ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԴԱՌՆՈՒՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

0

hraparak.am —  Հայտնի ճշմարտություն է, որ գործող վարչախումբը, որպես օրվա իշխանություն, որեւէ առնչություն չունի ժողովրդից ստացած քվեի հետ, եւ երկու տասնամյակ իշխանությունն ուզուրպացվել է՝ Արցախի հարցը շահարկելով թե՛ դրսում, թե՛ ներսում։

Իհարկե, օգտագործվել են նաեւ բազմաթիվ տեխնիկական հնարքներ, օրինակ՝ Ս. Սարգսյանը, 1995 թվականից լինելով ՆԳ, այնուհետեւ՝ ՆԳ եւ ԱԱ նախարար, իր պաշտոնական դիրքն ու լծակներն օգտագործել է քաղաքական ու պետական գործիչների վրա դոսյեներ հավաքելու, նրանց վերահսկելու ու կառավարելի դարձնելու նպատակով, ինչը եւ հմտորեն իրականացվում էր նրա կողմից, իսկ չկառավարվողները կա՛մ ինքնասպան էին լինում, կա՛մ ինֆարկտ ստանում, եւ նրանց թիվը 1997-99թթ․ հասավ շուրջ երկու տասնյակի։

Արձանագրելով, որ 1998 թ․ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, օգտվելով Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հայրենասիրական մղումներից, մերժելով Լ․ Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակը, իրենց կողմից ներկայացվեց՝ ոչ մի թիզ հող չունենք թշնամուն հանձնելու, իսկ արդեն 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, երբ Սամվել Բաբայանին մեկուսացրին, երկուսով դառնալով իշխանության միակ կրողները, այն պահելու ու շարունակական դարձնելու նպատակով, երկրի ներսում չունենալով որեւէ հենարան, սկսեցին միջազգային հանրության հետ ազատագրված տարածքների առեւտուրը։

Իշխող զույգի կողմից Արցախի հարցում առաջին աններելի քայլը, որ իրականացվեց, այն էր, երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը, ոտնահարելով Սահմանադրությունը, հռչակվեց նախագահ, ինչը միջազգային հանրությունը չնկատելու տվեց, եւ դրա գինն այն էր, որ Արցախը, որպես բանակցող կողմ, դուրս մղվեց, իսկ միջազգային հանրությանն Արցախը մատուցելով որպես վիճելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Արցախի հարցում նրանց որդեգրած ռազմավարությունն ու մարտավարությունը շատ պարզունակ էին, ինչ ներկայացվում էր Մինսկի խմբի կողմից, հիմնականում համաձայնում էին՝ համոզված լինելով, որ Ադրբեջանը մերժելու է։ Դրանով փորձում էին ժամանակ շահել ու դիվիդենտներ ստանալ միջազգային հանրությունից։ Այդ տարբերակով ընդունեցին Մադրիդյան սկզբունքները, ինչն ավելի ուշ շարունակվեց Կազանում, եւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ փորձված աղվեսը զույգ ոտքով է ընկնում թակարդը, Ադրբեջանը չմերժեց առաջարկված տարբերակը, որը հետագայում դարձավ լավրովյան պլան։

Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ նրանք, բազմապատկելով բանակի ֆինանսավորումը, զինվում էին նորագույն զենքերով ու զինտեխնիկայով, պատրաստվում պատերազմի, իսկ վարչախումբը մեր ժողովրդին հանգստացնում էր, թե Ադրբեջանում կոռուպցիան այնքան խորն է, որ բանակին հատկացված միջոցները յուրացվում են, իսկ մեր բանակը միայն բյուջեից չէ, որ սնվում է։ Իրականում ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց վարչախմբի քարոզչական սնանկությունը, սուտն ու կեղծիքը։

Սերժ Սարգսյանի միակ հույսը միջազգային հանրությունն է, որը կստիպի Ադրբեջանին Արցախի հարակից ազատագրված շրջանները հանձնելու դիմաց գնալ որոշակի զիջումների, այդ մասին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հինգ շրջան հանձնելու պատրաստակամություն հայտնեց Սերժ Սարգսյանը, իսկ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահը խոսեց 6,5 շրջան հանձնելու մասին։

Ըստ օրակարգում գտնվող պլանի՝ պետք է հանձնեն Արցախի հարակից ազատագրված տարածքները, բացի Լաչինի միջանցքից, այնուհետեւ, ադրբեջանցի փախստականների վերադառնալուց հետո, Արցախում պետք է հանրաքվեի միջոցով կարգավիճակի հստակեցում լինի, ինչն այլ բան չէ, քան Արցախն ուղղակի հանձնել թշնամուն։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այդ դավաճանական ծրագիրը չի կարող կյանքի կոչել, եւ, որպես նախապայման, ներկայացվեց ազատագրված շրջանները հանձնելու դիմաց Արցախի որոշակի կարգավիճակ, ինչը կրկին մերժում է Ադրբեջանը։

Վերոներկայացված հակահայկական ծրագրերն իրականացնելու համար Սերժ Սարգսյանն անում է իրենից կախված ամեն ինչ, մասնավորապես՝ Արցախյան պատերազմի հերոսներին ու մասնակիցներին շինծու քրեական գործերով ազատազրկում, իսկ ժողովրդի նկատմամբ շարունակվում է որդեգրված քաղաքականությունը՝ զրկել ապրելու հնարավորությունից, պարտադրել արտագաղթի ու աղքատության։

 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է երկու տարի, եւ վարչախմբի կողմից չկա որեւէ հետեւություն, մասնավորապես՝ երբ պատերազմին հաջորդած օրերին հասարակության ճնշման տակ բանակից ազատեցին մի քանի բարձրաստիճան սպաների՝ յուրացումների ու չարաշահումների մեղադրանքներով, այսօր դրանցից մի մասին վերադարձրել են նույն՝ բանակի համակարգ, իսկ քրեական գործի ընթացքի մասին չկա որեւէ տեղեկություն։ Ավելին՝ երբ պատերազմից հետո հասարակությունն արդարացի պահանջում էր գողացած փողերով զինել բանակը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում կուլակաթափություն անել։

Վերջերս Ստոկհոլմի ռազմական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալներով՝ 2016 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը բանակը զինելու վրա ծախսել է 556 միլիոն դոլար, իսկ Հայաստանը՝ 124 միլիոն դոլար, տարբերությունը մոտ 5 անգամ է, ահա սրանց հետեւությունը, շարունակում են անխնա հոշոտել երկրի ընդերքը, եւ այդ գումարները, բանակը զինելու փոխարեն, տեղափոխվում են օֆշորներ։

Սերժ Սարգսյանի կողմից 3-րդ անգամ իշխանությունը բռնազավթելու՝ վարչախմբի քարոզչամեքենայի հիմնավորումներից հիմնականն այսօր Հայաստանի ու Արցախի անվտանգության շահարկումն է, իսկ իրականում Սերժ Սարգսյանը թիվ 1 վտանգն է ներկայացնում Արցախի ու Հայաստանի համար, եւ չպետք է թույլ տալ, որ շարունակի իշխանավարումը, որպեսզի Արցախը թշնամուն հանձնելու սեղանին դրված ծրագիրն օրակարգից դուրս գա, չնայած գերտերություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա հրաժարվել իր վերցրած պարտավորություններից։

Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, գտնվելով սառը պատերազմի մեջ, Արցախի հարցում նույն դիրքորոշումն ունեն եւ այդ իսկ պատճառով շարունակում են Սերժ Սարգսյանին պահել, ինչի վկայությունն էր Միացյալ Նահանգների դեսպանի վերջին հայտարարությունը՝ իշխանությունն ուզուրպացրած վարչախմբին համարելով օրինական ընտրված, վայրկյան անգամ չկասկածելով, որ դեսպանը մեզնից ավելի է տեղեկացված, թե գործող վարչախումբն ինչ ճանապարհով է եկել իշխանության, որը որեւէ աղերս չունի օրինական ընտրության հետ։

Ազգադավ ու պետականակործան ներկա սրընթաց զարգացումը հնարավոր է կասեցնել միմիայն Սերժ Սարգսյանի եւ հանրապետական քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը կանխելու ճանապարհով, որի հնարավորությունը հիմա կա։ Իսկ այն ավելի իրականանալի կլինի, եթե այսօր ակտիվ հրապարակային գործունեություն ծավալող ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները կարողանան համագործակցել՝ ներգրավելով հասարակական ու քաղաքացիական դերակատարում ունեցող անձանց, մտավորականներին, որոնք շատ հաճախ բարձրաձայնում են, թե այլեւս այսպես շարունակել չի կարելի։

Այդ դեպքում ժողովուրդը կգա հրապարակ ու կպայքարի իր երեխաների ապագայի եւ իր հայրենիքի անվտանգության համար։

Մեկ անգամ եւս բարձրաձայնեմ, որ վարչախումբը չի կարողանա ուժ կիրառել, առավել եւս՝ զենքի դիմել, եթե հրապարակում շատ ժողովուրդ լինի համախմբված՝ հզոր կամքով, նպատակին հասնելու ձգտումով, եւ այդ պայքարը, անկասկած, հաջողությամբ կպսակվի։ Եվ թող Աստված օգնական լինի։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

«Ժողովրդա-վարական հայրենիք» կուսակցության նախագահ,

ՀՀՊ ճակատի նախաձեռնող խմբի անդամ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache