Տարոն Մարգարյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի նոր հարվածներին

0

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երկիր Ծիրանիի գրոհից հետո անցել է աշխույժ ինքնապաշտպանության: Մարգարյանը պատրաստվում է նորանոր հարվածների, դատելով քայլերից, որ նա ձեռնարկում է Երեւանի Ավագանու նիստերի լուսաբանումը սահմանափակելու ուղղությամբ: Մարգարյանը արգելափակում է նիստերի դահլիճում լրագրողների ներկայության հնարավորությունը, սահմանելով, որ նրանք նիստերի ընթացքին կհետեւեն համացանցով՝ այլ տեղից, բայց դահլիճում չեն լինի:

Պարզ է, թե ինչն է այդ ամենի իմաստը՝ անհրաժեշտ պահին անջատել նիստերի հեռարձակումը, ու քանի որ դահլիճում չի լինի լրագրող, հանրությունը չի ունենա կադրեր, թե ինչ է կատարվում այնտեղ:Իհարկե այդ դեպքում թերեւս կարիք կլինի որոշում կայացնել, որ պետք է նիստերի բոլոր մասնակիցները դրսում թողնեն նաեւ իրենց բջջային հեռախոսները, որովհետեւ, ասենք ԵԼՔ խմբակցությունից որեւէ մեկը կարող է հանգիստ նկարել, եթե տեղի ունենա որեւէ բան, ինչը հետո կհայտնվի համացանցում:

Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը կամ պետք է պայմանավորվի ԵԼՔ-ի հետ, կամ որոշի, որ նիստերի դահլիճում արգելվում է նաեւ բջջային հեռախոսների առկայությունը:Թերեւս ավելի ապահով է երկրորդը, որովհետեւ բուն խնդիրը կարող է լինել նույնիսկ ոչ թե ԵԼՔ-ը, այլ հենց սեփական խմբակցությունը: Վերջին հաշվով, Տարոն Մարգարյանը ներկայիս վիճակում հայտնվել է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության, ավելի շուտ կոնկրետ Սերժ Սարգսյանի պատճառով, այսպես ասած «հանցավոր անգործության»: Բանն այն է, որ Սարգսյանը չարեց ոչինչ, որ Երեւանի Ավագանու ընտրությանը մասնակցի որեւէ մի չորրորդ ուժ եւ անցնի Ավագանի, որպեսզի Երկիր Ծիրանի նորաստեղծ կուսակցությունը ինքնաբերաբար չանցնի եւ դժոխքի չվերածի Տարոն Մարգարյանի կյանքը:

Սերժ Սարգսյանը չէ՞ր սպասում, որ կլինի դժոխք, նա թերագնահատե՞լ էր Երկիր Ծիրանիի առաջնորդ Փոստանջյանին: Իսկ մի՞թե հնարավոր է միամտանալ այդքան, կարծելու համար, որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին թերագնահատում է, այն էլ Զարուհի Փոստանջյանին, որն ամենեւին «նոր աստղ» չէր Հայաստանի քաղաքական երկնակամարում:Երկիր Ծիրանիի մուտքն Ավագանի, ըստ այդմ Տարոն Մարգարյանի դժոխային կյանքն Ավագանում ապահովել է Սերժ Սարգսյանը, ու եթե որեւէ մեկի կասկածում է դրանում, ապա այդ մեկը հաստատ Տարոն Մարգարյանը չէ: Ու Մարգարյանը թերեւս չի էլ կասկածում, որ Սարգսյանը գործնականում նույն այդ տրամաբանությամբ է կազմավորել կամ հաստատել Երեւանի Ավագանու ՀՀԿ խմբակցության ցանկը:

Դա ամենեւին Տարոն Մարգարյանի խմբակցությունը չէ, դա Սերժ Սարգսյանի խմբակցությունն է, որն անհրաժեշտ պահին «օգնության» կհասնի Երկիր Ծիրանիին:Մարգարյանը նաեւ լավ է պատկերացնում, թե ինչն է խնդիրը: Խնդիրն անկասկած նրա հանդեպ Սարգսյանի անձնական անվստահությունը կամ հակակրանքը չէ, այլ պարզապես ներիշխանական ներկայիս վիճակը, համակարգային վերափոխման ու վերադասավորման խնդիրներն ու նոր իշխանության ձեւավորման լայն հարցը: Իշխանությունը ներկայում այդ խոշոր տրանսֆորմացիայի անցումային, միջանկյալ փուլում է, եւ Սերժ Սարգսյանն այդ փուլում չունենալով կենտրոնաձիգ իշխանության բավարար ֆինանսական ռեսուրս, պետք է ձգտի իշխանության տարատեսակ մասշտաբի թեւերը վերահսկելու այլընտրանքային ռեսուրսների ձեռքբերման:

Ավագանում ստեղծված վիճակը, այդ իմաստով, դրա դրսեւորումներից մեկն է, որովհետեւ Տարոն Մարգարյանն էլ դարձել է իշխանության հավակնոտ թեւերից մեկը, որը մի կողմից դեռեւս անհրաժեշտ ռեսուրս է Սարգսյանի համար, մյուս կողմից, դրանով հանդերձ՝ նաեւ վերահսկման կարիք ունեցող ռեսուրս:Տարոն Մարգարյանը գործնականում պատրաստվում է Սերժ Սարգսյանի նոր անակնկալներին ու հարվածներին: Պարզապես բջջայինների հարց նա դեռեւս լուծել չի կարող, փաստարկ չունի: Լրագրողների հարցում փաստարկ տվել է Սերժ Սարգսյանը՝ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությամբ: Տարոն Մարգարյանը որոշել է Սարգսյանի հետ «կռվել» կամ գոնե պաշտպանվել նրա իսկ զենքով, փակելով Ավագանու դռները լրագրողների առաջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache