Լրահոս

Տարոն Մարգարյանը ռիսկային քայլի է գնում, բայց ձեռբերումը մեծ է լինելու

 

Երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և իր թիմը սկսեցին խոսել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման մասին, որոշակի խմբեր սկսեցին քննադատորեն մոտենալ այդ խնդրին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննադատողները նկատում էին միայն այն թանկացումը, որը իր հետ բերելու էր հասարակական տրանսպորտային համակարգի թարմացումը:

Օբյեկտիվորեն պետք է նկատել, որ այդ քննադատությունները հիմնականում քաղաքականացված էին և տնտեսական լուրջ հաշվարկներ իրենց մեջ չէին պարունակում: Քննադատները նաև պատկերացում չունեին այն երկրների հասարակական տրանսպորտի մասին, որոնց մասին խոսում էին: Որպեսզի հասարակական տրանսպորտը լինի հարմարավետ, անհրաժեշտ է, որպեսզի ներդրումներ կատարվեն, իսկ ոչ շահութաբեր բիզնեսում որևէ խելամիտ մարդ ներդրում չի կատարի: Իհարկե, այսօր երևանցիներին սպասարկող ընկերությունները ստանում են շահույթ, սակայն դա միայն ի հաշիվ որակի, իսկ որակի բարձրացման դեպքում անհնար է 100 դրամ սակագնի պայմաններում շահույթ ստանալ:

Հասկանալու համար, թե որն է Երևանի քաղաքային տրանսպորտի վատ որակի պատճառը և ինչու հնարավոր չէ այս պայմաններում այլ որակ ապահովել, անհրաժեշտ է ուսումնասիրել մի քանի երկրների մայրաքաղաքների հասարակական տրանսպորտի վիճակը: Politik.am-ը կատարել է որոշակի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ արժե լավ տրանսպորտային համակարգը:

Մենք ուսումնասիրել ենք եվրոպական մի քանի երկրների մայրաքաղաքների հասարակական տրանսպորտային համակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքաների հասարակական տրանսպորտային համակարգերը: Այս ուսումնասիրությունը մեզ թույլ կտա հասկանալ, թե Երևանը որ ուղղությամբ պետք է առաջ գնա:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հասարակական տրանսպորտը չի կարելի համարել մատչելիներից: Բեռլինում կարճ տարածությունների վրա գործող հասարակական տրանսպորտի մեկ տոմսն արժե 1,2 եվրո (621 դրամ), ամբողջ օրվա համար 5,6 եվրո (2900 դրամ), իսկ մեկ շաբաթվա համար 30 (15 540 դրամ) եվրո (ներառյալ ծայրամասեր):

Գրեթե նմանատիպ գնային քաղաքականություն է առկա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այստեղ հասարակական տրանսպորտի մեկ տոմսի նվազագույն արժեքն է 2, 5 եվրո (1295 դրամ) և առավելագույնը 12 ժամվա համար՝ 5 եվրո (2590 դրամ):

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հասարակական տրանսպորտը ևս թանկ հաճույք է: Չնայած Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հասարակական տրասնպորտն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, սակայն մեկ տոմսի արժեքը բավական բարձր է: Վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտի մեկ տոմսը արժե 35 ռուսական ռուբլի կամ 250 ՀՀ դրամ: Պետք է նկատել նաև որ Մոսկվայում A կետից B հասնելու համար անհրաժեշտ է նվազագույնը օգտվել երկու տրանսպորտային միջոցից, քանի որ երթուղիները քաղաքում բավական կարճ են:
ԵԱՏՄ անդամ Ղազախստանում հասարակական տրանսպորտը այդքան էլ թանկ չէ, սակայն այս դեպքում այն աչքի չի ընկնում իր որակական հատկանիշներով: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկ դեղին տոմսի արժեքը, որը նախատեսված է հատուկ խմբերի համար արժե 80 տենգե կամ 122 դրամ, իսկ սովորական տոմսը արժե 100 տենգե կամ 152 դրամ: Պետք է նկատել, որ Ղազախստանում հասարակական տրանսպորտը լավ վիճակում չէ և համեմատելի է Երևանի հասարակական տրանսպորտի ներկա վիճակի հետ:

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտային ցանցի անմխիթար վիճակի մասին շատ անգամներ են խոսել երևանցիները, սակայն այս խնդրին լրջորեն չի անդրադարձել և ոչ մի քաղաքապետ: Չեն անդրադարձել, քանի որ հասկացել են այն ծանր բեռը, որը կառաջանա, եթե փորձեն բարելավել տրանսպորտային համակարգը:
Առաջին անգամ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի համակարգային բարելավման մասին բարձրաձայնում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի գործողություններից իսկապես երևում է, որ նա ունի տեսլական, իսկ այդ տեսլականը իրատեսական է, և արդեն իսկ հայտնվել են շահագրգիռ կողմեր, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել քաղաքամայր Երևանին, որպեսզի տրանսպորտային միասնական նոր համակարգ ստեղծվի:

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին այս հարցում անհրաժեշտ է խորհրդատվություն, որն իրականացնելու է բրիտանական ՎԻ ԱՅ ՋԻ կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը՝ 850 հազար ԱՄՆ դոլար է: Ծրագիրը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը:

Երևան քաղաքի տրանսպորտային միասնական նոր համակարգ ստեղծելու համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ կլինի մի քանի տասնյակ միլիոն դոլար: Եվ կարևոր է, որ այսօր քաղաքային իշխանությունները խելամիտ կառավարման շնորհիվ ունեն հնարավորություն՝ նման ներդրումներ ապահովելու և ծրագիրը կյանքի կոչելու համար:

Տրանսպորտային նոր միասնական համակարգի ստեղծումից հետո Երևանի հասարակական տրանսպորտն իր որակական հատկանիշներով հավասարազոր է լինելու եվրոպական լավագույն քաղաքների տրանսպորտային համակարգերին ու միևնույն ժամանակ լինելու է մի քանի անգամ մատչելի:

Ինչ խոսք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա թիմի քայլը ռիսկային է, քանի որ սկզբնական շրջանում կհայտնվեն պոպուլիստներ, որոնք կփորձեն փնովել այս նախագիծը, սակայն այդ մոտեցման պատճառով Երևանը և երևանցիները չպետք է զրկվեն արժանապատիվ երթևեկելու հնարավորությունից: Սա ծրագիր է, որի հաջող իրականացման շնորհիվ գործող քաղաքապետը կմնա պատմության էջերում՝ որպես բարեփոխիչ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing