Ստվերային պայմանագիրը. Ում մոտ է տետրը

1

lragir.am — Ողջ Հայաստանը սպասում է Հանրապետական կուսակցության քայլին: Վաղը խորհրդարանում վարչապետի ընտրություն է լինելու, եւ ոչ միայն դրա ելքը, այլ նաեւ հետագա մի քանի ամիսներին Հայաստանի կյանքը կախված է լինելու հանրապետական մեծամասնության քվեարկությունից:

 Խորհրդարանում քվեարկությունն օրենքով մեկ անգամ է անցկացվում, չի կարելի ասել՝ սխալվեցի ու երկրորդ անգամ քվեարկել: Այդ պատճառով այժմ պայքարն ընթանում է հանրապետականների գիտակցությունում, նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշի ինչն է իր համար ավելի կարեւոր՝ պետության ապագան, թե սեփական շահերը:
Հանրապետականները մշտապես հղում են անում սահմանադրությանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ պետք է մայր օրենքին համապատասխան արվի: Սահմանադրությունը հանրային պայմանագիր է: Հայաստանում այդ պայմանագիրը գրվել ու ձեւափոխվել է Հանրապետական կուսակցության շահերից ելնելով, եւ դա ստվերային քվոտաների ու արտոնությունների ճանաչման պայմանագիր էր:
Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Փաստացի, Քաղաքացիական պայմանագիրն այժմ հակադրվում է Ստվերային պայմանագրին, որը քողարկվում է պաշտոնական սահմանադրության տակ:
Ի՞նչ են վախենում կորցնել հանրապետականները: Անկասկած, սեփականությունն ու փողերը, եւ դա պահպանելու համար հանրապետականները կարող են երկու անգամ տապալել վարչապետի ընտրությունները, ցրել խորհրդարանը եւ երկու ամիս զբաղվել սեփականության հարցերով: Հանրապետականներն ամենաշատը վախենում են խաղի կանոնները, քվոտաները, մենաշնորհները, Մանվել Գրիգորյանի պես ԴՍՊ-ն թղթի անվան տակ ներմուծելու, Սամվել Ալեքսանյանի պես շաքարավազի ներմուծման մենաշնորհը կորցնելու հնարավորությունից:
Սա իրոք պայմանավորվածությունների հզոր համակարգ է, որն, ըստ ամենայնի, գրառված է ինչ-որ մեկի տետրում: Ինչպես խանութներում են վախենում, որ կգողանան «պարտքի տետրերը», այնպես էլ հանրապետականներն են վախենում, որ այդ տետրը կբացվի, որտեղ նշված են իրենց քվոտաներն ու արտոնությունները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վենդետա ու սեփականազրկում չի լինելու: Այդ մասով հանրապետականները հանգիստ են: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Ստվերային պայմանագրի պահպանման երաշխիքներ տալ: Դա սկզբունքորեն անհնար է, որովհետեւ Քաղաքացիական պայմանագիրը մերժում է Ստվերային պայմանագիրը:
Հանրապետականները պատրա՞ստ են զրոյից սկսել ու բոլորի հետ հավասար հարկեր, գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարել, վերացնել «լևի» գծերը, բիզնես անել առանց մենաշնորհի ու ռեյդերի: Թե՞ ՀՀԿ-ն կռվելու է մինչեւ վերջին փամփուշտը:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache