ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՍՏԱԽՈՍ Է․ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

0

hraparak.am — Ապրիլի 13-ից առ այսօր շարունակվող «Մերժիր Սերժին» կարգախոսով ցույցերը իշխանություններին որոշակի հետեւություններ անելու առիթ են տվել։ Սկզբում վարչապետ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ են արել երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու։ Արմեն Սարգսյանն ասել է, որ երկրում ստեղծված լարվածությունը մեղմելու նպատակով պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ Սերժ Սարգսյանին պատասխանել է, որ պատրաստ է քննարկել նրա հեռացման պայմանները, եւ պետք է տեղի ունենա իշխանության անցնցում փոխանցում։ Hraparak.am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների հետւանքով առաջացե՞լ է սահմանադրական ճգնաժամ։

 «Սահմանադրական ճգնաժամ չկա երկրում, խնդիրը դա չէ։ Հայաստանում կա իշխանության եւ գոյություն ունեցող համակարգի ճգնաժամ։ Այդ ճգնաժամն ունի երկու կողմ՝ Սերժ Սարգսյանը եւ հանրությունը։ Հանրությունը զանգվածաբար մասնակցում է ցույցերի, ակցիաների։ Այս պահին խնդիրը Սերժ Սարգսյանի անձն է։ Նա չի կարող լինել պետության ղեկավար, որովհետեւ ստախոս է, հանրության առջեւ պարբերաբար սուտ է խոսել։ Իսկ դա նշանակում է, որ նրա հետ ոչ ոք չի կարող խոսել եւ որեւէ բան պայմանավորվել։ Դա վերաբերում է թե՛ արտաքին ուժերին, պետություններին, թե՛ երկրի ներքին կյանքին։ Սերժ Սարգսյանի հեռացումը լուրջ խոսակցություն կարող է բացել արդեն նրա հեռանալուց հետո՝ ինչ համակարգ պետք է կառուցվի, ինչը պետք է փոխվի, անցյալի գնահատականը պետք է տրվի։ Առաջանում են լուրջ խնդիրներ, որոնք հանրային քննարկման առարկա են։ Իսկ դրանից հետո պետք է սկսվեն բանակցություններ Հայաստանում գործող քաղաքական ուժերի եւ հանրային դեմքերի միջեւ, թե ինչ լուծումներ կարող են լինել։ Սա արդեն կլինի հաջորդ կարեւոր հարցը Սերժ Սարգսյանի հեռացումից հետո, որը պետք է քննարկվի։ Այս պահին նման հարցեր չեն կարող քննարկվել, որովհետեւ պետության գլուխը ստախոս է։ Սա է վիճակը։ Սերժ Սարգսյանից հետո Հայաստանում սկսվում է շատ լուրջ, շատ պատասխանատու շրջան»,- ասաց Ստեփան Դանիելյանը։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache