Լրահոս

Տարածքների հարցով «անակնկալները» դեռ առջևո՞ւմ են

 

sdvfzdszcscs

hayeli.am — Երեկ, Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը…

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա», -ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին:

Ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը` օրակարգային մի շարք խնդիրների թվում Էրդողանը անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին ու քննադատել հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբին: Նա խոսել է Թուրքիա – Ռուսաստան – Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու գաղափարի մասին, որին, ըստ նրա, հավանություն են տվել և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմը: Թուրքիայի նախագահի խոսքերով` այս ձևաչափով համագործակցության նպատակն է մոտիկից հետևել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը անարդյունավետ է` Էրդողանը կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիան ընդգրկված լիներ այդ խմբում, ապա հակամարտության կարգավորման գործընթացը կարող էր այլ արդյունքի հանգել: «Արդեն 23-24 տարի է անցել, սակայն Մինսկի խմբի անդամ երկրները խնդիրը չեն լուծել, կամ չեն ցանկացել լուծել: Իհարկե, այստեղ խոսք է գնում օկուպացիայի մասին և բոլորը ընդունում են դա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ խնդիրը չի հանգուցալուծվում: Սակայն հիմա որոշակի զարգացումներ կան: Պարոն Պուտինը այս հարցով զբաղվում է, պարոն Ալիևը ևս այդ մասին ինձ պատմեց: Իմ ցանկությունն է, որպեսզի այն հինգ շրջանները, որոնց մասին ավելի վաղ խոսվել է, ազատվեն, այդ պարագայում, կարծում եմ, կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց կգրանցվի», – ասել է Էրդողանը: Խոսելով պետերբուրգյան այցի արդյունքների մասին` Թուրքիայի նախագահը կարևորել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը` ընդգծելով երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների հարաբերություններում ավելի քան ութ ամիս տևած ճգնաժամից հետո: Թուրքական մամուլը Պուտին – Էրդողան հանդիպումը պատմական է որակում` գրելով, թե ռուս-թուրքական մերձեցումը վախեցնում է Արևմուտքին:

Ինչպես երևում է Էրդողանը, Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ Ղարաբաղյան կարգավորման թեման թեժ պահել` համանախագահների գործունեությունն անիմաստ որակելով և առաջ մղելով եռյակի` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «ջանքերը» Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ:

Պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բանակցում են Ռուսաստանի հետ` որպես Հայաստանը ներկայացնողի հետ, ավելի ճիշտ Հայաստանի փոխարեն որոշումներ ընդունողի:

Զարմանալին այն է, որ մինչ այժմ Հայաստանի իշխանություններից չի հնչել հարց, թե ում է ներկայացնում Պուտինը Ղարաբաղի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելիս, ո՞վ է նման լիազորություն տվել Մոսկվային և ինչու՞ ենք թուրք իշխանավորների հայտարարություններից տեղեկանում այս եռակողմ բանակցությունների մասին:

Առաջիկայում էլ ի՞նչ անակնկալներ կարող ենք իմանալ Թուրքիայի իշխանություններից եռակողմ բանակցությունների ընթացքի մասին` Ղարաբաղի հարցում…

Մետաքսյա Շալունց

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing