Ստեփանակերտ-Սոչի տրանզիտ. Փաշինյան–Պուտին առաջին հանդիպման բաց և փակ երանգները

72

Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը, որը սպասվում էր հանրային մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ: Իհարկե, լիովին հասկանալի է, թե ինչով էր պայմանավորված այդ հետաքրքրությունը, որովհետև զուտ քաղաքական առումով հանդիպումն իհարկե անգամ նոր վարչապետի, հեղափոխական վարչապետի պարագայում հազիվ թե լիներ շրջադարձային, և այստեղ պետք է գերիշխեր շարունակականությունը:

Ըստ էության, դատելով հանդիպման, այսպես ասած, արարողակարգային հատվածից և պաշտոնական հաղորդագրությունից, հանդիպումը անցել է հենց այդ տրամաբանությամբ: Ինչպես է անցել դրա փակ մասը, որը չի եղել լուսաբանման ենթակա, ներկայումս դժվար է ասել:

Ակնառու է, որ այդ իմաստով հանդիպումը եղել է փոխադարձ ճանաչողական, սակայն հատկապես ինչ ընթացքով՝ տարբերակներն այստեղ կարող են լինել բազմազան: Տվյալ պարագայում չարժե գուշակել՝ փորձե՞լ է Պուտինը «կոտրել» Հայաստանի վարչապետի հեղափոխական կապիտալն ու «դուխը» և գցել այն հայ-ռուսական ավանդական հարաբերության ռեժիմի մեջ: Գուշակությունները կամ ենթադրություններն այստեղ ընդհանրապես անտեղի են, քանի որ բոլորովին նոր իրավիճակ է ոչ միայն Հայաստանում հայտնի իրադարձությունների բերումով, այլ նաև աշխարհաքաղաքական համատեքստում և այդ տրամաբանության ներքո՝ նաև ներռուսաստանյան իրողություններում:

Երբ Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ռուսական նավթագազային հսկա «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Լեոնտևը ներողություն է խնդրում Հայաստանի վարչապետից իր վիրավորական հայտարարությունների համար և հույս հայտնում, որ դրանք չեն խոչընդոտի Հայաստանում «Ռոսնեֆտի» գործունեությանը, դա նշանակում է, որ իսկապես նոր իրավիճակ է, և միայն Հայաստանի նորություններով չէ, որ պայմանավորված է այդ իրավիճակը: Փաստացի չորրորդ ժամկետի պաշտոնամուտից հետո Պուտինն էլ ըստ էության նախագահելու է նոր Ռուսաստանում, որտեղ խնդիրները ևս նոր են, երբ Ռուսաստանի հանդեպ կիրառվում են միջազգային նոր պատժամիջոցներ, ի հայտ են գալիս անվտանգային նոր խնդիրներ:

Ահա այդ իրավիճակում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը մի կողմից՝ ունենալով շարունակության խնդիր, մյուս կողմից՝ անկասկած ունի մի շարք հարցերի պատասխաններ հենց այդ շարունակության մասով՝ ինչպե՞ս շարունակել հետագայում, երբ ակնհայտ է դառնում, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի առաջ եղած խնդիրները, որոնք ռեգիոնալ մասշտաբով զգալի մասով նույնն են, հնարավոր չէ արդյունավետ սպասարկել հայ-ռուսական հարաբերության ներկայիս բնույթի պայմաններում:

Եվ այստեղ անշուշտ խնդիրը այն չէ, որ Հայաստանն այլևս ստացել է նոր հնարավորություն՝ ունենալով հանրային մեծ լեգիտիմությամբ իշխանություն, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեծ լեգիտիմությամբ: Որովհետև դա միջոց է, և այդ պայմաններում հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանը, օրինակ, բովանդակային առումով ինչ նկատի ունի, երբ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությանը թափ հաղորդելու մեծ էներգիայի առկայության մասին: Ի՞նչ բովանդակություն պետք է ստանա այդ էներգիան, ինչպիսի՞ դրսևորում, որ մի կողմից՝ նոր թափ հաղորդի հարաբերությանը, մյուս կողմից՝ փոխի դրա բնույթը և վերածի իրապես դաշնակցային միջպետականի:

Միևնույն ժամանակ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը բավական զգուշորեն փորձեց ակնարկել այն մասին, որ Հայաստանը թեև մտադիր չէ կասկածի տակ դնել և վերանայել դաշնակցային հարաբերությունը անվտանգության ոլորտում, այդուհանդերձ կան այլ հարցեր, որոնք ունեն քննարկման կարիք: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հույս ունի նաև, որ ոչ ոք երբեք կասկածի տակ չի էլ դնի այդ դաշնակցությունը: Նկատելի է նուրբ ակնարկը, որ Ռուսաստանն ինքն է տալիս կասկածի տեղիք, և ըստ այդմ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին ակնարկում է, որ պետք է աչալուրջ լինել այդ հարցում և չտալ առիթներ, որոնք Հայաստանում կդառնան Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը կասկածի տակ դնելու պատճառ:

Հատկանշական է, որ, համենայնդեպս, հանդիպման արարողակարգային մասում չի շոշափվել Արցախի խնդիրը, առավել ևս՝ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների ֆոնին: Մյուս կողմից՝ կասկած չկա, որ այն շոշափվել է լուսաբանման համար փակ հատվածում: Մյուս կողմից, սակայն, դաշնակցային հարաբերությունը կասկածի տակ դնելու վերաբերյալ Փաշինյանի ակնարկը թույլ է տալիս ենթադրել, որ այդ հարցում հայ-ռուսական շարունակության օրակարգում Սոչիում գտնվող Նիկոլ Փաշինյանը շարունակել է Ստեփանակերտ այցի օրակարգը:



Загрузка...