Լրահոս

Տարած-ետ բերած Էրդողանին սպառնում է Ասադի ճակատագիրը. Ս. Սաֆարյան

 

asad erdogan

hayeli.am – Թուրքիան գտնվում է ահագնացող ճգնաժամի մեջ, և մեծ է հավանականությունը, որ այնտեղ կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ: Դա վտանգավոր է ողջ տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար, քանի որ նման զարգացումը կնշանակի մեր հարևանությամբ ունենալ այրվող գունդ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ Էրդողանը, եթե անգամ վերադառնա Թուրքիա /Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Էրդողանը երկրում չէ-խմբ./, նա ընկալվելու է տարած-ետ բերած և այլևս երբեք չի ունենա այն հզորությունը, որ ուներ մինչ այդ: Չի կարելի բացառել, որ Էրդողանին սպասվում է Սիրայի նախագահ Ասադի ճակատագիրը:
Hayeli.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ու հնարավոր զարգացումները, նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ թեպետ հայտարարվել է, որ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում կասեցված է, սակայն դա բնավ չի նշանակում, թե Թուրքիայում ճգնաժամը ավարտված է. <<Թուրքիայում ճգնաժամն սկսված էր վաղուց, դեռ այն ժամանակվանից, երբ Էրդողանը թուլացրեց զինվորականների դիրքերը: Էրդողանն ու Դավիթօղլուն այդ գործընթացը անվանեցին զուգահեռ պետության թուլացում: Ժամանակին նրանք այդ արտահայտության տակ հասկանում էին ոչ միայն իրենց զինված ստորաբաժանումներին, այլ նաև Գյուլերի կողմնակիցներին: Պատահական չէ, որ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձը կապել է Գյուլերի շարժման հետ>>,- նշեց Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական բարեփոխումների շեմին գտնվող Թուրքիայում հեղափոխական զարգացումները միանգամայն սպասելի էին, քանի որ Էրդողանը նոր սահմանադրությամբ մտադիր է վերջնականապես արմատախիլ անել ժողովրդավարության ծիլերը և հաստատել միահեծան նախագահական ռեժիմ: Ստյոպա Սաֆարյանը այս պահին դժվարանում է հստակ նշել, թո ով կամ որ ուժերն են կանգնած ռազմական հեղաշրջման հետևում: Նրա խոսքով՝ կարելի է դիտարկել մի քանի վարկած՝ քրդական գործոնը, սիրիական ճգնաժամով պայմանավորված՝ Արևմուտքի դժգոհությունը Թուրքիայից, Գլուլերի շարժումը, իսլամիստ ծայրահեղականների գործոնը, արտաքին և ներքին այլ գործոններ. <<Ամեն դեպքում և՛ ներքին, և՛ արտաքին բավականաչափ դրդապատճառներ կային, որոնք կարող էին հանգեցնել հեղափոխության: Հավանաբար ժամանակը ցույց կտա, թե վարկածներից որն է իրական, թեպետ նշված բոլոր գործոններն էլ իրենց չափով ունեցել են որոշակի ազդցեցություն առկա իրավիճակի նախապատրաստման համար: Մի բան պարզ է՝ ծափահարողները բավականին շատ են, և դա Էրդողանի վարած քաղաքականության հետևանքն է: Եթե անգամ ընդունենք, որ հեղափոխությունը ճնշված է, միևնույնն է, դժգոհության հսկա պաշարը դեռևս կա դրա շարունակությունը ճգնաժամն է: Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, դա Էրդողանի տապալումն է: Նա հիմա փախուստի դիմած նախագահ է, և միֆը, թե նա հզոր նախագահ էր, այլևս չկա>>: Սաֆարյանի խոսքով՝ սիրիական վիրուսը վախեցնում է բոլորին, Թուրքիան էլ դրանից ապահովագրված չէ, իսկ էրդողանին կարող է սպառնալ Ասադի ճակատագիրը:
Դիտարկմանը, թե կա վարկած, որ հեղափոխության փորձը կազմակերպված եղել է հենց էրդողանի կողմից, Ստյոպա Սաֆարյանին իրական չի թվում. << Ես բացառում եմ այդ վարկածը: Եթ ինքը բեմադրած լիներ այդ իմիտացիան, կարծում եմ՝ չէր փախչի երկրից, այլ կմնար և կճնշեր, որպեսզի ճանաչվեր հերոս: Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայում կա անվտանգության վակուում, և դա հղի է վտանգավոր զարգացումներով ողջ տարածարջանի, այդ թվում նաև մեզ համար: Անկայուն հարևան ունենալը միշտ վտանգավոր է, հղի անկանխատեսելի զարգացումներով>>,- իր խոսքը եզրափակեց Սաֆարյանը:

Կարինե Սարիբեկյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am