազատամարտիկների ծեծի ենթարկողներն իր մարդիկ են եղել: Մամուլը բազմիցս գրել է Լևոն Երանոսյանի և նրա եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեբոշների մասին: ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ այս զույգը զինված հարձակում էր կատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 3 համակիրների վրա: Դեպքի վայրում էր եղել նաև անձամբ փոխոստիկանապետը, որն առանձնապես սեր չուներ լրագրողների հանդեպ ու նրանց հարցերին միշտ պատասխան էր տալիս կոպտելով:

Եվ վերջապես, այս եղբայրական զույգը 2016 թվականի ամռանը՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, աչքի ընկավ Սարի թաղի ծեծն ու ջարդը կազմակերպելու աննախադեպ օպերացիայով: Հայտնի է, որ այդ օրերին ոստիկանության զորքերի աշխատանքը կոորդինացնում էր զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ում անմիջական հրահանգով էլ ոստիկանությունը հարձակվեց անզեն քաղաքացիների վրա՝ կիրառելով անհամարժեք ուժ: Հայտնի է, որ ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը՝ նույն ինքը փոխոստիկանապետի հարազատ եղբայրը, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ  լուսաձայնային նռնակ էր նետել: Թերևս այսպես են պատկերացրել հասրակական կարգի և այդ նույն ցուցարարի կյանքի անվտանգության ապահովումը փոխոստիկանապետն ու նրա եղբայրը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ հիշում ենք, ոչ ոք և ոչինչ չի մոռացվել: Մնում է հասկանալ, թե այս արարքների հեղինակը ի՞նչ է նկատի ունեցել, երբ դիմելով ոստիկանության զորքերի ծառայողներին՝ ասել է. «Շնորհակալ եմ ձեզանից, որ տվեցիք ինձ հնարավորություն այդ զգացումներն ապրելու համար»:

 

Հայկ Դավթյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache