Սուր «հրաձգություն». Թրամփը չի կարող Իրանը ոչնչացնել

20

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները կրկին սուր փոխհրաձգությունների դաշտում են: Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին վերջ տալ Թեհրանի հանդեպ թշնամական գործողություններին` պնդելով, որ հակառակ պարագայում Սպիտակ տունը կարող է բախվել շատ լուրջ հետևանքների:

«Ամերիկան պետք է հստակ գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունն ամենահարատևն է լինելու, իսկ պատերազմը՝ ամենադաժանը», -նշել է Ռոհանին: Իրանի նախագահի խոսքով՝ «ամերիկացիների կողմից հնչեցվող սպառնալիքների պայմաններում Իրանի հանրությունը ավելի միասնական է դարձել»:

Իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Հասան Ռոհանիի`ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում Թեհրանը կարող է արգելափակել Օրմուզի նեղուցը:

«Ռոհանիի հայտարարությունը, որ եթե իրանական նավթը չարտահանվի միջազգային շուկա ապա կդադարեցվի նաև Պարսից ծոցի մյուս պետություններում արդյունահանված էներգակիրների արտահանումը, խիստ կարևոր է», _նշել է Խամենեին` հավելելով. «Իսլամական Հանրապետության նախագահի այս հայտարարությունն արտացոլում է Իրանի մոտեցումը խնդրին»:

Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին միացնող Օրմուզի նեղուցի արգելափակման դեպքում նավթի արտահանման հնարավորությունից կզրկվեն Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը:

Իրանի նախագահի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ԱՄՆ նախագահը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ: Իր հերթին Թրամփը զգուշացնում է Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: Թրամփն իր ուղերձը հղել է Twitter-ում գրառման միջոցով:

Թեհրանում համոզված են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ վարվող հոգեբանական պատերազմի վառ դրսևորում են: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղոլամհոսեյն Ղեյփարվարը:

«Մենք երբեք չեն հրաժարվի մեր հեղափոխական գաղափարներից: Թշնամիների կողմից ցանկացած ճնշում կարժանանա մեր կոշտ դիմադրությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությունն Իրանի ոչնչացումն է: Թրամփը, սակայն, ոչինչ էլ չի կարող անել մեր երկրին»,- ISNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը:

Մետաքսյա Շալունց



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache