Ստվերի անսպասելի հետեւանքը

90

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է կանխել «ձախ» եկամուտներից զրկված ոստիկանների արտահոսքը համակարգից: Նրանք չեն ցանկանում լիարժեք աշխատել ցածր աշխատավարձի պատճառով: Փորձագետները հենց դրա հետ են կապում ճանապարհներին վթարների թվի կտրուկ աճը՝ մահերի աննախադեպ թվով: Վալերի Օսիպյանը դա անվանել է ցեղասպանություն ճանապարհներին՝ միաժամանակով նշելով, որ ՃՈ աշխատակիցները լիարժեք աշխատում են:

Հայաստանի նոր կառավարությունը ստվերային տնտեսության եւ կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման քաղաքականություն է վարում: Ընդ որում, որեւէ մեկը դժվար թե կարողանա հաշվել ստվերային տնտեսության ծավալը: Տարբեր թվեր են նշվում՝ 30-70%: Բայց անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, որ Հայաստանի ֆինանսների մեծ մասը «պտտվել է» ստվերում: Դա մտածված սխեմա էր, որը մի խումբ մարդկանց թույլ էր տալիս փոքր պետական բյուջեի պայմաններում հարստանալ, իսկ բնակչության մի մասին ապահովել նվազագույն եկամուտով:

Ստվերային տնտեսության ապամոնտաժումը հարվածել է ոչ միայն այդ փոքր խմբին, ավելի ճիշտ, նրանք գրեթե չեն տուժել: Որքան էլ տարօրինակ է, ստվերի դեմ պայքարը միջին խավին զրկել է ավանդական եկամուտներից: Օրինակ, բժիշկներին, ովքեր այժմ չեն կարող կաշառք վերցնել, ՃՈ աշխատակիցներին, ովքեր կես ուժով են աշխատում, որովհետեւ չկա «ձախ» եկամուտ: Ստվերի դեմ պայքարը հանգեցրել է շուկայում գների թանկացման, որովհետեւ հիմա չկա մենաշնորհային գնող, ովքեր մինչեւ հիմա արհեստական իջեցրել են գները: Հիմա բոլորս վարունգ ենք գնում «ձմեռային» գներով:

Կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարը չէր կարող բացասական հետեւանքներ չունենալ, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են աշխատել ստվերում: Այդպիսին էր համակարգը՝ հստակ քվոտավորված ու հաշվարկված: «Շրջանառության» միջոցները գալիս էին Ռուսաստանից տրանսֆերտներից ու արտաքին պարտքից, եւ դա թույլ էր տալիս «պահել» համակարգը եւ անգամ զարգանալ:

Ինչ-որ պահի համակարգը խափանվեց: Պարզ դարձավ, որ հնարավոր չէ թղթի վրա ամեն ինչ ճիշտ անել, իսկ իրականում պետություն կառուցել կոռուպցիոն եւ ստվերային սխեմաների, կեղծիքի վրա: Հիմա բոլորը հասկանում են, որ վերադարձ կոռուպցիային չի լինելու, եւ յուրաքանչյուրը փորձում է իր բյուջեն լցնելու միջոց գտնել:

Ֆինանսների նոր, օրինական աղբյուրներ կարող են ապահովվել միայն արմատական տնտեսական բարեփոխումներով: Կոռուպցիայի դեմ պայքարն առանց լուրջ բարեփոխումների կարող է երկու բարդ հետեւանք ունենալ՝ կամ բնակչության ամբողջ շերտերի աղքատացում, հետեւաբար՝ արտագաղթի նոր ալիք, կամ էլ նոր կոռուպցիոն սխեմաների ստեղծում:

Նոր կառավարությունը դեռ չի ներկայացրել տնտեսական ռազմավարություն: Սեպտեմբերին քննարկվելու է նոր հարկային օրեսնգիրքը, որով նախատեսվում է հարկերի նվազեցում: Կան նաեւ այլ միջոցառումներ, որոնց մասին խոսում է կառավարությունը: Բայց ներդրումներ, որոնք կարող են օգնել խնդիրների լուծմանը, դեռ չկան, եւ դա բարդացնում է ստվերի ապամոնտաժումը:

Նոր կառավարությունը կկարողանա՞ գտնել նուրբ սահմանը եւ բացատրել հասարակությանը, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը «զոհեր» է պահանջում: Վթարների թվի ավելացումն ու լոլիկի թանկացումը ստվերի քայքայման առաջին նշաններն են: Հանրությունը պետք է պատրաստ լինի իր եկամուտների աղբյուրների արմատական փոփոխությանը: Դրա համար հասարակությունում պետք է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյահոգեբանական բեկում լինի:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache