Լրահոս

Ստորագրություն եւ վերջնագիր. Սերժ Սարգսյանի մանեւրը

 

Ութ տարի առաջ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանի, Եվրամիության, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների այսպես ասած վկայության եւ հովանու ներքո: Այդ իրադարձությունը տվյալ իրավիճակում թերեւս առանց չափազանցության դիտվում էր իբրեւ միջազգային թիվ մեկ զարգացումների շարքին համարժեք իրադարձություն, եթե չասենք հենց թիվ մեկը: Հայաստանը այդ համատեքստում դարձել էր միջազգային լրահոսի «նյուզմեյքեր», ինչպես հպարտությամբ փորձում էր խաղարկել իշխանությունը քարոզչական ճակատում:
Այդ իրադարձությունից ութ տարի անց էլ կարծես թե չկա մի բան, որը հնարավոր լինի «նյուզմեյքերության» կողքին ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունից Հայաստանի ձեռքբերում:
Արձանագրությունները ներկայում փոշոտվում են հայկական եւ թուրքական իշխանությունների գզրոցներում, թեեւ վերջերս ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանը փորձեց թափ տալ այդ փոշին եւ հայտարարեց, որ 2018-ի գարնանը Հայաստանը կչեղարկի արձանագրությունները: Թե ինչու՞ հատկապես գարնանը, արդյոք դա կապ ունի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտի հետ, արդյոք Սարգսյանը պլանավորում է այդպիսով արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները դարձնել իր քաղաքական հետագա ճակատագրի հարցում միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերությունների խաղաքարտ:
Դրանք հարցեր են, որոնք առաջացան ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, որին դեռեւս որեւէ արձագանք կարծես թե Անկարայից չի հաջորդել: Կամ չի հաջորդել Հայաստանի ուղղությամբ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հանդիպում Անկարայում, թեեւ հայտնի չէ, թե ինչ տեղ է ունեցել այդ հանդիպման օրակարգում Հայաստանի հարցը:
Միեւնույն ժամանակ, ներկայում անշեղորեն լարվում է Թուրքիայի հարաբերությունն Արեւմուտքի, այդ թվում ԱՄՆ հետ, հասնելով ընդհուպ վիզային ռեժիմում փոխադարձ սահմանափակումների: Մինչեւ ու՞ր կզարգանան այդ իրադարձությունները, պարզ չէ: Մյուս կողմից, քիչ հավանական է թվում, որ առաջանա Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ այսպես ասած լիակատար խզում եւ հարաբերությունների սառեցում:
Սակայն ներկայիս լարվածության պայմաններում ակնհայտ է, որ Թուրքիայի հետ Արեւմուտքի հարաբերություններում կարող է ակտիվացման միտված խաղաքարտ դառնալ հայկական հարցը: Ինչպիսի՞ շեշտադրումով, եւ Թուրքիայի ինչպիսի՞ արձագանքով, դա իհարկե դժվար է ասել, որովհետեւ մի կողմից դա կարող է Անկարային բերել Հայաստանի հետ հարաբերության միջոցով հարցը թուլացնելու մտքին, սակայն մյուս կողմից դրա համար Անկարան պետք է համոզված լինի, որ Հայաստանը կարող է այդ հարցում լինել ինքնուրույն եւ չենթարկվել Ռուսաստանին, այլապես Հայաստանի հետ ուղիղ շփման փոխարեն կդիմի Մոսկվային՝ Հայաստանի վրա ազդելու համար, նաեւ այդպիսով պայման դնելով Մոսկվայի առաջ:
ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո լռություն է, այդ հայտարարությունը Հայաստանը նույնիսկ «նյուզմեյքեր» չի դարձրել: Ներկայում իհարկե միջազգային օրակարգում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, քան հայ-թուրքական հարաբերությունը, եւ թերեւս որեւէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կանի Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների հետ: Է՞լ ինչ կարող է անել Հայաստանն ութ տարի անց, արձանագրություններից հրաժարվելուց բացի:
Աներկբա է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող ունենալ պատրանք, թե ՄԱԿ ելույթից հետո Էրդողանը տեղի կտար վերջնագրային տոնին: Եվ ավելին, Սարգսյանը չէր կարող չպատկերացնել, որ դա նույնիսկ էլ ավելի կոշտ կտրամադրի Էրդողանին:
Մյուս կողմից, սակայն, հրաժարվելով այդ արձանագրություններից, Հայաստանը գործնականում օգնում է նաեւ Թուրքիային դուրս գալ դրանց ծանրության տակից: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները նոր տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակում հայ-թուրքական հարաբերության թեկուզ տեսական հեռանկարի վրա դրված քար էին, որի համար պատասխանատվությունը մնացել էր Անկարայի վրա:
Սերժ Սարգսյանն Անկարային ազատում է այդ պատասխանատվությունից: Ինչ է անելու Անկարան դրա դիմաց: Արձաագրությունների շուրջ աղմուկն ի վերջո չբերեց որեւէ բանի: Հետաքրքիր է ինչի է բերելու ներկայիս լռությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing