Տարոն Մարգարյանը դուրս եկավ պայքարից

346

1in.am — Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել, որը, սակայն, չի հրապարակվել մի քանի հարցերի պարզաբանման համար:

Այն, որ քաղաքապետի հրաժարականի դիմումի հարցը ժամանակի խնդիր է՝ պարզ դարձավ համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ պատկերված էր Տարոն Մարգարյանի ունեցվածքը՝ գրանցված իր և հարազատների ու ընկերների անունով: Միաժամանակ դա էլ իր հերթին Հայաստանում նոր իրավիճակի տրամաբանության մի օղակ էր ընդհանրապես:

Ե՞րբ կհրապարակվի Մարգարյանի հրաժարականը՝ այսօր էլ ժամանակի հարց է, տվյալ դեպքում, սակայն, հարցն անշուշտ ունի նաև քաղաքական ենթատեքստ, և այստեղ նաև ՀՀԿ-ում Մարգարյանի պարտությունն է:

Տարոն Մարգարյանը հավակնում էր Սերժ Սարգսյանից հետո ղեկավարել ՀՀԿ-ն: Ըստ որում, այստեղ նույնիսկ կարող էր լինել իրավիճակ, երբ Մարգարյանը մի շարք գործոնների բերումով կարող էր «վերածնել» ՀՀԿ-ն՝ այդ թվում նաև հոր՝ ՀՀԿ նախկին նախագահ, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի հանգամանքը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով իր որոշակի վարկանիշը, որ կուտակել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում: Սակայն երբ համացանցում հայտնվեց նրա նյութական կուտակածը կամ ժառանգությունը, ապա այստեղ արդեն ակնհայտ է, որ բարոյահոգեբանական «կուտակածն» ու «ժառանգությունը» այլևս դադարում են կենսունակ լինել, և Տարոն Մարգարյանը նույնիսկ քաղաքապետի պաշտոնից դուրս չեկած, ըստ էության, դուրս է գալիս ՀՀԿ ղեկավարի համար մրցապայքարից:

Այդպիսով, այդ մրցապայքարից դուրս է գալիս արդեն երկրորդ հավակնորդը: Մյուսը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր, որը հրաժարվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և առաջիկայում հավանաբար դուրս կգա նաև կուսակցությունից: Այդպիսով, ՀՀԿ նոր ղեկավարի համար պայքարում Սերժ Սարգսյանի թեկնածուն ազատվում է երկու առանցքային մրցակիցներից՝ Կարեն Կարապետյանից ու Տարոն Մարգարյանից:

Հետաքրքիր է՝ նրա՞նց էլ կմիավորի այդքանը, թե՞ Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը դարձյալ կարող են հայտնվել մեկ ցուցակում, ինչպես 2009 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանը, երբ Գագիկ Բեգլարյանից հետո այդ պաշտոնը ժառանգեց Կարեն Կարապետյանը, իսկ նրանից հետո՝ Տարոն Մարգարյանը, թե՞ 2009 թվականի ցուցակը առաջինն ու վերջինն էր, որտեղ Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը իրար հետ էին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache