Լրահոս

Ստամբուլը` արյան քաղաք. մարտահրավեր Էրդողանին

 

stambul

Ստամբուլում Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, հանրահայտ Reina գիշերային ակումբի վրա զինված հարձակում իրականացվեց, որի հետևանքով զոհվեցին 39, վիրավորվեցին շուրջ 69 մարդ: Զոհվածների թվում էին 16 օտարերկրացիներ: Հարձակումն իրագործել էր Սանտա-Կլաուսի շորերով մեկը: Ականատեսները նշում էին, որ հարձակվողները եղել են երկուսը, կամ երեքը:

Սկզբնական հաղորդագրություններում հաղորդվում էր ահաբեկչին վնասազերծելու մասին, ավելի ուշ, սակայն, ոստիկանները հայտնեցին, որ նա փախուստի մեջ է: Ստացվեցին տեղեկություններ, որ գրոհն իրականացրել են ղրղըզ ջիհադականները, սակայն, հետագայում դա էլ հերքվեց: Ապա` հաղորդվեց, թե իրավապահները պարզել են գրոհայինների ինքնությունը, բայց ավելի ստույգ տվյալներ չեն հրապարակվում: Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Reina ակումբը, որի վրա տեղի էր ունեցել զինված հարձակումը, գտնվում է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում, Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնում, հարձակման ժամանակ այնտեղ գտնվել է 600-700 մարդ: Նրանցից մի քանիսը խուճապի մեջ` նետվել էին Բոսֆոր՝ փորձելով փրկվել հարձակումից:

Հարձակումն իրականացվեց այն պայմաններում, երբ Նոր տարվա գիշերը Ստամբուլում կարգուկանոնի հսկման համար աշխատում էր 17 հազար ոստիկան: Այսինքն, Ստամբուլն արդեն դարձել է աշխարհի վտանգավոր քաղաքներից մեկը զբոսաշրջիկների համար, և ոչ միայն զբոսաշրջիկների:

Էրդողանը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև, դա փաստ է: Քրդերի, սիրիական խնդիրների պատճառով, Էրդողանը, կարծես, պատժի է արժանանում: Գումարած` հուլիսին ռազմական հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր ձերբակալությունները Թուրքիայում:

Այդ ամենն ինչպե՞ս էր Էրդողանը «մարսելու», կամ «մարսելու՞» է արդյոք…

Երեկ երեկոյան կրկին նոր ահաբեկչություն իրականացվեց: Անհայտ անձինք զինված հարձակում էին գործել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող ճաշարաններից մեկի վրա։ Նրանք ճաշարանի մոտ հայտնվել են ավտոմեքենայով և սկսել են կրակել։ Դրա հետևանքով վիրավորվել էր ճաշարանի տերն ու պատահական անցորդ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին «Բեշիքթաշ»-«Բուրսասփոր» հանդիպումից հետո երկու առանձին պայթյուն գրանցվեց մարզադաշտի մոտ և Մաչքա այգում։ Թիրախում էին ոստիկանության հատուկջոկատայինները։ Հարձակման հետևանքով զոհվեց 40-ից ավելի մարդ, վիրավորվեց ավելի քան 150-ը։ Դեկտեմբերի 20-ին հիվանդանոցում մահացել էր վիրավոր ոստիկան Ուֆուք Բոզգեյիքը: Այսօր հայտնի է, որ այս ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 46-ի:

Երեկ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց հունվարի 19-ից ևս 3 ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը։ Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել է 2016թ. հուլիսի 21-ին՝ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ռեժիմը սահմանվեց 3 ամսով և երկարացվեց հոկտեմբերին։ Այսինքն, Թուրքիան հունվարի 19-ից ևս 3 ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացման արդյունքում 9 ամսի արտակարգ դրության պայմաններում է գտնվում:

Երեկ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ: Թուրքիայի Իզմիր նահանգում Ստամբուլի ահաբեկչության գործով 40 ձերբակալվածների թվում կան ռուսներ, որոնք ծնունդով Միջին Ասիայից և Դաղստանից են, հաղորդում է Hurriyet թերթը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իզմիրում 27 մարդ է ձերբակալվել Ստամբուլի ահաբեկչությանը ներգրավված լինելու կասկածանքով: Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը ծնունդով Դաղստանից և Միջին Ասիայի երկրներից են՝ 9 տղամարդ իրենց ընտանիքների հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակում գործած անձը, հնարավոր է, ույգուր է: Haberturk-ի տվյալներով՝ նա Թուրքիա է ժամանել ընտանիքի հետ կեղծ փաստաթղթերով: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները պարզել են 39 մարդու կյանք խլած հանցագործի ինքնությունը, սակայն չի հստակեցրել նրա անունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչությունների նպատակն է պառակտել թուրքերին. «Հարձակումների նպատակն է բաժանել թուրքերին միմյանցից, ուժեղացնել պառակտումը հասարակության մեջ, սակայն հանրությունն այդ խայծը կուլ չի տա: Թուրքիան երբեք չի հանձնվի ահաբեկիչներին: Ասել, թե Թուրքիան հանձնվել է, նշանակում է՝ անցնել ահաբեկիչների կողմն ու անդամագրվել ահաբեկչական կազմակերպությանը», ասել է Էրդողանը: Նա հավելել է` «չնայած 2017թ. տխուր մեկնարկին, Թուրքիան շարունակելու է առաջ շարժվել ընտրած ճանապարհով»:

Էրդողանը հավաստիացրել է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդկանց իրավունքներն ու ապրելաոճը չեն սահմանափակվի. «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Թուրքիայում ոչ մեկի կյանքը վտանգված չէ, մենք դա թույլ չենք տա, մեր իշխանության 14 տարիների ընթացքում մենք այդպիսի առիթ չենք տվել, հակառակը պնդողները թող կոնկրետ օրինակներ բերեն»:

ԱՄՆ-ը չպետք է վտանգի տակ դնի Անկարայի հետ ռազմավարական միությունը հանուն «ահաբեկիչների», նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Թուրքիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը կդադրի զենք մատակարարել սիրիացի քրդերի «Ազգային պաշտպանության ջոկատներ» (YPG) կազմակերպությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում: «ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը հետին պլան մղվի ահաբեկչական կազմակերպության պատճառով»,-ասել է Յըլդըրըմը:

Այս հայտարարությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Նա ողջունել է Թուրքիայի ջանքերը՝ միտված Ռուսաստանի հետ միասնաբար Սիրիայում հրադադար հաստատելուն և բանակցությունների վերսկսմանը նպաստելուն: Սպիտակ տան հաղորդմամբ` Օբաման նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլի գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի ահաբեկչական «սարսափելի» հարձակման և դեկտեմբերի 17-ին Կայսերիում ոստիկանության վրա կատարված հարձակումների կապակցությամբ: Երկու առաջնորդները նշել են, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում առաջընթացի են հասել և համաձայնել են, որ «Թուրքիան ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն միասնական լինել ահաբեկչության դեմ պայքարում»:

Թե ինչ արդյունքներ է արձանագրում Թուրքիան երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս իր պայքարում` առայժմ դժվար է նկատել: Ավելին` ակնհայտ է, որ Թուրքիան հենց ինքն է ահաբեկչությունների թիրախ դարձել, և այս երկիրը կանգնած է քաոսում հայտնվելու լուրջ վտանգի առաջ…

Թամար Բագրատունի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing